Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի ժամկետի լրանալուց ժամեր առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ միակողմանիորեն երկարաձգում է Իրանի հետ հրադադարը՝ հետագա խաղաղ բանակցությունները հնարավոր դարձնելու համար, բայց նշել է, որ իրանական նավահանգիստների շրջափակումը, կմնա ուժի մեջ։
«Հաշվի առնելով այն փաստը, որ Իրանի կառավարությունը լրջորեն պառակտված է, ինչը անսպասելի չէր, ինչպես նաև ֆելդմարշալ Ասիմ Մունիրի և վարչապետ Շահբազ Շարիֆի խնդրանքները՝ մեզ խնդրել են հետաձգել Իրանի դեմ մեր հարձակումը, մինչև նրանց առաջնորդներն ու ներկայացուցիչները կկարողանան միասնական առաջարկ ներկայացնել», - նախօրեին գրել է Թրամփը։
Սպիտակ տան առաջնորդն առանց ժամկետներ նշելու՝ հավելել է, որ «կերկարաձգի հրադադարը, մինչև Իրանի առաջարկը ներկայացվի.
«Ես հրահանգել եմ մեր զինվորականներին շարունակել շրջափակումը և լինել պատրաստ և մարտական պատրաստվածության վիճակում մնացած բոլոր առումներով, և ես կերկարաձգեմ հրադադարը մինչև նրանց առաջարկի ներկայացումը և բանակցությունների ավարտը՝ այս կամ այն կերպ»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը:
Հստակ չէ՝ Իրանը նույնպես երկարաձգո՞ւմ է հրադադարը։
«Թասնիմ» լրատվական գործակալությունը հայտնել է, որ Իրանը չի խնդրել հրադադարի երկարաձգում:
Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի խորհրդականը հրադադարի երկարաձգումը «անակնկալ հարձակման համար ժամանակ շահելու հնարք» է անվանել՝ շեշտելով, որ Իրանը պետք է նախաձեռնությունն իր ձեռքը վերցնի՝ առանց հստակեցնելու, թե ինչ նկատի ունի։
Խորհրդականը նաև նշել է, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի նավահանգիստների ներկայիս շրջափակումը «ոչնչով չի տարբերվում ռմբակոծությունից և պետք է ռազմական պատասխան ստանա»։
Ավելի վաղ նախագահ Թրամփը հայտարարել էր, որ դեմ է հրադադարի երկարաձգմանը։
«Ես չեմ ցանկանում երկարաձգել Իրանի հետ կնքված հրադադարի գործողության ժամկետը,- ապրիլի 21-ին CNBC հեռուստաընկերության եթերում ասել էր նա, - Մենք այդքան ժամանակ չունենք»:
Անորոշ է նաև բանակցությունների հեռանկարը: Չնայած երեկ հաղորդվում էր, որ ԱՄՆ փոխնախագահն այսօր կժամանի Իսլամաբադ՝ բանակցելու, Սպիտակ տունը, սակայն, այսօր հաստատել է, որ Ջեյ Դի Վենսի այցը չեղարկվել է:
ԱՄՆ-ն և Իսրայելը պատերազմ սկսեցին փետրվարի 28-ին՝ Իրանի վրա օդային հարձակումներով։ Հակամարտությունն արագ տարածվեց Պարսից ծոցի այն երկրներում, որտեղ տեղակայված են ԱՄՆ ռազմական բազաներ, և Լիբանանում, որը ներգրավվեց տարածաշրջանային պատերազմում մարտի 2-ին, երբ «Հեզբոլա»-ն իր աջակցությունը հայտնեց Իրանին։