Մատչելիության հղումներ

Թրամփն սպառնում է, Թեհրանն՝ արձագանքում՝ նախատեսված բանակցությունների ֆոնին

Լրացված
Պակիստանում պատրաստվում են ամերիկա-իրանական բանակցություններին
Պակիստանում պատրաստվում են ամերիկա-իրանական բանակցություններին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի ցանկանում երկարաձգել հրադադարը և ակնկալում է «հիանալի գործարք» կնքել Իրանի հետ պատերազմն ավարտելու շուրջ:

Երկշաբաթյա հրադադարի ժամկետի լրանալուց մեկ օր առաջ CNBC-ին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահը պնդել է՝ Վաշինգտոնը բանակցային ամուր դիրքերում է և ի վերջո կհասնի գործարքի: Թրամփը նաև զգուշացրել է՝ ԱՄՆ-ն պատրաստ է վերսկսել ռազմական գործողությունները, եթե Իրանը գործարքի չգնա:

«Ակնկալում եմ ռմբակոծություն, քանզի կարծում եմ, որ դա ճիշտ վերաբերմունք է։ Բայց մենք պատրաստ ենք։ Այսինքն՝ զինվորականները վճռականորեն տրամադրված են գործելու», - ասել է նա:

Մինչ այդ էլ նա սոցցանցում Իրանին մեղադրել էր հրադադարը բազմիցս խախտելու համար:

ԱՄՆ նախագահն այս հայտարարություններն արել է Իրանի հետ վաղը Պակիստանում հնարավոր բանակցություններից առաջ, որոնց, սակայն, Իրանն իր մասնակցությունը չի հաստատել: Իրանական պետական հեռուստաընկերությունը հայտնել է, որ մինչ այս պահը Իրանից ոչ մի պատվիրակություն չի մեկնել Իսլամաբադ: Ըստ արևմտյան մամուլի՝ ԱՄՆ փոխնախագահը Պակիստան է մեկնում այսօր և Իսլամաբադ կժամանի վաղը:

Մինչ այդ Իրանի խորհրդարանի խոսնակը հայտարարել էր, որ Թրամփը չի կարող Իրանին որևէ բան պարտադրել: Ըստ Մոհամմեդ Բաղեր Ղալիբաֆի՝ նրան այդ հարցում չեն օգնի ո՛չ իրանական նավահանգիստների շրջափակումը, ո՛չ էլ հրադադարի խախտումները: ԱՄՆ-ն պարզապես փորձում է արդարացնել պատերազմի վերսկսումը, սակայն Իրանը պատրաստ է ցանկացած սցենարի, սոցցանցում գրել է նա:

«Մեզ համար անընդունելի է սպառնալիքների ստվերի տակ բանակցություններ վարելը, և վերջին երկու շաբաթների ընթացքում մենք պատրաստվել ենք մարտի դաշտում նոր խաղաքարտեր բացահայտել», - նշել է նա։

Իրանի զինված ուժերն, իր հերթին, հայտարարել է, որ պատրաստ է «անհապաղ և վճռական պատասխան» տալ ցանկացած նոր հարձակման: Ըստ Fars գործակալության՝ գեներալ Ալի Աբդոլլահի Ալիաբադին հայտարարել է, որ Իրանն Իսրայելին և ԱՄՆ-ին «հուսահատության և ուժասպառության է հասցրել: Եվ արդյունքում, ըստ գեներալի, նրանք «հուսահատորեն հրադադար են խնդրում»։

Այս ընթացքում Իրանը դեռ փակ է պահում Հորմուզի նեղուցը, որտեղով անցնում է աշխարհում սպառվող նավթի մոտ 20 տոկոսը: ԱՄՆ-ն, իր հերթին, շրջափակման մեջ է պահում իրանական նավահանգիստները: Պենտագոնը հայտարարել է, որ գիշերը Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում պատժամիջոցների տակ գտնվող տանկեր են առգրավել: Գործողությունն իրականացվել է Իրանին աջակցող «անօրինական ցանցերը խափանելու» ջանքերի շրջանակում։

Իսպանիան, Սլովենիան և Իռլանդիան դիմել են ԵՄ՝ կասեցնելու Իսրայելի հետ Ասոցացման համաձայնագիրը

Ու մինչ պարզ չէ, թե արդյոք վաղը Պակիստանում բանակցություններ տեղի կունենան, Իսպանիան, Սլովենիան և Իռլանդիան դիմել են ԵՄ, որպեսզի կասեցվի Իսրայելի հետ Ասոցացման համաձայնագիրը՝ Գազայում, Արևմտյան ափում և Լիբանանում մարդու իրավունքների խախտումների համար:

Իսպանիայի արտգործնախարարն ասել է, որ ԵՄ-ն, ըստ դաշինքի կանոնադրության, Իսրայելի հետ հարաբերություններ կարող է ունենալ միայն մարդու իրավունքների հարգանքի հիման վրա։ Բելգիայի արտգործնախարարն էլ ասել է, որ Իսրայելի վարքագիծը դատապարտելի է:

«Իհարկե, «Հեզբոլա»-ի սկզբնական հարձակումները պետք է խստորեն դատապարտվեն, քանզի Իրանին համերաշխություն ցուցաբերելու ձգտմամբ այն Լիբանանին ներքաշել է մի պատերազմի մեջ, որը նրանք չէին ուզում: Իսրայելի անհամաչափ արձագանքը խորապես խնդրահարույց է և դատապարտելի», - նշել է Մաքսիմ Պրևոն:

«Հեզբոլա»-ի դեմ պայքարը կշարունակվի. Նեթանյահու

Չնայած Լիբանանում ևս հրադադար է հաստատված, Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ «Հեզբոլա»-ի դեմ պայքարը կշարունակվի: Բենյամին Նեթանյահուն նաև նշել է, որ Իրանի միջուկային կարողությունները ոչնչացված են, և այն այլևս միջուկային սպառնալիք չի ներկայացնում:

«Մենք վերացրել ենք այս անմիջական սպառնալիքը և կշարունակենք պայքարել մեր ողջ ուժով ահաբեկչական պետությունների դեմ և, իհարկե, նաև այն ահաբեկիչների դեմ, որոնք դիտավորյալ թիրախավորում են անմեղ քաղաքացիներին», - նշել է նա։

Պաշտպանության նախարարն, իր հերթին, հայտարարել է, որ Իսրայելը կշարունակի գործողությունները երկրի հարավում: Նպատակը, ըստ Իսրայել Կացի, իսրայելական զորքին պաշտպանելն է և «Հեզբոլա»-ից եկող սպառնալիքը նվազեցնելը։ Կացը նաև ասել է, թե Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված շարժման առաջնորդ Նաիմ Քասեմը «սեփական գլխով» է վճարելու առ այսօր պատճառված վնասի համար:

Առնչվող թեմաներ
XS
SM
MD
LG