ԱՄՆ-ն սկսում է Հորմուզն ականազերծելու գործընթաց

Բեռնանավեր Հորմուզի նեղուցի մատույցներում, մարտ, 2026թ.

Միացյալ Նահանգները սկսում է Հորմուզի նեղուցն ականազերծելու գործընթացը, հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը և ընդգծել, որ սա «լավություն է աշխարհի շատուշատ երկրների համար»՝ առանձնացնելով Չինաստանին, Ճապոնիային, Հարավային Կորեային, Ֆրանսիային և Գերմանիային։

Ամերիկյան ուժերը «սկսել են պայմաններ ապահովել, որպեսզի նեղուցն ականազերծվի», իր հերթին տեղեկացրել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարության (CENTCOM) հրամանատար Բրեդ Քուփերը։

Հրամանատարությունից հաղորդում են, որ ամերիկյան երկու ռազմանավ այս նպատակով գործողություններ է իրականացնում Հորմուզում։ Առաջիկա օրերին ռազմանավերը կհամալրվեն լրացուցիչ տեխնիկայով, այդ թվում՝ ստորջրյա դրոններով։

The New York Times-ն էլ, հղում անելով իր աղբյուրներին, նախօրեին գրել է, որ Իրանն ի վիճակի չէ հայտնաբերել և հեռացնել պատերազմի ժամանակահատվածում Հորմուզի նեղուցում տեղադրած ականները։

Թեհրանից չեն մեկնաբանում արևմտյան մամուլում տարածված տեղեկությունը, սակայն Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին օրեր առաջ ընդգծել էր, որ Իրանը ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցի «կառավարումը կտեղափոխի նոր փուլ»։

Պատերազմից առաջ Հորմուզի նեղուցով անցնում էր աշխարհում սպառվող նավթի և նավթամթերքի մոտ 20 տոկոսը։ Փետրվարի 28-ին Իրանի դեմ ամերիկա-իսրայելական համատեղ պատերազմի մեկնարկից հետո Թեհրանը փաստացի շրջափակել էր ջրուղին։ Երկշաբաթյա հրադադարի հաստատումից հետո նավագնացությունը ջրուղով իրականացվում է սահմանափակված քանակով։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ինչպե՞ս է Իրանի կողմից Հորմուզի նեղուցի շրջափակումը խաթարում համաշխարհային առևտուրը՝ նավթից և գազից անդին

Փխրուն հրադադարի ֆոնին Իսլամաբադում ԱՄՆ-Իրան բանակցությունները հստակ արդյունքի չեն հանգեցրել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Ինքնուրույն ապաշրջափակեք Հորմուզը». Թրամփը՝ դաշնակիցներինԹեհրանն ու Վաշինգտոնը հրադադար հայտարարեցին. իսկ ինչ սպասել հետո