ԱՄՆ-ն ու Իրանը համաձայնել են հիմնական սկզբունքների շուրջ, որոնցով պետք է առաջնորդվեն. Արաղչի

Ժնև, Շվեյցարիա, փետրվարի 17, 2026թ.

Միացյալ Նահանգներն ու Իրանն այսօր Ժնևում Օմանի գլխավոր հյուպատոսությունում մոտ չորս ժամ անուղղակի բանակցություններ են վարել՝ լուծելու Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ տասնամյակներ շարունակվող վեճը և կանխելու հնարավոր պատերազմը:

Բանակցություններից հետո Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ կողմերը համաձայնել են այն հիմնական սկզբունքների շուրջ, որոնցով պետք է առաջնորդվեն, սակայն դեռ շատ բան կա անելու: Աբբաս Արաղչին իրանական լրատվամիջոցներին ասել է, որ առաջընթացը չի նշանակում, որ համաձայնագիրը շուտով կկնքվի: Գործընթացը, այդուհանդերձ, սկսվել է, ասել է նա:

Իրանի արտգործնախարարության խոսնակն էլ հայտնել է, որ քննարկումների երկրորդ փուլը հիմնականում կենտրոնացել է տեխնիկական կողմերի վրա։ Օմանի արտգործնախարարը շփումներ է ունեցել բոլոր կողմերի հետ, որոնց ժամանակ նրանք միջնորդ կողմին են փոխանցել իրենց տեսակետները, ասել է Էսմայիլ Բաղային:

«Մեր տեսակետները, նկատառումները և մտահոգությունները ներկայացվել են մյուս կողմին՝ թե՛ պատժամիջոցների վերացման, թե՛ միջուկային ծրագրի վերաբերյալ», - ասել է նա։

Բաղային կրկնել է՝ Իրանի դեմ պատժամիջոցների վերացումը միջուկային հարցի շուրջ ցանկացած համաձայնագրի անբաժանելի մասն է: Նա ընդգծել է, որ իրանական պատվիրակությունը պատրաստ է Ժնևում մնալ այնքան, որքան անհրաժեշտ է համաձայնության գալու համար:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրան–ԱՄՆ բանակցություններից առաջ Ժնևում հանդիպել են Աբբաս Արաղչին և Ռաֆայել Գրոսին
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ զինված ուժերը նախապատրաստվում են Իրանի դեմ հավանաբար երկարատև գործողությունների. Reuters

Խամենեին զգուշացրել է՝ Իրանում իշխանությունը տապալելու ԱՄՆ բոլոր փորձերը կձախողվեն


Մինչ ԱՄՆ նախագահի բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը, Ջարեդ Քուշները և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին անուղղակի բանակցություններ էին վարում Շվեյցարիայում, Իրանի հոգևոր առաջնորդը Դոնալդ Թրամփին զգուշացրել է՝ երկրում իշխանությունը տապալելու ԱՄՆ բոլոր փորձերը կձախողվեն:

Ալի Խամենեին ԱՄՆ-ին կոչ է արել վերջ տալ Իրանին ուղղված սպառնալիքներին և զերծ մնալ երկրի շուրջ ռազմական ուժի կուտակումից: Այաթոլլան նաև զգուշացրել է՝ «ցանկացած ռազմանավից ավելի վտանգավոր է այն զենքը, որը կարող է խորտակել այդ ռազմանավը»:

«ԱՄՆ նախագահը շարունակ ասում է, որ իրենց բանակն ամենաուժեղն է աշխարհում, սակայն երբեմն ամենաուժեղ բանակը կարող է այնպիսի ուժեղ ապտակ ստանալ, որ չկարողանա ոտքի կանգնել», - նշել է նա:

Զորավարժություններ Հորմուզի նեղուցում


Բանակցություններից առաջ ԱՄՆ-ն մեծ ուժեր է կուտակել Իրանի ափերի մոտ՝ սպառնալով ռազմական գործողություններով, եթե Թեհրանը գործարքի չգնա: Իրանն էլ զորավարժություններ է անում Հորմուզի նեղուցում, որտեղով տեղափոխվում է աշխարհում սպառվող նավթի 20 տոկոսը: Իրանն այսօր նաև հայտարարեց, որ նեղուցի որոշ հատվածներ մի քանի ժամով փակ կլինեն՝ նավագնացության «անվտանգության միջոցառումների» պատճառով:

Հորմուզի նեղուցում Թեհրանն առաջիկայում կանցկացնի ևս մեկ զորավարժություն, որին մասնակցելու համար Ռուսաստանն ու Չինաստանն արդեն նավեր են ուղարկել:

ԱՄՆ-ի և Իսրայելի միջև «որևէ տարակարծություն չկա» Իրանի միջուկային խնդրի հարցում

ԱՄՆ նախագահը մինչ այդ հայտարարել էր, որ ինքը ևս «անուղղակիորեն» կմասնակցի բանակցություններին: Դոնալդ Թրամփը կարծիք է հայտնել, որ Թեհրանը ցանկանում է գործարք կնքել, թեև խոստովանել է՝ Իրանի հետ դժվար է բանակցել։

«Դրանք կարևոր բանակցություններ կլինեն: Տեսնենք, թե ինչ կստացվի: Ես կասեի, որ նրանք վատ բանակցողներ են, քանզի անցած տարի կարող էինք համաձայնության գալ B-2 կործանիչներ ուղարկելու փոխարեն՝ ոչնչացնելու նրանց միջուկային ներուժը: Հուսով եմ՝ հիմա ավելի խելամիտ կգտնվեն։ Նրանք ցանկանում են գործարք կնքել», - ասել է Սպիտակ տան ղեկավարը:

Երեկ՝ Ժնևի հանդիպումից մեկ օր առաջ, ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը Թել Ավիվում հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի միջև որևէ տարակարծություն չկա, թե Իրանի միջուկային խնդրի կարգավորման դեպքում ինչ է պետք անել և երբ:

Հանրապետական սենատորն ասել է, որ այս հարցում որոշում կընդունվի «շաբաթների ընթացքում, այլ ոչ թե ամիսների», սակայն չի մանրամասնել, թե որտեղից նման տեղեկություն: Գրեհեմը միայն նշել է, որ իրանական ռեժիմին վերջ դնելու երկու տարբերակ կա, որոնցից մեկը դիվանագիտականն է:

«Մյուս տարբերակը ռազմականն է։ Կարծում եմ՝ նախագահ Թրամփը փորձում է հասկանալ, թե որ տարբերակն ամենալավ արդյունքը կտա: Կարևորն այն է, որ որոշումը կկայացվի շաբաթների, ոչ թե ամիսների ընթացքում», - հավելել է նա։

Թեհրանն ու Վաշինգտոնը բանակցությունները վերսկսել են փետրվարի սկզբին։ ԱՄՆ-ն և Իսրայելը հայտարարում են, որ Իրանը ձգտում է միջուկային զենք ստեղծել, ինչը կարող է սպառնալ Իսրայելի գոյությանը: Իրանը, մինչդեռ, պնդում է, որ իր միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ ունի:

Վաշինգտոնը փորձում է ընդլայնել բանակցությունների շրջանակը՝ ներառելով նաև Իրանի հրթիռային ծրագիրը: Թեհրանը, սակայն, հայտարարում է, որ պատրաստ է քննարկել միայն իր միջուկային ծրագրի սահմանափակումները՝ պատժամիջոցների մեղմացման դիմաց, հրթիռային ծրագիրը քննարկման առարկա չէ, իսկ ուրանի հարստացումից չի հրաժարվի:

Ի՞նչ ակնկալիքներ ունեն իրանցիները բանակցություններից

«Կարծում եմ՝ բանակցությունները լավ կընթանան, քանզի հարևան երկրների ճնշումը, հավանաբար, կկանխի պատերազմը։ Թրամփի մասին մեր իմացածից ելնելով՝ պարզ է, որ նա իր շահերն է հետապնդում, ուստի կարծում եմ՝ պատերազմը քիչ հավանական է», - ասել է Թեհրանի բնակիչներից մեկը։

Մյուսն էլ հավելել է, որ Իրանը պետք է հաշվի առնի նաև Իսրայելին, «որն այս բանակցությունների հիմնական խոչընդոտներից մեկն է»։ «Բանակցություններից դրական արդյունք ենք ակնկալում: Հուսով ենք, որ դրանք ժողովրդի շահերից կբխեն, և պատերազմ չի լինի», - ընդգծել է նա։