Վաշինգտոնը լրջորեն բանակցում է Թեհրանի հետ պատերազմը դադարեցնելու շուրջ, սակայն եթե շուտով համաձայնության չգան և Հորմուզի նեղուցն անմիջապես չբացվի, ԱՄՆ-ն ամբողջությամբ կոչնչացնի Իրանի բոլոր էլեկտրակայանները, նավթահորերն ու Խարգ կղզին, հայտարարել է Դոնալդ Թրամփը:
ԱՄՆ նախագահն անցած շաբաթվա սկզբին էր հնգօրյա ժամկետ տվել Իրանին գործարքի գնալու համար՝ սպառնալով հարվածել երկրի էներգետիկ օբյեկտներին, իսկ շաբաթվա վերջին 10 օրով երկարացրել էր այդ ժամկետը:
Սոցցանցում այսօր արած գրառման մեջ Թրամփը նշել է, որ կոչնչացնեն նաև Իրանի խմելու ջրի կայանները, որոնց առ այսօր մտածված «ձեռք չեն տվել»: ԱՄՆ նախագահը դարձյալ չի մանրամասնել, թե Իրանից ում հետ են բանակցում:
«ԱՄՆ-ն լուրջ բանակցություններ է վարում նոր և ավելի ողջամիտ ռեժիմի հետ՝ Իրանում մեր ռազմական գործողությունները դադարեցնելու համար։ Մեծ առաջընթաց է գրանցվել», - նշել է Թրամփը։
Մինչ այդ Թրամփը Financial Times-ին ասել էր, որ ԱՄՆ-ն կարող է վերցնել Իրանի նավթը և դրա համար գուցե գրավի իրանական Խարգ կղզին, որտեղից արտահանվում է իրանական նավթի մոտ 90 տոկոսը: Նախագահական ինքնաթիռում էլ նա լրագրողներին վստահեցրել էր, թե Պակիստանի միջոցով ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները «չափազանց լավ» են ընթանում, և «գրեթե վստահ է», որ խաղաղության համաձայնություն կկնքվի:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է «վերցնել Իրանի նավթը»Իրանի արտգործնախարարության խոսնակը մինչդեռ հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ բանակցություններ չեն եղել, միայն ուղերձներ են փոխանակվել միջնորդների միջոցով: Էսմայիլ Բաղային նաև անդրադարձել է Իրանին ներկայացված առաջարկներին:
«ԱՄՆ պահանջները շատ չափազանցված, անիրատեսական և անտրամաբանական են։ Հանդիպումները, որոնք Պակիստանն անցկացնում է հարևան երկրների հետ, ըստ էության, իրենց ստեղծած շրջանակն է։ Մենք չենք մասնակցել դրանց», - նշել է Բաղային:
Մինչ այդ Wall Street Journal-ը հայտնել էր, որ Պենտագոնը մի քանի հազար հավելյալ զինվոր է ուղարկում Մերձավոր Արևելք։ Ըստ թերթի՝ Թրամփը մտադիր է ցամաքային գործողություն իրականացնել Իրանում և մոտ 450 կգ բարձր հարստացված ուրան դուրս բերել երկրից:
The New York Times-ն էլ գրում է, որ ԱՄՆ հատուկ նշանակության ուժերից մի քանի հարյուր զինծառայող արդեն հասել է Մերձավոր Արևելք։ Հղում անելով ամերիկացի երկու անանուն պաշտոնյայի՝ թերթը գրում է, որ նրանց դեռ կոնկրետ առաջադրանք չի տրվել։ Սակայն զորքը կարող է օգտագործվել Սպահանի միջուկային օբյեկտից հարստացված ուրանը դուրս բերելու, Խարգ կղզին գրավելու կամ Հորմուզի նեղուցը պաշտպանելու համար։ Թրամփը դեռ որոշում չի կայացրել, ասել են աղբյուրները:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ NYT․ ԱՄՆ հատուկջոկատայինները հասել են Մերձավոր Արևելք՝ Թրամփին լրացուցիչ տարբերակներ տալու համարԸստ BBC-ի՝ Խարգ կղզու գրավումն էապես կսահմանափակի Իրանի նավթի արդյունահանումը և երկրին կզրկի իր եկամտի հիմնական աղբյուրից, ինչը կազդի պատերազմ վարելու Իրանի կարողության վրա։ Գրավվելու դեպքում կղզին նաև կարող է հարթակ դառնալ Իրանին հարվածելու համար:
Իրանը «կրակի անձրև» կթափի ամերիկյան զորքի վրա, եթե այն ոտք դնի իրանական տարածք, հայտարարել է խորհրդարանի խոսնակը: «Քանի դեռ ամերիկացիները ձգտում են հասնել նրան, որ Իրանը հանձնվի, մեր պատասխանն այն է, որ երբեք չենք ընդունի նվաստացումը», - ասել է Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանը հայտարարել է, որ պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի ցամաքային հարձակմանըՄերձավոր Արևելքում հարվածները շարունակվում են
Ու մինչ անորոշ է, թե արդյոք ԱՄՆ-ն ցամաքային գործողություն կսկսի Իրանում, պատերազմի 31-րդ օրը Իսրայելը շարունակել է հարվածներն Իրանին և Լիբանանին: Իրանական լրատվամիջոցները հաստատել են, որ սպանվել է Իրանի բնական պաշարների և ջրային ավազանների կառավարման կազմակերպության պահպանության ստորաբաժանման հրամանատար Մաջիդ Զաքարիաեին։
Վարչապետ Բենյամին Նեթանյահուն բանակին հանձնարարել է ընդլայնել «անվտանգության գոտին» Լիբանանի հարավում:
«Ես հենց նոր հանձնարարել եմ ընդլայնել Լիբանանում գոյություն ունեցող անվտանգության գոտին՝ ներխուժման սպառնալիքը վճռականորեն կանխելու և հակատանկային հրթիռային կրակը մեր սահմանից հեռու պահելու համար», - նշել է Նեթանյահուն։
Իրանն իր հերթին հարվածել է Իսրայելին, այդ թվում՝ Հայֆայի նավթավերամշակման գործարանին: Իրանը նաև շարունակել է հարվածները Մերձավոր Արևելքի երկրներին, Բաղդադի Մոհամադ Ալաա ավիաբազայում ինքնաթիռ է ոչնչացվել։
Մի քանի օր է պատերազմին միացել են նաև Իրանի աջակցությունը վայելող Եմենի հութիները: Նրանք հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ՝ խոստանալով ավելի շատ հարձակումներ առաջիկայում: Սա մտավախություններ է առաջացրել, որ մինչ Իրանը փակ է պահում Հորմուզի նեղուցը, հութիներն էլ կարող են փակել Բաբ էլ-Մանդեբի նեղուցը, որը ևս առևտրային կարևոր ուղի է:
Չեն դադարում նաև ցնցումները ֆինանսական շուկաներում
Ու մինչ ռազմական գործողությունները չեն դադարում, չեն դադարում նաև ցնցումները ֆինանսական շուկաներում: Նավթի գինն այսօր բարձրացել է մինչև 115 դոլար մեկ բարելի դիմաց: Ակնկալվում է, որ կբարձրանան նաև սննդամթերքի գները, քանզի Հորմուզով է արտահանվում աշխարհում կիրառվող պարարտանյութերի 20-30 տոկոսը:
Իրանցի պատգամավոր Ալաեդդին Բորուջերդին հայտարարել է, որ շուտով Հորմուզի նեղուցի վերաբերյալ նոր օրենք կընդունի, ըստ որի՝ առանց Իրանի թույլտվության ոչ մի նավ չի կարող անցնել նեղուցով: Նաև անցման համար վճար կսահմանվի: