ԱՄՆ զինուժը հայտնել է, որ Իրանի հարավում հարվածել է հրթիռների արձակման կայանների և նավերի, որոնք, ամերիկյան կողմի պնդմամբ, փորձում էին ականներ տեղադրել նավագնացության կարևոր ուղիների մոտ։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը պարզաբանել է, որ հարվածները նպատակ ունեն ամերիկացի զինծառայողներին պաշտպանել Իրանից եկող սպառնալիքներից։
Ըստ իրանական լրատվամիջոցների՝ պայթյուններ են որոտացել Բանդար Աբբաս նավահանգստային քաղաքում և կից շրջաններում։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ մեկ F-35 կործանիչ, ինչպես նաև հետախուզական երկու անօդաչու է ներխուժել Իրանի օդային տարածք, որոնցից մեկը խոցել են: Կորպուսը նաև հայտարարել է, որ հակահարված կտա ԱՄՆ-ի կողմից հրադադարի ցանկացած խախտման։
Իրանի գերագույն առաջնորդը, որը վիրավորվել է պատերազմի առաջին օրը, դեռ չի ներկայացել հանրությանն ու միայն գրավոր ուղերձներ է հղում, հայտարարել է, որ Պարսից ծոցի երկրներն այլևս չեն ծառայի որպես վահան ԱՄՆ բազաների համար։ Հաջի և Կուրբան Բայրամի առթիվ հղած ուղերձում, որն ընթերցվել է պետական հեռուստաընկերության եթերում, այաթոլլահ Մոջթաբա Խամենեին նաև նշել է, որ Իսրայելի «սիոնիստական ցնցված ռեժիմը» մոտենում է իր «դժբախտ գոյության վերջին փուլին»:
«ԱՄՆ-ն ոչ միայն այլևս անվտանգ ապաստան չի ունենա իր չարագործությունների և տարածաշրջանում ռազմական բազաներ հիմնելու համար, այլև օրեցօր ավելի է հեռանում իր նախկին կարգավիճակից»,- հայտարարել է Մոջթաբա Խամենեին։
Իրանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ հրադադարը խախտելով ԱՄՆ-ն ցույց է տալիս իր «չարությունն ու երեսպաշտությունը» Իրանի նկատմամբ։ Նախարարությունը նաև նշել է, որ Իրանը ոչ մի վայրկյան չի տատանվի պաշտպանվելու հարցում և կպատասխանի այս հարվածներին: «Իրանն ԱՄՆ վարչակարգին է պատասխանատու համարում այս ագրեսիվ և անարդար գործողությունների հետևանքով առաջացած բոլոր հետևանքների համար»,- ասվում է հայտարարությունում:
Զինված ուժերի խոսնակն էլ հայտարարել է, որ Իրանի դեմ ցանկացած նոր ագրեսիա կարժանանա «շատ ավելի խիստ» պատասխանի: Նոր պատերազմի դեպքում, ըստ Աբոլֆազլ Շեքարչիի, Իրանի հարվածները կլինեն ավելի լայնածավալ ու դաժան, քան նախորդները և դուրս կգան տարածաշրջանի սահմաններից:
ԱՄՆ զինուժի նոր հարվածները տեղի են ունենում Պակիստանի միջնորդությամբ Վաշինգտոնի ու Թեհրանի միջև ընթացող բանակցությունների ժամանակ: Երեկ էլ իրանական պատվիրակությունը մեկնել էր Կատար, ըստ Tasnim գործակալության, բանակցելու իր սառեցված միջոցների ապասառեցման շուրջ: Գործակալության փոխանցմամբ՝ Թեհրանը պնդում է, որ դրանց կեսը՝ մոտ 24 միլիարդ դոլար, ապասառեցվի ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման համաձայնագրի ստորագրումից առաջ: Fars-ի տվյալներով՝ սա վերջին լուրջ խնդիրն է, որի շուրջ կողմերը դեռ չեն համաձայնել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Վաշինգտոնը հայտարարում է՝ Իրանի հետ կա՛մ հրաշալի համաձայնագիր կկնքվի, կա՛մ ընդհանրապես գործարք չի լինիԻրանին հասցված նոր հարվածներից ժամեր անց ԱՄՆ պետքարտուղարը Հնդկաստանում հայտարարել է, որ Թեհրանի հետ գործարք դեռ հնարավոր է: Սակայն Իրանը չի կարող փակ պահել Հորմուզը. նեղուցն այսպես, թե այնպես պետք է բացվի, ասել է Մարկո Ռուբիոն:
«Այն, ինչ այնտեղ կատարվում է, անօրինական է, ապակայունացնում է աշխարհը, անընդունելի է… Դա չի կարող տեղի ունենալ։ Նեղուցները պետք է բաց լինեն, անարգել, առանց վճարների։ Եվ, ակնհայտ է, որ դա պետք է տեղի ունենա անմիջապես»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը:
Ամերիկա-իրանական բանակցությունների կնճռոտ հարցերից է Թեհրանի միջուկային ծրագիրն ու հարստացված ուրանի խնդիրը: ԱՄՆ նախագահը հայտարարել է՝ հարստացված ուրանը կա՛մ պետք է ոչնչացվի ԱՄՆ-ում, կա՛մ տեղում:
Նախագահ Թրամփը հայտարարել է.- «Հարստացված ուրանը կա՛մ անմիջապես կհանձնվի ԱՄՆ-ին, որպեսզի բերվի ԱՄՆ և ոչնչացվի, կա՛մ, նախընտրելի է, Իրանի հետ համատեղ և համակարգված կերպով կոչնչացվի տեղում կամ այլ ընդունելի վայրում՝ Ատոմային էներգիայի հանձնաժողովի կամ դրան համարժեք մարմնի մասնակցությամբ»:
Իրանին ԱՄՆ նոր հարվածների ֆոնին Իսրայելն այսօր ավելի ինտենսիվ է հարվածել Լիբանանի հարավին: Իսրայելական բանակը պնդում է, որ թիրախավորում է Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված և Իրանի աջակցությունը վայելող «Հեզբոլա»-ի ենթակառուցվածքները: Հաղորդվում է մեկ տասնյակից ավելի զոհերի և վիրավորների մասին: Իսրայելի բանակը նաև մոբիլիզացիա է սկսել՝ Լիբանանի վրա ցամաքային հարձակումն ուժեղացնելու նպատակով: