Մատչելիության հղումներ

Իրանի հետ խաղաղության համաձայնագիրը «մեծամասամբ բանակցված է»․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմն ավարտելու համաձայնագիրը «մեծամասամբ բանակցված է» և այժմ «վերջնական ասպեկտներն ու մանրամասներն» են քննարկվում։

«Համաձայնագիրը մեծամասամբ բանակցվել է, որը ենթակա է վերջնական հաստատման Ամերիկայի Միացյալ Նահանգների, Իրանի Իսլամական Հանրապետության և մի շարք այլ երկրների կողմից», - սոցցանցում գրել է Թրամփը՝ հավելելով նաև, որ համաձայնագիրը նախատեսում է Հորմուզի նեղուցի վերաբացումը։

«Գործարքի վերջնական ասպեկտներն ու մանրամասները ներկայումս քննարկվում են և շուտով կհայտարարվեն», - նշել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը հայտնել է նաև, որ համատեղ հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Կատարի, Պակիստանի, Թուրքիայի, Եգիպտոսի, Հորդանանի և Բահրեյնի առաջնորդների և այլ պաշտոնյաների հետ։

Նա տեղեկացրել է նաև, որ առանձին հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ։ Թրամփի խոսքով՝ խոսակցությունը «շատ լավ» է ընթացել։

Թրամփը հաճախ ակնարկել է, որ հակամարտությունն ավարտելու վերաբերյալ համաձայնագիրն անխուսափելի է, սակայն ավելի ուշ մերժել է իրանական առաջարկը և կրկին սպառնացել լայնածավալ հարվածներ հասցնել:

Փետրվարի 28-ին սկսված հակամարտությունը բռնկվել էր ԱՄՆ-ի և Իսրայելի ավիահարվածներից հետո։

Թեհրանը պաշտոնապես չի մեկնաբանել Թրամփի հայտարարությունները, սակայն Իրանի բանակի խոսնակ Էբրահիմ Զոլֆաղարին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի պնդումը, թե Հորմուզի նեղուցը կբացվի, «ճիշտ չէ»։

«Հորմուզը կմնա ամբողջությամբ Իրանի վերահսկողության տակ։ Մենք ենք որոշում՝ ով, երբ և ինչպես կարող է անցնել», - X-ում գրել է նա։


XS
SM
MD
LG