Խաղաղության շուրջ ԱՄՆ-Իրան առաջիկա բանակցությունները երկու փուլով կանցկացվեն, հայտնել է Իրանի արտգործնախարարը։
Առաջինում, ըստ Աբբաս Արաղչիի, կքննարկվեն Հորմուզի նեղուցի կարգավիճակը, Իրանի ծովային շրջափակման վերացումը և Իրանի վերակառուցումը։ Երկրորդում կանդրադառնան միջուկային ծրագրին ու պատժամիջոցների վերացմանը. այս հարցերը կլուծվեն վերջնական համաձայնագրով։
Իրանը, սակայն, պահանջում է, որ նախքան բանակցություններն սկսելը Իսրայելը դադարեցնի պատերազմը Լիբանանում, քանզի դա համաձայնագրի անբաժանելի մասն է։
Ըստ Թեհրանի՝ Իսրայելի օկուպացիան խախտում է ԱՄՆ-ի հետ ձեռք բերված համաձայնագիրը։ Արաղչին նաև հայտարարել է՝ այս պահից սկսած՝ Լիբանանի վրա ցանկացած հարձակում անընդունելի է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Լիբանանի օկուպացիայի շարունակությունն ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի խախտում է. Արաղչի«Սա, թերևս, հուշագրում ամենակարևոր հարցն է՝ պատերազմի անհապաղ և մշտական դադարեցման մասին է հայտարարվում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում»,- նշել է Իրանի ԱԳ նախարարը։
Ամերիկյան լրատվամիջոցները գրում են, որ հուշագիրն էլեկտրոնային եղանակով ստորագրել են ԱՄՆ նախագահը, փոխնախագահը և Իրանի խորհրդարանի խոսնակը։ Թեհրանը հաստատել է, որ հենց Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը ներկա կլինի Ժնևում հուշագրի ստորագրման պաշտոնական արարողությանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Թրամփը կարող է մինչև ուրբաթ հրապարակել Իրանի հետ գործարքի տեքստը, Հորմուզով անցումն էլ անվճար կլինի. ՎենսԱՄՆ փոխնախագահն իր հերթին հայտարարել է, որ փոխըմբռնման հուշագիրը մոտ 1,5 էջանոց, շատ ընդհանուր փաստաթուղթ է, որը Դոնալդ Թրամփը գուցե հրապարակի նախքան դրա պաշտոնական ստորագրումը։
Fox News-ին տված հարցազրույցում Ջեյ Դի Վենսն ասել է, թե փաստաթղթով սահմանվում է, որ վերջնական համաձայնության հասնելու համար 60-օրյա բանակցությունների ընթացքում Հորմուզի նեղուցով նավերի անցումը կլինի անվճար։ Նաև Իրանը պարտավորվում է նպաստել տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը՝ այդ թվում «ահաբեկչական կազմակերպությունների» ֆինանսավորումը դադարեցնելով, և պարտավորվում է միջուկային զենք չստեղծել։
Վենսի փոխանցմամբ՝ Թեհրանը պարտավորվում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչներին թույլ տալ վերադառնալ Իրան, որոնք ԱՄՆ-ի հետ Իրանին կօգնեն ոչնչացնել բարձր հարստացված ուրանը։ Վենսը նաև հստակեցրել է՝ գործարքը չի ենթադրում ԱՄՆ-ի կողմից Իրանի ուղղակի ֆինանսավորում։
«Համաձայնագրում ասվում է, որ եթե իրանցիներն իրենց լավ դրսևորեն, եթե պատժամիջոցները մեղմվեն, և եթե իրանցիներն ինտեգրվեն համաշխարհային տնտեսությանը, մենք կհրավիրենք այլ երկրների՝ ներդրումներ կատարելու նրանց երկրում։ Դա լավ է, բայց միայն այն դեպքում, եթե նրանք կատարեն համաձայնագրի պայմանները»,- ասել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
ԱՄՆ նախագահն իր հերթին Մեծ յոթնյակի գագաթնաժողովին հայտարարել է, թե իրեն «դուր չի եկել», որ Իսրայելն ԱՄՆ-Իրան համաձայնագրի ստորագրումից «երկու ժամ առաջ» հարվածեց Բեյրութին։ Թրամփը պնդել է՝ գործարքը կիրականացվի նույնիսկ եթե Իսրայելը հարձակվի Լիբանանի վրա։ Նա նաև ակնկալում է, որ երկրորդ փուլին հասնելու բանակցություններն «ավելի հեշտ կլինեն»։ Երեկ էլ ասել էր, որ Թեհրանը համաձայնել է միջուկային զենք չստեղծել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Թրամփ․ «Իրանի ղեկավարներն այժմ ռացիոնալ մարդիկ են»«Եվ գլխավորն այն է, որ Իրանը չի ունենա միջուկային զենք։ Նրանք լիովին համաձայնել են դրան... և կլինեն վերահսկողական ուժեղ լիազորություններ։ Խնդիրը հենց դա էր, քանզի նրանք, թերևս, կօգտագործեին միջուկային զենքը, եթե ունենային»,- նշել է ԱՄՆ նախագահը։
Չնայած Իրանը պնդում է, որ պատերազմը դադարեցվի նաև դաշնակից Լիբանանում, և իսրայելական բանակը դուրս գա երկրի հարավից, Իսրայելի վարչապետը հայտարարել է՝ դուրս չեն գալու անվտանգության բուֆերային գոտիներից՝ ո՛չ Լիբանանում, ո՛չ Գազայում, ո՛չ էլ Սիրիայում։
«Եվ ես ուզում եմ հստակեցնել. մենք կմնանք այս անվտանգության գոտիներում այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է մեր երկիրը պաշտպանելու համար»,- հայտարարել է Իսրայելի վարչապետը։
Նեթանյահուն նաև զգուշացրել է՝ Իսրայելը ոչ մի դեպքում Իրանին թույլ չի տա միջուկային զենք ստեղծել։ «Ո՛չ այսօր, ո՛չ էլ վաղը։ Քանի դեռ ես Իսրայելի վարչապետն եմ, դա տեղի չի ունենա»,- հայտարարել է Նեթանյահուն։