Մատչելիության հղումներ

Աշխարհն արձագանքում է ԱՄՆ-Իրան փաստաթղթի համաձայնեցմանը

Թեհրան, Իրան
Թեհրան, Իրան

Միջազգային առաջնորդները ողջունում են Միացյալ Նահանգների և Իրանի միջև շրջանակային համաձայնագրի ձեռքբերումը։

Լոնդոնը, Փարիզը, Բեռլինը և Հռոմը համատեղ հայտարարությամբ պատրաստակամություն են հայտնել մեղմել Թեհրանի դեմ որոշ պատժամիջոցներ։

«Մենք պատրաստ ենք չեղարկել համապատասխան պատժամիջոցները՝ ի պատասխան միջուկային ծրագրի առնչությամբ Իրանի կողմից ձեռնարկվող հստակ և ստուգելի քայլերի։ Մենք սերտորեն կաշխատենք ԱՄՆ-ի, Իրանի և տարածաշրջանային գործընկերների հետ՝ բաց չթողնելու այս պահը, պահպանելու թափը և հասնելու երկարաժամկետ դիվանագիտական կարգավորման», - ասվում է հայտարարության մեջ, որում նաև ընդգծվում է, որ Իրանը երբեք չպետք է միջուկային զենք ձեռք բերի։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն ընդգծել է․ «Հստակ հայտարարում ենք, որ Հորմուզի նեղուցում այժմ պետք է վերականգնվի առանց վճարների նավարկության ազատությունը... Իրանը երբեք չպետք է միջուկային զենք ունենա»։

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը ևս ողջունել է ձեռք բերված համաձայնությունը։ Նա հակամարտող բոլոր կողմերին կոչ է արել «արագ և ամբողջությամբ իրագործել այն»։

«Համաձայնագիրը պետք է Հորմուզի նեղուցը հրատապ և առանց նախապայմանների վերաբացելու հնարավորություն ընձեռի, որին պատրաստ է աջակցել Միացյալ Թագավորության հետ համատեղ ստեղծված միջազգային առաքելությունը», - նշել է Մակրոնը։

Դիվանագիտական բեկման առիթով Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը շնորհավորել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և Իրանին։ «Սա կարող է ճանապարհ հարթել դեպի վերակենդանացած համաշխարհային տնտեսություն և ավելի անվտանգ Մերձավոր Արևելք: Կարևոր է այն իրականացնել վճռականությամբ», - գրել է կանցլերը։

«Ջերմորեն շնորհավորում եմ ԱՄՆ-ին և Իրանին՝ խաղաղության համաձայնագրին հասնելու համար․․․ Սա կարևոր քայլ է հակամարտության խաղաղ կարգավորման ճանապարհին», - արձագանքել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ողջունելով ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը, նշել է՝ այժմ առաջնահերթությունը դրա արագ և լիարժեք իրականացումն է։

«Այս համաձայնագիրը պետք է հնարավորություն տա անհապաղ վերաբացել Հորմուզի նեղուցը։ Նավարկությունը պետք է վերականգնվի անվճար։ Սա կարևոր է տարածաշրջանային կայունության և համաշխարհային տնտեսության համար։ Այն բացում է դուռը Մերձավոր Արևելքում խաղաղության և անվտանգության վերաբերյալ ավելի լայն բանակցությունների համար։ Պետք է վերջ դրվի Իրանի միջուկային և բալիստիկ ծրագրերին և տարածաշրջանում նրա անկայունացնող գործունեությանը։ Եվ, իհարկե, Մերձավոր Արևելքում խաղաղություն չի կարող լինել, քանի դեռ Լիբանանը կրակի մեջ է», - X-ում գրել է Լայենը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս ողջունել է ԱՄՆ-Իրան շրջանակային համաձայնագրի ձեռքբերումը: «Հույս ունենք, որ այս նշանակալի զարգացումը կհարթի ճանապարհը Մերձավոր Արևելքում համապարփակ և երկարատև խաղաղության համար», - X-ում գրել է Փաշինյանը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնն ու Թեհրանը շրջանակային համաձայնագիր են ձեռք բերել, որը կդադարեցնի Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունները, կվերաբացի Հորմուզի նեղուցը և կվերացնի իրանական նավահանգիստների ամերիկյան շրջափակումը։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG