Միացյալ Նահանգների հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները ժամանել են Մոսկվա, այնուհետև կմեկնեն Կիև՝ վերջ դնելու Ռուսաստանի պատերազմին:
Նրանց այցը տեղի է ունենում Կրեմլի ուժերի կողմից Ուկրաինայի մայրաքաղաքում գտնվող անվտանգության ծառայության շտաբի վրա հարձակումից անմիջապես հետո։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին էր հաստատել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունները, որ ԱՄՆ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները կմեկնեն Ռուսաստան և Ուկրաինա՝ առաջարկելու համաձայնագիր, որը նպատակ ունի վերջ դնել Կրեմլի պատերազմին հարևան երկրի դեմ։
«Նրանք իրենց հետ տանում են պատերազմին վերջ տալու առաջարկ»,- նախօրեին Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ մանրամասներ չներկայացնելով։ «Մենք խաղաղության գաղափար ունենք»։
«Մենք նրանց ուղարկել ենք՝ տեսնելու՝ արդյոք կարող ենք ինչ-որ բան անել, և հնարավոր է, որ դա իրականացնելու լավ հնարավորություն լինի»։
Արևմուտքում աճող մտահոգությունների ֆոնին, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի անդամ երկրի վրա՝ դաշինքի վճռականությունը ստուգելու նպատակով, Թրամփը կրկին հայտարարել է, որ չի կարծում, թե Կրեմլի առաջնորդը նման քայլ է ծրագրում։
«Ես խոսում եմ նրա հետ։ Ես նրան շատ լավ ճանաչում եմ։ Պուտինը չի պատրաստվում հարձակվել ՆԱՏՕ-ի տարածքի վրա», - ասել է նախագահ Թրամփը։
Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ «այսօր հստակ որոշվել է, որ ամերիկյան ներկայացուցիչներն առաջիկա օրերին կլինեն Ուկրաինայում և Ռուսաստանում»։ Նա նաև կոչ էր արել երկու կողմերին դադարեցնել օդային հարվածները, որպեսզի հնարավոր լինի կազմակերպել հանդիպումները։
Ավելի վաղ ԱՄՆ-ի մի պաշտոնյան «Ազատություն» ռադիոկայանին հաստատել էր, որ Ուիթքոֆը և Քուշներն «առաջիկա օրերին» կմեկնեն Մոսկվա և Կիև, թեև մանրամասները անմիջապես չէին հաղորդվել։ Հնարավոր է՝ դա արվել էր նրանց անվտանգության նկատառումներից ելնելով։
Զելենսկին կոչ է անում դադարեցնել ավիահարվածները
Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական ուժերը «կապահովեն Ռուսաստանի օդային տարածքի բնականոն գործունեությունը, որպեսզի բանակցողները կարողանան անվտանգ ժամանել այնտեղ» և պահանջել է, որ Մոսկվան նույնպես նույն կերպ վարվի։
«Մեր կողմից օդային հարվածներ չեն լինի, և Ռուսաստանը նույնպես պետք է ձեռնպահ մնա օդային հարվածներ իրականացնելուց՝ այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է այս բանակցություններն անցկացնելու համար»։
Այցը տեղի կունենա ընդամենը մի քանի օր անց այն բանից հետո, երբ ռուսական անօդաչու թռչող սարքի հարվածը խոցել էր Ուկրաինայի անվտանգության ծառայության շտաբը։ Դա Ուկրաինայի առանցքային կառույցներից է, որն էլ պատասխանատու է ԱՄՆ բանագնացների այցի ընթացքում նրանց անվտանգության ապահովման համար:
«Անօդաչու թռչող սարքն ուղղված է եղել այդ շենքի անվտանգության ծառայության ղեկավարի աշխատասենյակի վրա»,- ասել է Զելենսկին՝ հավելելով, որ ծառայության ղեկավարն այդ պահին իր աշխատասենյակում չի եղել։
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ հարվածի հետևանքով առնվազն յոթ մարդ վիրավորվել է։ Դեռևս չի հաղորդվել՝ վիրավորների թվում արդյոք ծառայության աշխատակիցներ կա՞ն, թե՞ ոչ։
Փորձագետները «էսկալացիայի» վտանգ են տեսնում
Թրեսա Գուենովը՝ Պենտագոնի և Պետդեպարտամենտի նախկին բարձրաստիճան պաշտոնյան, «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ Ռուսաստանի կողմից «ցերեկային ժամերին Կիևում Ուկրաինայի անվտանգության ծառայության շտաբի վրա իրականացված հարվածը սրացող իրավիճակի և մայրաքաղաքի դեմ իրականացվող հարձակումների աճի մի մասն է»։
«Կարելի է ենթադրել, որ Մոսկվան, ամենայն հավանականությամբ, վաղուց արդեն պատրաստի ծրագրեր է ունեցել՝ ուղղված անվտանգության ծառայության շտաբի թիրախներին, սակայն այսօր շտաբին հարվածելը ցույց է տալիս, որ Ռուսաստանը պատրաստ է նոր սահմաններ հատել՝ անորոշ դիվանագիտական իրավիճակի պայմաններում»։
«Ուկրաինայի համար այս հարձակումը ևս մեկ օրինակ է, թե ինչու է նրան անհապաղ անհրաժեշտ հակաօդային պաշտպանության համակարգեր», -հավելել է Գուենովը, որն այժմ Ատլանտյան խորհրդի Scowcroft ռազմավարության և անվտանգության կենտրոնի ավագ փորձագետ է։
Դիվանագիտական նոր ջանքեր
ԱՄՆ բանագնացների այցից առաջ Մոսկվա էր այցելել ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ջոն Ռատքլիֆը: Այս այցը նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման ժամանակ ԿՀՎ տնօրեն նշանակվելուց ի վեր նրա առաջին հրապարակայնորեն հայտնի այցն էր Ռուսաստան:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ԱՄՆ ԿՀՎ տնօրենը Մոսկվայում էր՝ զգուշացնելու, որ հրաժարվեն բալթյան երկրների վրա հարձակվելու գաղափարիցՕգոստոսի 25-ին ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատքլիֆը Մոսկվայում հանդիպել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի հետ: Ամերիկյան հետախուզական վարչությունը հանդիպման ամբողջ օրակարգը չի հրապարակել, սակայն Կրեմլը հայտնել է, որ Ռատքլիֆը Պուտինի հետ չի հանդիպել։
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ջոն Ռատքլիֆի Մոսկվա կատարած անակնկալ այցը նպատակ ուներ Ռուսաստանին զգուշացնել, որ հրաժարվի ՆԱՏՕ-ի անդամ երկրների, մասնավորապես՝ Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի վրա հարձակվելու գաղափարից, «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին ասել են այցի մանրամասներին ծանոթ աղբյուրները։
Ամերիկյան ձեռնարկատիրական ինստիտուտի (AEI) ավագ գիտաշխատող և Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի պետքարտուղարի նախկին տեղակալի օգնական Քոնլին նշել է, որ «ինձ համար բացարձակապես պարզ չէ, թե ինչ են լինելու ԱՄՆ-ի քաղաքականության հաջորդ քայլերը այս հակամարտության հարցում»։
«Պարզ չէ՝ արդյոք ԱՄՆ-ն պատրաստ է ճնշում գործադրել, կամ ավելի մեծ ճնշում գործադրել Ռուսաստանի վրա», - ասել է նա՝ մատնանշելով ԱՄՆ Կոնգրեսում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ օրինագծի անորոշ ճակատագիրը և Ուկրաինայի համար Patriot հրթիռների արտադրության լիցենզավորման հնարավորության շուրջ առկա անորոշությունը։
«Այս պահին պարզապես հստակություն չկա այն հարցում, թե ԱՄՆ-ն ինչպես է պատրաստվում առաջ շարժվել», - հավելել է փորձագետը: