Ալիևը բաց է թողել թյուրքական գագաթնաժողովը․ Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածությունն աճում է

Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Էրդողանը Զանգիլանի միջազգային օդանավակայանի բացման արարողության ժամանակ, 20-ը հոկտեմբերի, 2022թ.

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր չի մասնակցել Անկարայում անցկացվող Թյուրքական պետությունների գագաթնաժողովին՝ չնայած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անձնական հրավերին։

Reuters-ի գնահատմամբ՝ Ալիևի որոշումը վկայում է երկու երկրների միջև աճող լարվածության մասին։

Գլխաշորի շուրջ վեճը

Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերություններում վերջին շաբաթներին լարվածություն է առաջացել այն բանից հետո, երբ թուրք պաշտոնյաները քննադատել են Բաքվի որոշումը՝ դպրոցական համազգեստի նոր կանոններով սահմանափակել գլխաշորերի կրումը։

Ալիևն ու ադրբեջանցի այլ պաշտոնյաներ հայտարարել են, որ անթույլատրելի է միջամտել Բաքվի ներքին գործերին՝ առանց ուղղակիորեն հիշատակելու Թուրքիայի անունը։ Սա հազվադեպ տարաձայնություն է երկու երկրների դաշինքում, որոնք կարևոր դեր ունեն հակասություններով լի տարածաշրջանում։

Այս շաբաթ Էրդողանը պաշտոնանկ է արել իր խորհրդական Օքթայ Սարալին՝ գլխաշորերի վերաբերյալ որոշումը հրապարակայնորեն քննադատելուց հետո։

Հարաբերությունների հետագա վատթարացումը կարող է վնասել Թուրքիայի՝ տարածաշրջանում ազդեցությունն ընդլայնելու հավակնություններին, որտեղ ավանդաբար մեծ ազդեցություն ունի Ռուսաստանը։

Ալիևի բացակայությունը նոր հարցեր է առաջացրել

Երկու երկրները տարաձայնություններ ունեն նաև Իսրայելի հարցում։ Անկարան կտրուկ քննադատում է Իսրայելին Գազայի պատերազմի պատճառով, մինչդեռ Բաքուն սերտ հարաբերություններ ունի Թել Ավիվի հետ։

Թուրք պաշտոնյաները փորձել են նվազեցնել լարվածության նշանակությունը։ Էրդողանը, օրինակ, այսօր գագաթնաժողովի բացման ժամանակ, առանց Ադրբեջանին հիշատակելու, ուղերձ է հղել միասնության մասին։

«Մեր ընտանիքում տեղ չկա բաժանման, պառակտման կամ հակամարտության համար։ Մենք բոլորս միասին ենք և, Աստծո կամոք, հավերժ եղբայրներ կմնանք», - հայտարարել է Թուրքիայի նախագահը։

Գագաթնաժողովին Ադրբեջանը ներկայացրել է արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Էրդողանից հետո ելույթ ունենալով՝ նա չի անդրադարձել տարաձայնություններին և շնորհակալություն է հայտնել Թուրքիային հյուրընկալության համար։

Երկու երկրների միջև նման լարվածությունն անսովոր է։ Նրանք իրենց հարաբերությունները բնորոշում են «երկու պետություն, մեկ ազգ» կարգախոսով։
Հարաբերություններն ավելի են ամրապնդվել, երբ Թուրքիան աջակցել է Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի պատերազմի ընթացքում։ Երկրները սերտ կապեր ունեն պաշտպանության և էներգետիկայի ոլորտներում։ Թուրքիան ադրբեջանական բնական գազի խոշոր գնորդներից է։

Թուրքիայի նախագահի գրասենյակի հաղորդմամբ՝ Էրդողանը նախորդ շաբաթ հեռախոսազրույցի ընթացքում անձամբ հրավիրել էր Ալիևին՝ մասնակցելու Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին։

Ադրբեջանական APA գործակալությունը, առանց աղբյուրներ նշելու, հայտնել է, որ Ալիևը չի մասնակցել ամիսներ առաջ ծրագրված գագաթնաժողովին «նախապես նախատեսված միջոցառումների և աշխատանքային խիտ գրաֆիկի» պատճառով։

Ադրբեջանի իշխանությունները պաշտոնական մեկնաբանություն չեն արել։ Թուրքիայի նախագահի աշխատակազմն ու արտգործնախարարությունը Reuters-ի հարցումներին չեն պատասխանել։

Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորումը՝ ևս մեկ պատճա՞ռ

Վաշինգտոնում գործող Մերձավոր Արևելքի ինստիտուտի Թուրքիայի ծրագրի տնօրեն Գոնուլ Թոլը նշել է, որ Ալիևի՝ գագաթնաժողովին չմասնակցելը երկու դաշնակիցների միջև աճող լարվածության հերթական դրսևորումն է։

«Երկու պետություն, մեկ ազգ» հռետորաբանության ներքո տարաձայնությունները վաղուց են կուտակվում մի շարք հարցերի շուրջ, այդ թվում՝ Ադրբեջանի ինքնիշխանության, Բաքվում Անկարայի ազդեցության, Իսրայելի նկատմամբ տարբեր քաղաքականությունների և Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման շուրջ։ Գլխաշորի շուրջ վեճը ավելի խորը տարաձայնությունների ախտանիշ է», - գրել է Թոլը X սոցիալական ցանցում։

Թուրքիան աշխատում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, սակայն հայտարարել է, որ դա կախված կլինի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացից։ Թուրքիայի պաշտոնյաներն ասել են, որ Անկարան սպասում է այդ գործընթացում առաջընթացի, որպեսզի կարողանա կոնկրետ քայլեր ձեռնարկել, այդ թվում՝ բացել Հայաստանի հետ սահմանը։

Բաքուն անցանկալի անձ է հայտարարել Թուրքիայի 31 քաղաքացու

Թուրքիայի հասցեին հնչող անուղղակի նախազգուշացումների ֆոնին Ադրբեջանի արտգործնախարարությունն այս ամիս 31 Թուրքիայի քաղաքացու հայտարարել է անցանկալի անձ՝ սոցցանցերում Բաքվին քննադատող գրառումների պատճառով։

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Բաքվում Ալիևի հետ հանդիպումից հետո այս ամիս հայտարարել էր, որ սոցիալական ցանցերում Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունների վերաբերյալ ապատեղեկատվություն է տարածվում։

Նա նշել էր, որ թեև երկրները կարող են ոչ բոլոր հարցերում համակարծիք լինել, այնուամենայնիվ, կարող են «նստել և քաղաքակիրթ ձևով քննարկել սեփական խնդիրները»՝ իրենց սերտ հարաբերություններին համապատասխան։

«Կարո՞ղ են որոշ հարցերի շուրջ տարբեր մոտեցումներ և կարծիքներ լինել։ Իհարկե։ Եղբայրները պետք է նստեն և դրանք քննարկեն՝ իրենց եղբայրական կապերին համապատասխան», - ասել էր Ֆիդանը։

Այդուհանդերձ, չնայած երկու երկրների սերտ կապերին՝ վերջին զարգացումները ցույց են տալիս, որ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերություններում տարաձայնությունները գնալով ավելի տեսանելի են դառնում։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Էրդողանը սատարում է Հայաստան - Ադրբեջան շփումներըԲայրամովը ժամանել է Թուրքիա, Ալիևն էլ շնորհավորել է ԷրդողանինԹուրքիայից հայտարարում են՝ «Ադրբեջանի հետ եղբայրությունը վեր է քաղաքական տարաձայնություններից»Ձերբակալվել է Թուրքիայի քաղաքացի, որը քննադատել էր ադրբեջանական դպրոցներում հիջաբի արգելքըԷրդողանն աշխատանքից ազատել է իր խորհրդականին, որը քննադատել էր Ադրբեջանում հիջաբի արգելքըԷրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցելԲաքուն Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակումԷրդողանի գրասենյակը հերքում է Ադրբեջանում Թուրքիայի դրոշն իջեցնելու փորձի մասին տեղեկություններըԱդրբեջանը Թուրքիայի 7 քաղաքացու ձերբակալելու օրդեր է տվել ու հետախուզում հայտարարելԻ՞նչ չեն կիսում Թուրքիան և Ադրբեջանը