Մատչելիության հղումներ

Էրդողանի գրասենյակը հերքում է Ադրբեջանում Թուրքիայի դրոշն իջեցնելու փորձի մասին տեղեկությունները

Թուրքիայի նախագահի աշխատակազմը հերքել է Ադրբեջանում թուրքական դրոշն իջեցնելու փորձի մասին համացանցում տարածվող տեղեկությունները՝ դրանք ապատեղեկատվություն որակելով։

Թուրքիայի նախագահի աշխատակազմի՝ ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը հայտարարել է, որ տարածվող տեսանյութը հին է, և դրանում պատկերված դեպքը նոր չէ։

«Այդ կադրերի նկարահանման ժամանակ հենց Ադրբեջանի քաղաքացիներն էին առաջինը և ամենավճռականը արձագանքել թուրքական դրոշի նկատմամբ վիրավորական գործողություններ կատարելու փորձին։ Թուրքիայի դրոշն իջեցնելու որևէ միջադեպ տեղի չի ունեցել», - ասվում է կենտրոնի հայտարարությունում։

Անկարայի պնդմամբ՝ հին կադրերը որպես նոր միջադեպ ներկայացնելը և համատեքստից դուրս տարածելը նպատակ ունի վնասել Թուրքիայի և Ադրբեջանի «բարեկամական ու եղբայրական» հարաբերություններին։

Հայտարարությունը հնչում է Անկարայի և Բաքվի հարաբերություններում վերջին շրջանում ծագած տարաձայնությունների ֆոնին։

Նախօրեին Ադրբեջանը Թուրքիայի յոթ քաղաքացու նկատմամբ ձերբակալման որոշումներ է կայացրել։ Նրանց մեղադրում են իշխանությունը բռնի ճանապարհով տապալելու կոչերի և կրոնական ատելություն հրահրելու մեջ։

Երկու երկրների միջև տարաձայնություններ էին առաջացել նաև ադրբեջանական դպրոցներում հիջաբի սահմանափակումների և թուրք որոշ քաղաքական գործիչների կողմից Ադրբեջանի ու Իսրայելի հարաբերությունների քննադատության շուրջ։


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG