Մատչելիության հղումներ

Թուրքիայից հայտարարում են՝ «Ադրբեջանի հետ եղբայրությունը վեր է քաղաքական տարաձայնություններից»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դաշնակից, խորհրդարանական «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին հայտարարել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի եղբայրությունն ավելի խորն է, քան քաղաքական ու դիվանագիտական հարաբերությունները։

«Մեր եղբայրությունն ամրապնդվել է երկու ժողովուրդների կամքով, կոփվել համատեղ պայքարում և փոխանցվել սերնդեսերունդ», - APA-ի փոխանցմամբ՝ նշել է Բահչելին՝ ընդգծելով, որ չպետք է թույլ տալ՝ տարաձայնությունները վերածվեն երկարատև պառակտման։

Բահչելիի հայտարարությունը հնչում է Անկարայի և Բաքվի միջև վերջին շրջանում ծագած տարաձայնությունների ֆոնին։ Դրանցից մեկը կապված է Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների հետ։ Ադրբեջանական իշխանությունների որոշումը քննադատել էին նաև թուրք պաշտոնյաները, ինչին Բաքուն արձագանքել էր՝ նրանց հայտարարությունները համարելով միջամտություն իր ներքին գործերին։

Նախօրեին Էրդողանն աշխատանքից ազատել է իր գլխավոր խորհրդական Օքթայ Սարալին, որը ևս քննադատել էր Ադրբեջանի իշխանություններին։ Middle East Eye-ի տեղեկություններով՝ Թուրքիայի նախագահն այդ քայլին գնացել է Բաքվի հետ հարաբերությունները կարգավորելու նպատակով։

​
XS
SM
MD
LG