Ալի Լարիջանին առանցքային խաղացող է դառնում՝ Իրանի ղեկավարների սպանության ֆոնին

Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանի, արխիվ

Մինչ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը շարունակում են օդային հարվածներ հասցնել Իրանին, որոնց արդյունքում արդեն իսկ սպանվել են երկրի մի քանի կամ նույնիսկ տասնյակ բարձրաստիճան ղեկավարներ, Իսլամական Հանրապետության դեռ ողջ մնացած առանցքային դեմքերից մեկը իշխանական կառույցներում դարձել է Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։

Փորձառու քաղաքական գործիչը, որի կարիերան սկսվել է Իսլամական Հանրապետության գրեթե առաջին օրերից, անցյալ տարի վերադարձավ մեծ քաղաքականություն` որոշակի ընդմիջումից հետո՝ այս ընթացքում ստանձնելով ավելի ու ավելի կարևոր դեր։

Քաղաքական վերադարձ

Լարիջանիի համար վճռորոշ էր Իսրայելի ու Միացյալ Նահանգների հետ Իրանի պատերազմը անցյալ տարվա հունիսին, որը շարունակվեց 12 օր:

Մինչ այդ 67-ամյա գործչին արգելվել էր առաջադրվել նախագահի պաշտոնում: Սակայն 2025 թվականի հունիսյան բախումներից հետո՝ օգոստոսին, Լարիջանին նշանակվեց Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի՝ երկրի քաղաքականության մշակմամբ զբաղվող հիմնական մարմնի քարտուղար։

«12-օրյա պատերազմի ընթացքում տեղի ունեցան մի քանի կարևոր իրադարձություններ։ Ինչպես լրատվամիջոցներում նշեցին պաշտոնյաները, ի հայտ եկավ ընկալումը, որ երկրի առջև ծառացած կարևորագույն խնդիրներից մեկը պաշտպանական կարողությունների սխալ հաշվարկն էր», - այդ ժամանակ «Ազատություն» ռադիոկայանի «Ռադիո Ֆարդա»-ին ասել էր լոնդոնաբնակ իրանցի քաղաքական վերլուծաբան Բաբակ Դորբեյգին։

«Սակայն ամենակարևոր խնդիրը, որը գերակա է մյուս բոլորի նկատմամբ, այն գիտակցումն էր, որ պատերազմի ժամանակ գերագույն առաջնորդի [այաթոլլա Ալի Խամենեիի] վրա հույս դնել չի կարելի», - ասել էր Դորբեյգին։

Խամենեին այժմ սպանված է, քանի որ Իրանի օդային պաշտպանությունը կրկին չդիմացավ հարձակմանը։ Առաջնորդի մահից հետո Լարիջանին դարձավ Իրանի ամենաակտիվ պաշտոնական ձայներից մեկը։ Մինչ այժմ դա անհնազանդության մասին է․ մարտի 2-ին Լարիջանին հայտարարել է, որ Իրանը «չի բանակցելու»։
Այնուհետև սոցցանցերում նա հանդես է եկել ագրեսիվ հայտարարություններով, այդ թվում՝ մի գրառմամբ, որով կարծես կսմթում էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: «Թրամփը դավաճանել է իր «Ամերիկան՝ առաջինը» սկզբունքին՝ որդեգրելով «Իսրայելն՝ առաջինը» սկզբունքը», - գրել է նա անգլերեն՝ մեծատառերով:

Մարտի 1-ին Լարիջանին հայտարարել է, որ ստեղծվել է ժամանակավոր ղեկավարության խորհուրդ՝ երկիրը կառավարելու համար, մինչև կհրապարակվի Խամենեիի իրավահաջորդի անունը: Այդ խորհրդի անդամներն են հոգևորականության վաղեմի բարձրաստիճան ներկայացուցիչ Ալիռեզա Արաֆին, նախագահ Մասուդ Փեզեշքիանը և դատական համակարգի ղեկավար, կոշտ գծի կողմնակից Ղոլամհոսեյն Մոհսենի-Էջեյը:

Իրանի Սահմանադրության համաձայն՝ այս խորհուրդը կղեկավարի երկիրը մինչև 88 անդամից բաղկացած Փորձագետների ժողովը կարողանա հավաքվել՝ նոր գերագույն առաջնորդ ընտրելու համար:

«Ներկայումս Իրանի ներսում համակարգային փլուզման հստակ նշաններ չկան: Որոշումներ կայացնող կառույցները շարունակում են գործել: Անվտանգության ինստիտուտները գործում են համախմբված», - մարտի 3-ին գրել է Թել Ավիվի համալսարանի Ազգային անվտանգության ուսումնասիրությունների ինստիտուտի Իրանի հարցերով ավագ գիտաշխատող Դեննի Ցիտրինովիչը։

Իրաքում ծնվածը

Լարիջանին ծնվել է 1958 թվականին Իրաքի Նաջաֆ քաղաքում՝ իրանցի հայտնի հոգևորականների ընտանիքում: Ընտանիքը տեղափոխվել է Իրան, երբ նա դեռ երեխա էր։ 1979 թվականի Իսլամական հեղափոխության ժամանակ երիտասարդ Լարիջանին եղել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար, որտեղ ծառայել է 1981-83 թվականներին, 1994 թվականից սկսած՝ տասը տարի ղեկավարել է պետական հեռուստատեսությունը և ռադիոն, 2005-2007 թվականներին եղել է Իրանի միջուկային հարցերով գլխավոր բանակցողը, իսկ 2008-2020 թվականներին զբաղեցրել է խորհրդարանի խոսնակի պաշտոնը։ Նա իր ներկայիս՝ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է նաև 2005-2007 թվականներին։

Իր բարձրաստիճան պաշտոններում Լարիջանին ձեռք է բերել միջազգային ճանաչում, մասնավորապես՝ Միացյալ Նահանգների և այլ համաշխարհային տերությունների հետ 2015 թվականի միջուկային համաձայնագրին աջակցելու շնորհիվ։

Թրամփի առաջին վարչակազմը դուրս է եկել այդ համաձայնագրից, սակայն Լարիջանին մնացել է Խամենեիի միջուկային հարցերով գլխավոր խորհրդականը։
Ազգային անվտանգության գերագույն խորհրդի ղեկավարի պաշտոնում վերանշանակվելուց ի վեր նրա իշխանությունն ու հեղինակությունն ավելի են աճել: Հունվարին ցուցարարների նկատմամբ դաժան ճնշումների ժամանակ Վաշինգտոնը նրան ներառեց իր պատժամիջոցների ցանկում:

«Լարիջանին առաջին իրանցի առաջնորդներից մեկն էր, որը կոչ արեց բռնության՝ ի պատասխան Իրանի ժողովրդի օրինական պահանջների», - ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության հունվարի 15-ի հայտարարության մեջ:

Իրավապաշտպան խմբերը հայտնել են, որ հազարավոր մարդիկ են սպանվել Իրանի ուժայինների կողմից, թեև սպանվածների իրական թիվը, ենթադրաբար, շատ ավելի մեծ է:

Անցյալ ամիս Լարիջանին այցելել էր Օման՝ ԱՄՆ բանագնացների հետ անուղղակի բանակցություններին նախապատրաստվելու։ Բանակցություններ, որ ի վերջո չկարողացան կանխել պատերազմը: Վերջին ամիսներին նա նաև հաճախ էր այցելում Մոսկվա՝ աշխատելով Ռուսաստանի հետ անվտանգային կապերի վրա, որոնք չկարողացան օգնել Իրանի պաշտպանությանը թե՛ այս, թե՛ նախորդ հակամարտություններում:

Այս ընթացքում իր ելույթներով Լարիջանին կարծես ամրապնդում էր իր՝ որպես պրագմատիկ գործչի համբավը, պնդելով, որ միջուկային հարցը «լուծելի» է, և հայտարարելով բանակցությունների համար բաց լինելու մասին:

Այժմ, սակայն, նրա հռետորաբանությունը փոխարինվել է ավելի կոշտ տոնով։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի երրորդ օրն էԽամենեիի մահը լուրջ հարված է, բայց Իրանի իշխանության անկումը երաշխավորված չէԼարիջանին հայտարարել է, որ Իրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետԻրանի նոր գերագույն առաջնորդը կարող է ընտրվել 1-2 օրվա ընթացքում. ԱրաղչիԻրանի նախագահը հայտարարել է, որ շարունակելու են գերագույն առաջնորդի հետքերով գնալԱլիռեզա Արաֆին՝ Խամենեիի ժամանակավոր փոխարինող ղեկավար խորհրդումԻրանում այսօր կստեղծվի ժամանակավոր ղեկավար խորհուրդԱկտիվիստից մինչև դատապարտելի առաջնորդ. փաստեր Խամենեիի մասինԻրանի պետական լրատվամիջոցները հաստատում են՝ Խամենեին սպանված է