8-րդ գումարման Ազգային ժողովի վերջին նիստի գլխավոր իրադարձությունը խորհրդարանի խոսնակին հրաժեշտ տալն էր: Գլխավոր հեռացող Ալեն Սիմոնյանն ամբիոնից վերջին անգամ դիմեց թիմակիցներին: Ընդդիմադիրները դարձյալ բացակա էին:
«Եթե աշխատանքիս ընթացքում ինչ-որ մեկի նկատմամբ անարդար եմ եղել, թող ներողամիտ լինեն: Դուք գիտեք, որ ես բոլորիդ սիրում եմ ու ինչքան կարևոր եք բոլորդ իմ համար»,- իր ելույթում ասաց Ալեն Սիմոնյանը:
Ռուբեն Ռուբինյանը և Ալեն Սիմոնյանը
Մինչ Ալեն Սիմոնյանը կմոտենար ամբիոնին, նրան այդ պաշտոնում հաջորդող Ռուբեն Ռուբինյանը Սիմոնյանի աշխատանքը որակեց «փայլուն», իր ելույթում Ռուբինյանն ընդգծեց.
«Այս տարիների ընթացքում Հայաստանն անցել է բազմաթիվ բարդությունների, դժվարությունների միջով, բայց մենք բոլորս՝ ՀՀ վարչապետի գլխավորությամբ և մենք էլ Ազգային ժողովում պարոն Սիմոնյանի գլխավորությամբ հասել ենք մեր ամենակարևոր խոստման կատարմանը՝ խաղաղությանը, և ես ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Սիմոնյանին մեր քաղաքական թիմը առաջնորդելու համար»:
ՔՊ-ականները հոտնկայս ծափահարեցին: Ծափերին ու ընդհանուր տրամադրությանը, սակայն, չմիացավ պատգամավոր Հայկ Սարգսյանը. նա այդպես էլ մնաց նստած։ Սիմոնյանի և Սարգսյանի հարաբերությունները լարված են, երկուսն էլ դա չեն թաքցնում:
Your browser doesn’t support HTML5
Խորհրդարանում ծափահարություններով հրաժեշտ են տալիս Ալեն Սիմոնյանին
«Քաղաքացիական պայմանագրի» 20 հոգանոց վարչությունից, ըստ մամուլի, Սիմոնյանի թեկնածությանը կողմ էին քվեարկել 5 հոգի: Սակայն այսօր նիստերի դահլիճում նրա չընտրվելու պատճառները շրջանցվեցին, հեռացող խոսնակին ուղղում էին միայն դրվատանքի խոսքեր:
«Իմ վերջին ելույթով այս ամբիոնից ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ևս մեկ անգամ Ազգային ժողովի նախագահ պարոն Սիմոնյանին՝ իր կատարած շատ կարևոր և վճռական աշխատանքի համար, և ես ուզում եմ նաև արձանագրել, որ մեր թեկնածուն և մեր առաջադրած թեկնածությունն իսկապես հաջողված էր»,- ասաց ՔՊ պատգամավոր Հայկ Կոնջորյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ինչո՞ւ որոշեցին փոխարինել Ալեն Սիմոնյանին՝ Ռուբեն Ռուբինյանով. հրաժեշտ խորհրդարանինԱզգային ժողովի նախագահի քաղաքական ապագան դեռ անորոշ է: «Քաղաքացիական պայմանագրի» նախագահ Նիկոլ Փաշինյանն էլ երեկ պնդեց, թե այդ հարցով դեռ հստակություն չկա:
«Ես նախապես չեմ պլանավորել, որ պարոն Սիմոնյանը չի լինելու Ազգային ժողովի նախագահ կամ Ազգային ժողովի պատգամավոր, դա նոր իրավիճակ է, կքննարկենք կհասկանանք»,- շեշտեց վարչապետը:
Եթե նիստերի դահլիճում ամեն ինչ անցնում էր ջերմ մթնոլորտում, ապա կուլիսներում, ըստ մամուլի, իրավիճակն այնքան էլ հարթ չէ։ Ալեն Սիմոնյանի թիմակիցները ճամպրուկներն են հավաքում, որպեսզի հեռանան ավելի շուտ, քան նրանց կհեռացնի խորհրդարանի ապագա նախագահը: Ռուբեն Ռուբինյանին այսօր հարցրինք՝ Ազգային ժողովի աշխատակազմում կլինե՞ն կադրային էական փոփոխություններ.
«Ես այդ որոշումներին կանդրադառնամ, երբ կլինի պատեհ և երբ ժամանակը կլինի, հիմա պատեհ չեմ համարում դրա մասին խոսել: Հիմա «Քաղաքացիական պայմանագրի» վարչությունը որոշել է առաջադրել իմ թեկնածությունը: Այս պահին կա գործող Ազգային ժողովի նախագահ, կա գործող աշխատակազմ»,- պատասխանեց Ռուբինյանը:
Խորհրդարանի նախագահ ընտրվելու դեպքում Ռուբեն Ռուբինյանը չի շարունակի Թուրքիայի հետ բանակցություններում ներկայացնել Հայաստանը: Ռուբինյանի խոսքով.- «Տեսել եմ ինչ-որ տարբեր լրագրողներ, գլխավոր խմբագիրներ այդ հիմարությունները խոսում են, թե՝ ահա, քանի որ Ռուբեն Ռուբինյանը բանակցողն է Թուրքիայի հետ, ուրեմն իրեն ընտրել են Ազգային ժողովի նախագահի թեկնածու՝ որպես ժեստ Թուրքիային: Ես ուզում եմ Ձեզ տեղեկացնել, որ քանի որ ես ԱԺ նախագահի թեկնածու եմ ընտրվել և ընտրվելու դեպքում ակնհայտորեն ես չեմ շարունակելու Թուրքիայի հետ բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ լինել»:
Թուրքիայի հետ բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը նաև հայտնեց, որ շնորհավորանքներ է ստացել ոչ միայն թուրք գործընկեր Սերդար Քըլըչից, այլև, օրինակ՝ ռուսաստանցի պաշտոնակցից: