Ազգային ժողովի փոխխոսնակ Վահագն Ալեքսանյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով կառավարության ծրագրում ներառված կետին՝ կաթողիկոսին հեռացնելու մասին՝ ասաց, որ դա ընդգրկված էր իրենց նախընտրական ծրագրում, ընդդիմությունն իմացել է, քաղաքացիներն էլ քվեարկել են։
Հարցին՝ ովքե՞ր են արտաքին ուժերը, որոնք ցանկանում են Հայ Առաքելական եկեղեցին հիբրիդային պատերազմի հենակետ դարձնել՝ Ալեքսանյանը հստակ պատասխան չտվեց:
«Ինձ թվում է մեր քաղաքացիները շատ լավ գիտեն՝ որ երկրի կամ երկրների մասին է խոսքը: Հիմնավորումը Եզրաս սրբազանի [խմբ. նա Ռուսաստանի և Նոր Նախիջեւանի հայոց թեմի առաջնորդն է և Ամենայն հայոց կաթողիկոսի եղբայրը] ԿԳԲ-ի տոմսն է», - ասաց Ալեքսանյանը:
Հայաստանի նոր կառավարությունն իր ծրագրում առանձին գլուխ է նվիրել եկեղեցուն՝ նշելով, որ «ապահովվելու է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի հեռացումը (հանգստի կոչումը), և սահմանված կարգով իրականացվելու է Կաթողիկոսական տեղապահի ընտրություն»։
Կառավարությունը այս գործողությունները մտադիր է իրականացնել՝ «Հոգևոր անվտանգության խնդիրն ապահովելու, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիբրիդային պայքարի հենակետ դարձնելու արտաքին ուժերի փորձերը բացառելու» համար։
Կաթողիկոսին գահընկեց անելու Փաշինյանի նպատակը ամրագրվել է նաև իր ղեկավարած կուսակցության ծրագրում: Նախընտրական ծրագրով խոստանում են մինչև 2031 թվականը հեռացնել Գարեգին 2-րդին: Մայր Աթոռի դեմ Փաշինյանի արշավը գագաթնակետին հասավ հատկապես վերջին մեկ տարում: Քրեական գործեր հարուցվեցին Կաթողիկոսի ու Մայր Աթոռին սատարող եպիսկոպոսների դեմ: Մի խումբ բարձրաստիճան հոգևորականներ ամիսներ շարունակ բանտում էին՝ տարբեր մեղադրանքներով: