«Սկսած աղիողորմ մռնչյուններից, որ հնչում են, դաս են բոլոր նրանց համար, որ ժողովրդից և պետությունից թալանված ոչ մի լումա ոչ մեկ չի մարսելու: Ով ուզում է լինի: Ասել եմ, որ օրենքում պետք է փոփոխություն կատարվի, և ապօրինի գույքը 100 տոկոսով պետք է բռնագանձվի», - այսօր խորհրդարանում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Չհամաձայնելով ընդդիմությունից հնչող քննադատություններին, թե ապօրինի գույքի բռնագանձման գործընթացի միջոցով իշխանությունը քաղաքական հետապնդման է ենթարկում նախկիններին, Փաշինյանը նշեց, որ եթե մարդը աշխատել է պետական պաշտոնում ու դարձել է դոլարային միլիոնատեր կամ միլիարդատեր, այդ մարդու նկատմամբ չի կարող լինել քաղաքական հետապնդում:
«Էդ մարդուն րոպե առաջ պետք է կուլակաթափ անել», - պնդեց վարչապետը՝ հիշեցնելով, որ Կառավարության նոր ծրագրով նախատեսում են մինչև 2031 թվականը 2 միլիարդ դոլարի ապօրինի գույք վերադարձնել:
Անդրադառնալով հարցին, թե որքանո՞վ է իրատեսական 2 միլիարդ դոլարի գույք վերադարձնելը, Փաշինյանը հիշեցրեց ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ապօրինի որակվող գույքի ցանկը՝ ասելով, որ այն 1 միլիարդից ավելի էր:
«Արդյունավետ արդարադատության դեպքում միայն էս դեպքով 1 միլիարդ դոլարից ավելի էդ վերադարձը կապահովենք», - նշեց Նիկոլ Փաշինյանը: