Ադրբեջանը հայտարարել է, թե հիբրիդային աննախադեպ հարձակման տակ է, այդ թվում՝ հարևան և բարեկամ երկրներից

Ադրբեջանի խորհրդարանի շենքը

Ադրբեջանը հիբրիդային համակարգված աննախադեպ հարձակումների է ենթարկվել, այդ թվում՝ կրոնական և գաղափարախոսական սադրանքների, տեղեկատվական գործողությունների և կիբեռհարձակումների, հայտարարել է խորհրդարանի արտաքին միջամտության և հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի ժամանակավոր հանձնաժողովը։

Խորհրդարանական կառույցի տարածած հայտարարությունում նշվում է, որ Միլի Մեջլիսի և համապատասխան պետական մարմինների համատեղ հետաքննությունը ցույց է տվել, որ «ապակառուցողական գործողությունների հետևում կանգնած են երկրի ներսում և դրսում ազդեցության գործակալներ, հաքերային խմբեր, արտասահմանյան լրատվամիջոցներ և բոտնեթեր»։

Ընդորում, ապատեղեկատվական բովանդակությունը տարածվում է, այդ թվում՝ հարևան և բարեկամ պետությունների տարածքներից, թվացյալ անկախ թվային ալիքներով, նշում է հանձնաժողովը։ Թե որ երկրների մասին է խոսքը, հայտարարությունում չի նշվում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Կիբեռհարձակումներ Ադրբեջանի 100-ից ավելի պետական դոմենների վրա

Այս հարձակումների հիմնական նպատակն է «հասարակությունը պառակտել ըստ էթնիկ և կրոնական պատկանելիության, խաթարել պետական ինստիտուտների նկատմամբ վստահությունը և ազատությունների պաշտպանության քողի տակ պարտադրել օտար արժեքներ», ասվում է հայտարարությունում:

Ադրբեջանի խորհրդարանի հայտարարությունը հնչում է երկրում տեղի ունեցած բողոքի ցույցերի ֆոնին, որոնք սկսվել էին այն բանից հետո, երբ դպրոցական համազգեստի մասին կառավարության նոր կարգավորումների կիրառման ընթացքում հիջաբ կրող աշակերտներին և ուսուցչուհիներին թույլ չէին տվել մտնել ուսումնական հաստատություններ:

Խորհրդարանականները շեշտել են, որ արտաքին ճնշման կտրուկ աճը ուղղակիորեն կապված է Ադրբեջանի միջազգային հեղինակության ամրապնդման, միջազգային էներգետիկ անվտանգության և ներքին կայունության գործում նրա կարևոր դերի հետ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հիջաբի շուրջ վեճը «կարող է խաթարել ադրբեջանա-թուրքական հարաբերությունները»

Չնայած տեղեկատվական արշավի մասշտաբներին՝ համապատասխան մարմինները հաջողությամբ չեզոքացնում են սպառնալիքները, իսկ երկրի քաղաքացիները ցուցաբերում են դիմադրողականություն սադրանքներին, ասվում է հայտարարությունում:

Հոկտեմբերի 14-ին ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել էին, որ կիբեռհարձակման են ենթարկվել Ադրբեջանի 100-ից ավելի պետական կայքեր: Չնայած թուրքական հետքի մասին ուղիղ չի նշվում, սակայն երեկ

Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը մտքեր էին փոխանակել վերջերս թուրք-ադրբեջանական հարաբերություններում դիտարկվող գործընթացների վերաբերյալ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ալիևը և Ֆիդանը հանդիպել են, քննարկել վերջին գործընթացները

Վերջերս լարվածություն է նկատվում Թուրքիայի և Ադրբեջանի միջև՝ կապված դպրոցներում հիջաբ կրելու՝ Բաքվի սահմանած արգելքի հետ: Այդ որոշումը դուր չի գալիս Անկարային, որն այն քննադատել է: Մասնավորապես, Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդականն ու իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորներն անընդունելի էին համարել դա և կոչ է արել հրաժարվել այդ որոշումից: Օրերս էլ երկրում Ադրբեջանի դեսպանատան դիմաց ցույց էր անցկացվել ընդդեմ նոր կարգավորումների:

Չնայած դրան՝ Բաքուն շարունակում է որոշումը կիրառել։ Ադրբեջանի իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցությունն «անպատասխանատու» է որակել թուրք պաշտոնյաների հայտարարություններն ու նշել, թե դրանք կարող են խաթարել ադրբեջանա-թուրքական հարաբերությունները: