«Ադրբեջանի աղվանա-ուդիական համայնքը» դատապարտում է Գանձասարի և Դադիվանքի շուրջ Հայաստանի արձագանքը

Արցախ, Գանձասար, արխիվ

«Ադրբեջանի աղվանա-ուդիական քրիստոնեական կրոնական համայնքը» հայտարարություն է տարածել, որում «վճռականորեն դատապարտում է հայկական հասարակությունում և Հայաստանի քաղաքական շրջանակներում ռևանշիստական բնույթի արձագանքը» Գանձասար և Դադիվանք Բաքվում հավատարմագրված դիվանագետների այցի հետ կապված իրադարձություններին:

Կրկնելով Ադրբեջանի նախագահի օգնականի Հիքմեթ Հաջիևի պնդումները, թե «Գյանջասարը» և «Խուդավենգը» աղվանական պատմամշակութային ժառանգություն են, հայտարարության հեղինակները, APA լրատվական գործակալության փոխանցմամբ, շարունակում են. - «Համարում ենք, որ հայկական, այդ թվում՝ հայկական լոբբիստական շրջանակների, որոնք մինչ օրս չեն հրաժարվել պատերազմի քարոզչությունից, ինչպես նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի և այլ պաշտոնատար անձանց կողմից, որոնք խոսում են խաղաղության օրակարգին նվիրվածության մասին, որպես հայկական ժառանգություն Ադրբեջանի այնպիսի պատմական հուշարձանների ներկայացումը, ինչպիսիք են Գյանջասարը և Խուդավենգը, ոչ միայն պատմական փաստերի հերքում և կեղծում է, այլև սպառնալիք է ստեղծում տարածաշրջանում ձևավորվող փխրուն խաղաղ գործընթացի համար»:

Հայտարարության հեղինակները պնդում են, թե Հայաստանի քաղաքական և կրոնական շրջանակները «անկեղծ չեն խաղաղության իրենց ձգտման մեջ»:

Հայտարարությամբ են հանդես եկել նաև 52 ադրբեջանական ոչ կառավարական կազմակերպություններ՝ «վճռականորեն դատապարտելով Հայաստանի տարբեր շրջանակների արձագանքը Ղարաբաղ և Արևելյան Զանգեզուր դիվանագիտական կորպուսի այցին»:

Այս հայտարարության հեղինակները որպես «Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ գործողություններ» են գնահատում այդ արձագանքը և պնդում, թե դրանք «լուրջ հարված են հասցնում ադրբեջանա-հայկական խաղաղության օրակարգին»: Ադրբեջանական ՀԿ-ները Հայաստանի կառավարությանը կոչ են անում պահպանել նվիրվածությունը խաղաղության օրակարգին և «միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի դեմ իրրեդենտիստական կոչերով հանդես եկող անձանց և կազմակերպությունների դեմ»:

Անցած շաբաթ Հիքմեթ Հաջիևը երկրում հավատարմագրված տասնյակ դիվանագետների Լեռնային Ղարաբաղ ուղեկցելու ժամանակ վստահեցրել էր, թե Գանձասարն ու Դադիվանքը աղվանական եկեղեցիներ են, իսկ Գանձասար այցի ընթացքում ծաղրող մեկնաբանություններ էր արել հայկական հին ձեռագրերի վերաբերյալ:

Պաշտոնական Երևանը խուսափում է քաղաքական գնահատական տալ Բաքվի այս գործելաոճին. երկու օր առաջ անդրադառնալով Գանձասարի դեպքերին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե «անիմաստ» է համարում Գանձասարի հայկականության թեմայով քննարկումները և «նպատակադրումը, որ դա պետք է ապացուցենք Ադրբեջանին»։ Արձագանքելով ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակացության պատգամավորին, ով հորդորել էր վարչապետին «մոտենալ ամբիոնին ու ասել, որ Գանձասարը հայկական է», Փաշինյանը հայտարարեց՝ այդ հարցի պատասխանը տրվել է Մատենադարանի տնօրենի միջոցով։ Հայաստանցի պաշտոնյաները նաև շեշտում են, որ այս հարցով Բաքվի հետ բանավեճի մեջ մտնելը չի նպաստում խաղաղությանը, որը խնամքի կարիք ունի:

Արտգործնախարար Արարատ Միրզոյանն էլ հայտարարել է, որ իր ղեկավարած գերատեսչությունն «անհրաժեշտ քայլերն արել է» Գանձասարում տեղի ունեցածից հետո:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Հայաստանն արձագանքել է Մատենադարանի տնօրենի միջոցով», - ասում է Փաշինյանը. Հաջիևը կրկնում է իր պնդումըՀաջիևի «դատարկ էջերը» և Գանձասարի տապանաքարի հայերեն վկայությունը Բաքվում հավատարմագրված դիվանագետներն այցելել են Գանձասար. Հաջիևն այն նույնպես աղվանական հռչակեց