Ադրբեջանի համար Հայաստանի Սահմանադրությունում միակ կարևոր հարցը «մեր երկրի նկատմամբ տարածքային պահանջների վերացումն է», - այսօր հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:
Նշելով, որ երկու երկրների միջև խաղաղության համաձայնագիրը նախաստորագրվել է վաշինգտոնյան պատմական գագաթնաժողովի ժամանակ, Բայրամը շարունակել է. - «Համաձայնագրի նախաբանը և 17 հոդվածները հիմնված են միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների վրա: Ադրբեջանը բացահայտ հայտարարել է, որ համաձայն է վերջնականապես ստորագրել համաձայնագիրը միայն մեկ պայմանի դեպքում. Հայաստանի Սահմանադրությունից պետք է հեռացվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները»:
«Դա Հայաստանի ներքին գործընթացն է, և դրա իրականացման ժամկետների որոշումը դուրս է մեր հնարավորություններից: Ես չէի ցանկանա մեկնաբանել Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ այսօր ներկայացված առաջարկը: Դա Հայաստանի ներքին գործն է», - APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Բայրամովը և շարունակել. - «Մեզ համար միակ կարևոր հարցը նոր Սահմանադրությունում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների բացակայությունն է: Դատելով հրապարակված տեքստից՝ ներկայումս նման պահանջներ դրանում չկան: Մենք դա շատ բարձր ենք գնահատում»:
Այսօր առավոյան հրապարակվեց Հայաստանի նոր Սահմանադրության նախագիծը։ Դրա նախաբանում բացակայում է հղումը Հայաստանի Անկախության հռչակագրին։
Բաքուն որպես խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման պահանջում է Հայաստանի Սահմանադրության նախաբանից հանել Անկախության հռչակագրին հղումը, որում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ է տեսնում: Այդ փաստաղթում հիշատակում կա Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միավորման մասին:
Նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու համար անհրաժեշտ է, որ Ազգային ժողովում դրա օգտին քվեարկի առնվազն 70 պատգամավոր։ Վերջին խորհրդարանական ընտրություններում սահմանադրական մեծամասնություն չստացած «Քաղաքացիական պայմանագիրն» առանց ընդդիմադիրների 6 ձայնի չի կարող ընդունել այդ որոշումը: Ընդդիմությունը համարում է, որ երկրի մայր օրենքը փոխվում է Բաքվի պահանջով, ուստի հայտարարում են, որ չեն աջակցի իշխանությանն նախագիծը հանրաքվեի դնելու հարցում: