Խորհրդարանական երկու ընդդիմադիր ուժերը՝ «Ուժեղ Հայաստանը» և «Հայաստան» խմբակցությունները մերժում են վարչապետի առաջարկը:
Վարչապետ Փաշինյանի գործողությունները որակելով ահաբեկչական՝ «Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանն ընդգծեց. - «Փաշինյանի հետ բանակցելը բացառվում է, ահաբեկիչների հետ չենք բանակցում: Քաղաքական ուժերի ղեկավարներին կալանավորել, քրեական գործեր, դատական պրոցեսներ, դա ահաբեկչին բնորոշ գործողություն է: Ներսում Փաշինյանը սպառնում է բուլդոզերով, դրսից Ադրբեջանը սպառնում է պատերազմով, այս պայմաններում ի՞նչ հանրաքվեի մասին կարող ենք խոսել: Եթե այդքան քաջություն ունի, թող իր երկրորդ սպառնալիքը իրականացնի՝ արտահերթ ընտրություններ», - ասաց ասաց Խաչատրյանը:
Նիկոլ Փաշինյանն այսօր կրկնեց իր առաջարկը ընդդիմությանը՝ նոր Սահմանադրության նախագիծը դնել հանրաքվեի՝ եթե այն հանրաքվեով չընդունվի, հրաժարական կտա, իսկ եթե ժողովուրդն «այո» ասի նոր Սահմանադրությանը, հաջորդ ընտրություններում ինքը որպես վարչապետի թեկնածու չի առաջադրվի:
Անցած շաբաթ Փաշինյանը հայտարարել էր, եթե ընդդիմությունը հրաժարվի «ինձ հեռացնելու այս տարբերակներից, մենք ենք իրենց հեռացնելու»:
«Իմ պատկերացումն այն է, որ եթե ընդդիմությունը մերժի առաջարկը, ցույց կտանք ակնհայտը, ցույց կտանք, որ ընդդիմությունը հանդես է գալիս խաղաղության խոչընդոտի դերում, այս ընկալմամբ կգնանք արտահերթ ընտրությունների, և իմ զգացողությունն ասում է, որ ընդդիմության այսօրվա խմբակցությունները չեն անցնի խորհրդարան», - ասել էր Փաշինյանը:
«Փաշինյանն ասում է՝ իրեն հեռացնելու միակ հնարավորությունը հեղափոխությունն է, այսինքն բացառում է, որ ընտրություններով կարող է հեռանա՞լ, Բրեժնևն է՞», - ասաց նա:
«Հայաստան» խմբակցության քարտուղարը ներկայացրեց իրենց դիրքորոշումը՝ Փաշինյանը պետք է հեռանա, որ Սահմանադրությունը չփոխվի.- «Մենք ասում ենք՝ Փաշինյանը պիտի գնա, որ Սահմանադրությունը չփոխվի, Հայաստանը չդառնա Ադրբեջանի գաղութը»:
Խորհրդարանական մյուս ընդդիմադիր ուժը՝ «Ուժեղ Հայաստանը» մերժում է նոր Սահմանադրության նախագծի ընդունման վերաբերյալ ցանկացած քննարկում:
«Սահմանադրության նախագծից պարզ է, որ սա բացի ալիևյան սահմանադրություն լինելուց, նաև ոչ ժողովրդավար, բռնապետական միտում պարունակող Սահմանադրություն է: Ադրբեջանի պահանջով կամ արտաքին ուժերից որևէ մեկի պահանջով Սահմանադրություն չի ընդունվելու: Մենք ինչպես պաշտպանելու ու պաշտպանում ենք Հայ առաքելական եկեղեցին, այնպես էլ պաշտպանում եքն ՀՀ մայր օրենքը», - «Ազատության» հարցին ի պատասխանեց ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Նա պնդեց, որ իրենց խմբակցության պատգամավորներից ոչ մեկը կողմ չի քվեարկելու նախագծին:
Ընդդիմությունը համարում է, որ երկրի մայր օրենքը փոխվում է Բաքվի պահանջով:
Բաքուն որպես խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման պահանջում է Հայաստանի Սահմանադրության նախաբանից հանել Անկախության հռչակագրին հղումը, որում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ է տեսնում: Այդ փաստաթղթում հիշատակում կա Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միավորման մասին:
Հրապարակված նոր Սահմանադրության նախագծի նախաբանում բացակայում է հղումը Հայաստանի Անկախության հռչակագրին։ Հայաստանի Վարչապետն այսօր ընդգծեց՝ սա հրաժարում է 1990 թվականի Անկախության հռչակագրի, այսինքն, կոնֆլիկտի տրամաբանությունից: