Իրանի հարստացված ուրանի պաշարները կօգտագործվեն երկրի կարիքներին համապատասխան, իսկ միջուկային նյութերը չեն տեղափոխվի արտերկիր։ Այս մասին IRAN թերթին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
Նրա խոսքով՝ Թեհրանը պատրաստ է միջուկային խնդրի արդար լուծման շուրջ բանակցել, սակայն ցանկացած պայմանավորվածություն պետք է լինի համապարփակ համաձայնագրի մաս և պաշտպանի Իրանի ազգային շահերը։
«Միջնորդների միջոցով տարբեր առաջարկներ են փոխանցվել, որոնք կարող են քննարկվել, սակայն միջուկային հարցը չի կարող տարանջատվել մյուս խնդիրներից»,- ասել է Արաղչին։
Այս ամիս ավելի վաղ Իրանը ՄԱԿ-ի միջուկային վերահսկողության գործակալությանը հայտնել էր, որ միջուկային մոնիթորինգի շուրջ քննարկումները չեն կարող շարունակվել, քանի դեռ երկիրը ռազմական հարվածների սպառնալիքի տակ է։
Միացյալ նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանի միջուկային օբյեկտներին հասցված հարվածներից հետո դրանց վերականգնումը կարող է 25 տարի տևել։ Նա նաև պնդել է, որ Իրանը չի կարող միջուկային ծրագրի հետ կապված որևէ քայլ անել առանց ԱՄՆ-ի համաձայնության։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Թրամփը հերքել է, թե առաջարկել է մեղմել Իրանի դեմ պատժամիջոցները միջուկային ծրագրում զիջումների դիմացԱնդրադառնալով հակամարտության կարգավորմանը՝ Իրանի արտգործնախարարը ներկայացրել է Թեհրանի առաջարկած ճանապարհային քարտեզը։ Նրա խոսքով՝ սկզբնական՝ Իսլամաբադի փոխըմբռնման հուշագիրն այլևս չի գործում, սակայն ԱՄՆ-ի ստանձնած պարտավորությունները շարունակում են արդիական մնալ։
Արաղչիի փոխանցմամբ՝ Իրանը հետագայում ներկայացրել է յոթօրյա ծրագիր, որը կրճատվել է մինչև երկու օր։ Դրա համաձայն՝ նախ Վաշինգտոնը պետք է կատարի իր պարտավորությունները, որից հետո կվերաբացվի Հորմուզի նեղուցը և կմեկնարկեն վերջնական համաձայնագրի շուրջ բանակցությունները։
Նա ընդգծել է, որ առաջարկը շարունակում է մնալ սեղանին, սակայն բանակցությունները վերսկսելու համար ԱՄՆ-ը պետք է հստակ հայտարարի համաձայնության հասնելու պատրաստակամության մասին և գործնական քայլերով ամրապնդի վստահությունը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Արաղչի․ «ԱՄՆ պատրաստ չէ հավասարության սկզբունքի վրա հիմնված բանակցությունների»Արաղչին նաև պնդել է, որ ԱՄՆ վարչակազմի ներսում տարաձայնությունները և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ Վաշինգտոնին նոր պատերազմի մեջ ներքաշելու փորձերը բարդացնում են դիվանագիտական գործընթացը։ Նա պնդել է, որ Նեթանյահուն նոր ռազմական բախումը դիտարկում է որպես սեփական քաղաքական գոյատևումն ապահովելու միջոց։
Խոսելով Իրանի միջուկային դոկտրինի և Միջուկային զենքի չտարածման պայմանագրին (NPT) երկրի անդամակցության հնարավոր վերանայման մասին՝ նախարարը նշել է, որ հարցը լուրջ ռազմավարական քննարկումների առարկա է, սակայն Իրանի պաշտոնական միջուկային դոկտրինը չի փոխվել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Իրանը կքննարկի Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից դուրս գալու հարցըՏարածաշրջանի երկրները դեմ են պատերազմի երկարաձգմանը. Արաղչի
« Թեհրանը ցանկանում է վերջ դնել պատերազմի և խաղաղության միջև անորոշ վիճակին՝ հասնելով արժանապատիվ համաձայնության, որը չի խաթարի երկրի արժանապատվությունը և չի արժեզրկի պատերազմի ընթացքում դիմադրության շնորհիվ ձեռք բերված արդյունքները»,- ասել է Իրանի արտգործնախարարը՝ ընդգծելով, որ ցանկացած համաձայնություն ենթադրելու է փոխադարձ զիջումներ, սակայն պետք է պաշտպանի Իրանի ազգային շահերը։
Նա նաև նշել է, որ տարածաշրջանի երկրները դեմ են պատերազմի երկարաձգմանը և կողմ են կայուն խաղաղությանը՝ մերժելով այն պնդումը, թե իրենք կաջակցեն Իրանի նկատմամբ տնտեսական ճնշման շարունակմանն ու շրջափակմանը։
«Կայուն խաղաղության հիմքերն են տարածաշրջանային համագործակցությունը, ներառական անվտանգությունն ու տնտեսական զարգացումը։ Տարածաշրջանի երկրները սեփական անվտանգությունն ապահովելու համար չպետք է ապավինեն օտարերկրյա ռազմական ուժերին»- ասել է Իրանի արտաքին գործերի նախարարը։
Արաղչին հավելել է, որ Կատարը և Պակիստանը շարունակում են միջնորդական ջանքերը՝ Թեհրանի և Վաշինգտոնի միջև հաղորդագրություններ ու առաջարկներ փոխանցելով։ Նրա խոսքով՝ Իրանը մտադիր չէ փոխել կամ ընդլայնել գործող միջնորդական ուղիները։