Պարսից ծոցի դաշնակիցները խնդրել են հետաձգել նոր հարվածներն Իրանին. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մասնակցում է Վետերանների օրվա արարողությանը Արլինգտոնի ազգային գերեզմանատանը, Վիրջինիա, 11-ը նոյեմբերի, 2026թ.
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մասնակցում է Վետերանների օրվա արարողությանը Արլինգտոնի ազգային գերեզմանատանը, Վիրջինիա, 11-ը նոյեմբերի, 2026թ.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան, Կատարը և Պարսից ծոցի այլ դաշնակից երկրներ իրեն խնդրել են զերծ մնալ Իրանի դեմ հետագա լայնածավալ հարձակումներից:

Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում Թրամփն ասել է, որ կարող է անմիջապես դադարեցնել պատերազմը, բայց տարածաշրջանային դաշնակիցների խնդրանքով շարունակում է տնտեսական և ռազմական ճնշումը։

«Սաուդյան Արաբիան խնդրել է ինձ, որ որոշ ժամանակով թողնեմ ամեն ինչ այնպես, ինչպես հիմա է», - ասել է նա՝ հավելելով, որ Կատարը, Քուվեյթը, Արաբական Միացյալ Էմիրությունները և Բահրեյնը նախընտրում են այս մոտեցումը։ «Վստահ չեմ, որ համաձայն եմ դրա հետ», - հավելել է Թրամփը։

Հարցին, թե արդյոք նա կձեռնարկեր հետագա հարձակումներ, եթե չլինեին այդ խնդրանքները, Թրամփը պատասխանել է. «Այո, կանեի»։

Նա պնդել է, որ ԱՄՆ-ն մեծապես խնայել է Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներ, կամուրջներն ու արտադրական օբյեկտները, թեև կարող է երեք օրում ոչնչացնել դրանք։

«Մեկ օրում նրանց էներգետիկ ոլորտը կոչնչանա։ Եվս մեկ օր և նրանց կամուրջները կանհետանան։ Եվս մեկ օր ու նրանց արտադրական հզորությունը հօդս կցնդի: Դրա համար ինձնից ընդամենը երեք օր կպահանջվի», - ասաց նա։

ԱՄՆ-ի և Իրանի միջև միջնորդների միջոցով բանակցությունները փաստացի փակուղում են: Նախագահ Թրամփը նոյեմբերի 12-ին հայտարարել է, որ ԱՄՆ-ին Իրանի հետ գործարք պետք չէ։ Թեհրանն էլ պնդում է, որ բանակցությունների օրակարգը կորոշի միայն այն ժամանակ, երբ Վաշինգտոնն ընդունի իր յոթ պայմանները։ Իրանը նաև չի համաձայնում երկրից հանել հարստացված ուրանը։ ԱՄՆ-ն պահանջում է, որ միջուկային ծրագրի սահմանափակումները ներառվեն համաձայնագրի սկզբնական փուլում։

Իսկ այս ընթացքում պահպանվում է լարվածությունը Հորմուզի նեղուցում, որտեղով պատերազմից առաջ անցնում էր աշխարհում սպառվող բնական գազի և նավթի մոտ 20 տոկոսը: ԱՄՆ-ն շարունակում է Իրանի նավահանգիստների ռազմածովային շրջափակումը, իսկ Իրանը շարունակում է սահմանափակել նավագնացությունը Հորմուզի նեղուցում։ Վերջին շրջանում երկու կողմերն էլ հաղորդել են նավերի վրա հարձակումների և պայթյունների մասին։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի տվյալներով՝ նեղուցով նավագնացության ծավալը նախապատերազմյան մակարդակից մոտ 65 տոկոսով ցածր է:

​
XS
SM
MD
LG