ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է մամուլի հրապարակումները, թե առաջարկել է մեղմել Իրանի նկատմամբ պատժամիջոցները և ազատել իրանական սառեցված միջոցները՝ Թեհրանի կողմից միջուկային զիջումների դիմաց։
«Դա ճիշտ չէ։ Ես նրանց ոչինչն չեմ առաջարկել»,- իր Truth Social սոցցանցում գրել է Թրամփը՝ հավելելով, որ Axios-ի հրապարակումը, ինչպես մյուս հրապարակումների մեծ մասը, խաբեություն է: «Նրանք պետք է անմիջապես հեռացնեն այդ հրապարակումը»,- հավելել է նա:
Axios-ը, հղում անելով ամերիկացի անանուն պաշտոնյաների, գրել էր, որ թե Կատարի և Պակիստանի միջնորդներն աշխատում են կամուրջներ ստեղծել Վաշինգտոնի և Թեհրանի միջև՝ Մերձավոր Արևելքում շարունակվող լարվածության ֆոնին:
Ըստ պարբերականի տեղեկությունների՝ անուղղակի քննարկումները կենտրոնացած էին ԱՄՆ-ի կողմից տնտեսական պատժամիջոցները մեղմելու վրա՝ Իրանի միջուկային ծրագիրը դադարեցնելու կոնկրետ քայլերի դիմաց, չնայած բանակցողները նշել են, որ երկու կողմերը դեռևս տարակարծիք են ժամանակացույցի և պարտավորությունների հաջորդականության հարցում:
CNN-ը ևս, հղում անելով անանուն ամերիկացի պաշտոնյայի, հաղորդել էր, թե Թրամփը պատրաստ է մեղմել Իրանի նկատմամբ պատժամիջոցները և ազատել սառեցված միջոցները վերջնական համաձայնագրի շրջանակում՝ պայմանով, որ Իրանը «կոնկրետ առաջընթաց» գրանցի միջուկային ծրագիրը դադարեցնելու հարցում։
Մինչ այդ Reuters-ը հաղորդել էր, որ կատարցի միջնորդներն այսօր կամ վաղը Նյու Յորքում առանձին բանակցություններ կվարեն Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի և ամերիկյան կողմի հետ: Ըստ գործակալության՝ ակնկալվում է, որ բանակցությունները կկենտրոնանան նախորդ շաբաթ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում Իրանի ներկայացրած առաջարկի փոփոխված տարբերակի վրա:
Արաղչին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովից հետո մնում է Նյու Յորքում: Առայժմ հստակ չէ, թե ով է միջնորդների հետ բանակցություններում ներկայացնելու Միացյալ Նահանգները: Իրանական ISNA լրատվական գործակալությունը հաստատել է, որ Արաղչին միջնորդների հետ հանդիպելու է Նյու Յորքի ժամանակով այսօր առավոտյան:
Թեհրանը հայտարարել է, որ Վաշինգտոնին փոխանցված վերջին առաջարկը հնարավորություն կտա 7 օրում վերաբացել Հորմուզի նեղուցը, որտեղով պատերազմից առաջ անցնում էր աշխարհում սպառվող բնական գազի և նավթի մոտ 20 տոկոսը, իսկ այսօր սահմանափակ թվով նավեր են անցնում: Թե՛ ԱՄՆ-ն, թե՛ Իրանը պնդում են, որ իրենք են վերահսկում ջրային այս կարևորագույն ուղին: