Իրանի խորհրդարանը կքննարկի Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից երկրի դուրս գալու առաջարկը, հայտարարել է խորհրդարանի փոխնախագահ Ալի Նիքզադը, հաղորդում է իրանական Fars գործակալությունը։
«Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից դուրս գալու մասին օրինագծի նախագիծը քննարկման փուլում է։ Պաշտոնապես ներկայացվելուց հետո այն կքննարկվի նույն օրը», - ասել է իրանցի պաշտոնյան:
Նիքզադի խոսքով՝ խորհրդարանը կքննարկի նաև պայմանագրից հնարավոր դուրս գալու միջազգային ասպեկտները։
Իրանցի պաշտոնյան հայտարարել է, որ խորհրդարանը վստահություն չունի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) և դրա ներկայիս տնօրեն Ռաֆայել Գրոսիի նկատմամբ: Նա նաև պնդել է, որ Գրոսսին անցկացնում է միայն պաշտոնական ստուգումներ և բացասական զեկույցներ է հրապարակում Իրանի վերաբերյալ:
Իրանն անհիմն է համարում այն պնդումները, որ Թեհրանը գտնվում է միջուկային զենքի մշակման եզրին։ Պաշտոնական Թեհրանն ընդգծում է, որ 1970 թվականից ի վեր Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի կողմ է և պնդում է, որ իր միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ ունի:
Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը միջուկային զենք չունեցող պետություններին պարտավորեցնում է չարտադրել կամ ձեռք չբերել միջուկային զենք և պահպանում է միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման իրավունքը: Պայմանագրով կողմը կարող է դուրս գալ դրանից՝ երեք ամիս առաջ ծանուցելով մյուս երկրներին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, բացատրելով այն հանգամանքները, որոնք վտանգել են իր գերակա շահերը:
Հունիսին Bloomberg-ը հաղորդել էր, որ Իրանի կողմից գաղտնի միջուկային զենք մշակելու ռիսկն ավելի բարձր է, քան 2025 թվականի ամռանը հանրապետության վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից առաջ։ Նույն ամսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Թեհրանը համաձայնել է, որ «չի ունենա միջուկային զենք»։
2025 թվականի հունիսին Իրանի խորհրդարանը հաստատեց Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ համագործակցության կասեցումը։ Որոշումը ներառում էր գործակալության տեսուչների երկիր մուտք գործելու արգելք մինչև նրանց կողմից Իրանի միջուկային օբյեկտների և խաղաղ նպատակներով միջուկային գործունեության անվտանգության վերաբերյալ երաշխիքներ ստանալը։
Մայիսին ԱԷՄԳ-ի ղեկավարի մեջբերած տվյալների համաձայն՝ Իրանն ունի մոտավորապես 440 կգ ուրան, որը հարստացված է մինչև 60%: Մինչև 90% հետագա հարստացման դեպքում այս քանակը կարող է բավարար լինել մոտ տասը միջուկային ռումբ ստեղծելու համար: