Դանիան վավերացրել է ԱՄՆ-ի հետ Գրենլանդիայի անվտանգության համաձայնագիրը

Դանիայի խորհրդարանը միաձայն վավերացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ձեռք բերված՝ Գրենլանդիայի անվտանգության վերաբերյալ համաձայնագիրը։ Կոպենհագենը հույս ունի, որ այս քայլը կօգնի հաղթահարել Արկտիկայի կղզու ապագայի շուրջ ստեղծված հակասությունները, որոնք լարվածություն էին առաջացրել անդրատլանտյան հարաբերություններում։

ԱՄՆ-ը, Դանիան և Գրենլանդիան համաձայնագիրը ստորագրել էին սեպտեմբերին՝ լարվածությունը թուլացնելու նպատակով։ Փաստաթղթի համաձայն՝ Միացյալ Նահանգները Գրենլանդիայի տարածքում բացառիկ իրավունքներ է ստանում, տարածաշրջանը, սակայն, շարունակում է մնալ Դանիայի կազմում։

Դրանից առաջ Թրամփը բազմիցս սպառնացել էր իր վերահսկողության տակ վերցնել հարուստ բնական պաշարներ ունեցող կղզին, որը Դանիայի ինքնավար տարածքն է և ունի շուրջ 57 հազար բնակիչ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Գրենլանդիան և Դանիան հայտարարում են՝ ԱՄՆ-ի հետ գործարքը չի վտանգի Գրենլանդիայի ինքնիշխանությունը

Դանիայի խորհրդարանի քվեարկության արդյունքներով՝ համաձայնագրին կողմ է քվեարկել 109 պատգամավոր, դեմ՝ ոչ ոք։

Համաձայնագիրը ԱՄՆ Սենատի վավերացմանը ենթակա չէ։ Դանիայի խորհրդարանի այսօրվա քվեարկությունից հետո այն ուժի մեջ կմտնի, երբ Դանիայի արտգործնախարարությունը դիվանագիտական գրությամբ ԱՄՆ-ին տեղեկացնի, որ անհրաժեշտ ընթացակարգերն ավարտված են։

Համաձայնագիրը ընդլայնում է Գրենլանդիայում ԱՄՆ-ի ռազմական ներկայության հնարավորությունները, այդ թվում՝ թույլատրելով տեղակայել «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգը։ Միևնույն ժամանակ այն վերահաստատում է Դանիայի ինքնիշխանությունը և Գրենլանդիայի բնակիչների ինքնորոշման իրավունքը։

Թրամփի՝ կղզին ձեռք բերելու համար ռազմական կամ տնտեսական ուժի կիրառումը բացառելուց հրաժարվելը հունվարին ՆԱՏՕ-ի շրջանակներում դիվանագիտական ճգնաժամ էր առաջացրել։ Դրանից հետո Դանիան և Գրենլանդիան ամիսներ շարունակ ինտենսիվ բանակցություններ էին վարել։

Գրենլանդիայի համաձայնագիրը կարող է ընդլայնել ԱՄՆ-ի ազդեցությունը Արկտիկայում. փորձագետ

Կոպենհագենի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Միկել Վեդբի Ռասմուսենի խոսքով՝ համաձայնագիրը կարող է ոչ թե վերջ դնել հակասություններին, այլ դառնալ դրանց նոր փուլի սկիզբը։

Նրա գնահատմամբ՝ փաստաթուղթը ԱՄՆ-ին հնարավորություն կտա ավելի մեծ ազդեցություն ունենալ անվտանգության քաղաքականությանն առնչվող որոշումների և ռազմավարական ռեսուրսների արդյունահանման որոշ հարցերում։

Գրենլանդիան ռազմավարական դիրք ունի․ Եվրոպայից Հյուսիսային Ամերիկա տանող ամենակարճ ճանապարհն անցնում է կղզու մերձակայքով։ Այնտեղ արդեն գործում է ԱՄՆ-ի ամենահյուսիսային ռազմական բազան։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թրամփը քննարկում է Գրենլանդիան «ձեռք բերելու տարբերակներ»՝ ներառյալ զինուժի հնարավոր կիրառմամբԵվրոպական երկրները միավորվել են՝ Գրենլանդիային աջակցելուԴանիայի վարչապետը կարծում է՝ Թրամփը լուրջ է տրամադրված Գրենլանդիան գրավելու հարցում