Մատչելիության հղումներ

Դանիան և ԱՄՆ-ը համաձայնության եկան Գրենլանդիայի հարցում

«Գրենլանդիայի շուրջ Վաշինգտոնի և Կոպենհագենի վեճը հանգուցալուծված է», - պնդում են ամերիկյան և դանիական իշխանությունները։

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդրիկսենը և Դանիայի կազմում ինքնավարության կարգավիճակ ունեցող Գրենլանդիայի կառավարության ղեկավար Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը աշխարհի խոշորագույն կղզու ճակատագիրը որոշող համաձայնագիրը ստորագրեցին երեկ Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի ընթացքում։

Փաստաթղթի համաձայն՝ Միացյալ Նահանգները Գրենլանդիայի տարածքում բացառիկ իրավունքներ է ստանում, տարածաշրջանը, սակայն, շարունակում է մնալ Դանիայի կազմում։

«Մենք հրաշալի, անվտանգության վրա հիմնված հարաբերություններ ենք ունենալու։ Մենք բավական երկար էինք աշխատում այս համաձայնագրի վրա։ Նախկին նախագահներից շատերը ևս ցանկանում էին նման համաձայնագիր կնքել, սակայն նրանց այդ ցանկությունը հայտարարություններից այն կողմ չէր անցնում։ Ոմանք իրոք նման մտադրություն ունեին, սակայն այդպես էլ չկարողացան դրան հասնել։ Իսկ մենք կարողացանք», - հայտարարում էր Թրամփը:

Գրենլանդիայի շուրջ լարվածությունն աճեց Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տուն վերադարձից անմիջապես հետո։ Իր երկրորդ նախագահական ժամկետի առաջին իսկ շաբաթներին Թրամփը պահանջեց, որ Դանիայի կառավարությունը Գրենլանդիան վաճառի Միացյալ Նահանգներին։

Սպիտակ տան ղեկավարն իր այս պահանջը պատճառաբանում էր նախևառաջ ազգային անվտանգության նկատառումներով։ Թրամփի պնդմամբ՝ ռազմավարական կարևորագույն դիրք ունեցող Գրենլանդիան կարող էր հայտնվել Չինաստանի կամ Ռուսաստանի վերահսկողության ներքո։ Մի պահ կողմերի միջև լարվածությունն այն աստիճանի հասավ, որ Վաշինգտոնից սկսեցին ակնարկել Գրենլանդիայի հնարավոր ռազմական օկուպացիայի մասին։

Սրան ի պատասխան՝ դանիական աղբյուրները հաղորդեցին, որ թագավորության բանակը քննարկում է ամերիկյան հարձակման փորձի դեպքում Գրենլանդիայում գտնվող բոլոր օդանավակայանների թռիչքուղիների պայթեցման տարբերակը։

Վաշինգտոնի և Կոպենհագենի միջև լարվածությունը սկսեց թուլանալ միայն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի միջնորդական ջանքերից հետո։ Ամիսներ շարունակված բանակցություններն ի վերջո հանգեցրին խնդրի փոխզիջումային լուծման. Վաշինգտոնի ազդեցությունը Գրենլանդիայում աճում է, սակայն Դանիան ևս կղզուց որևէ տեղ չի հեռանում։

«Դուք չեք ցանկանում, որ հակառակորդները մոտենան ձեր տարածքին։ Մենք ձեզ հետ լիովին համաձայն ենք։ Եվ այս պայմանագրի շնորհիվ դա տեղի չի ունենա։ Մենք երաշխավորում ենք, որ նրանց թույլ չի տրվի Գրենլանդիայում վերահսկողություն սահմանել կամ զգալի ազդեցություն ձեռք բերել։ Այս համաձայնագիրը նաև ճանաչում է Միացյալ Նահանգների որոշիչ պատմական և ընթացիկ ավանդը Գրենլանդիայի և Հյուսիսատլանտյան դաշինքի անդամների պաշտպանության գործում», - հայտարարում էր Դանիայի վարչապետը։

Պիտուֆիկ ռազմակայանը Գրենլանդիայում
Պիտուֆիկ ռազմակայանը Գրենլանդիայում

Երեկ ստորագրված 10-էջանոց պայմանագրի համաձայն՝ Միացյալ Նահանգները Գրենլանդիայի տարածքում գրեթե անսահմանափակ ռազմական ներկայություն ունենալու իրավունք է ստանում։ Դանիան թույլատրում է Վաշինգտոնին արդիականացնել կղզու հյուսիսում գտնվող «Պիտուֆիկ» ռազմակայանը, որտեղ այս պահին 600-ից ավելի ամերիկացի զինվորականներ են տեղակայված։ Դրան գումարած՝ Միացյալ Նահանգները Գրենլանդիայի հարավում և արևելքում հատուկ պաշտպանական շրջաններ կստեղծի, իսկ անհրաժեշտության դեպքում, նշված է պայմանագրում, Վաշինգտոնը կարող է չսահմանափակվել պաշտպանական երկու շրջանների ստեղծմամբ՝ հիմնադրելով նորերը։ Վաշինգտոնի և Կոպենհագենի պայմանավորվածություններից ևս մեկի համաձայն՝ ամերիկացի զինվորականներին հնարավորություն է տրվում անարգել օգտագործել Գրենլանդիայի տարածքը պաշտպանական շրջանների միջև անխափան հաղոդակցություն ապահովելու նպատակով։

Բացի այդ՝ ամերիկյան ռազմական օդանավերը, ռազմանավերն ու սուզանավերը իրավունք են ստանում առանց որևէ սահմանափակման օգտվել Գրենլանդիայի օդային, ջրային և ստորջրյա տարածքներից։ Ուշագրավ է նաև, որ ամերիկա-դանիական այս համաձայնագիրն անժամկետ է։ Ավելին դրանում չի շրջանցվում նաև Գրենլանդիայի՝ Դանիայից անկախանալու տարբերակը։ Այդ դեպքում անգամ երեկ Նյու Յորքում ստորագրված համաձայնագիրը կշարունակի գործել իսկ անկախացած Գրենլանդիան կանդամակցի ՆԱՏՕ-ին։

Ավելի քան 2 միլիոն քառակուսի կիլոմետր տարածք և ընդամենը 56 հազար բնակչություն ունեցող Գրենլանդիայի նկատմամբ այս հետաքրքրությունը պատահական չէ։ Կղզին հարուստ է օգտակար հանածոներով։ Եվրոպական երկրաբանական ծառայությունների պնդմամբ՝ Գրենլանդիայում ոսկու, ադամանդի, ցինկի, տիտանի, վոլֆրամի և պղնձի զգալի պաշարներ կան։ Գրենլանդական ընդերքում քիչ չեն նաև գրաֆիտի պաշարները։ Այս մի օգտակար հանածոյի կարևորությունն աճել է հատկապես վերջին տասնամյակում։

Գրաֆիտը օգտագործվում է էլեկտրական շարժիչով մեքենաների մարտկոցների արտադրության ժամանակ։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG