Հայաստանի անդամակցության հարցը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովում։
«Երևանը կարող է վերադառնալ կազմակերպության աշխատանքներին մասնակցությանը, սակայն նրան այնտեղ ոչ ոք բռնի ուժով չի պահի»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անիմաստ համարելով կանխավ ներկայացնել կազմակերպության մոսկովյան գագաթնաժողովում քննարկումների բովանդակությունը։
«Չեմ բացառում, որ այդ հարցը այնտեղ հանգամանորեն քննարկվի»,- նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը՝ հիշեցնելով, որ «Հայաստանն իրավունք ունի գործի դնելու կանոնադրությամբ նախատեսված ընթացակարգերը և դուրս գալու կազմակերպությունից՝ համապատասխան կերպով կարգավորելով առկա պարտավորությունները»։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը, սակայն, շտապել է նաև հայտարարել, որ «Հարավային Կովկասում անվտանգության այլ ճարտարապետության հեռանկար չի նշմարվում»։
«Այն երկրները և արևմտյան դաշինքները, որոնք ամեն կերպ փորձում են ներթափանցել տարածաշրջան՝ իրենց ռազմական կառուցման և կառավարման չափանիշները պարտադրելով, պարզապես չեն կարողանա ապահովել դրա կայունությունը, և չեն էլ պատրաստվում դա անել։ Դա պայմանավորված է նաև ակնհայտ աշխարհագրական պատճառներով։ Բացի այդ, նրանց քաղաքական նպատակներն ու խնդիրները միանգամայն հակառակն են»,- հավելել է Զախարովան։
Ավելի վաղ էլ կառույցի գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովն էր հայտարարել, որ Հայաստանն արդեն փաստացի դուրս է եկել ՀԱՊԿ-ից, միևնույն ժամանակ կազմակերպությունը շարունակում է փաստաթղթեր ուղարկել համաձայնեցման, սակայն Երևանը չի մասնակցում դրանց քննարկմանն ու որոշումների ընդունմանը, բայցև չի առարկում, որ մյուս անդամները որոշումներ կայացնեն առանց իր մասնակցության։
Օրերս էլ Մասադիկովը հայտնել է, որ Ռուսաստանը որոշման նախագիծ է ներկայացրել Հայաստանի նկատմամբ նկատմամբ ՀԱՊԿ Կանոնադրության 25-րդ հոդվածը կիրառելու և ձայնի, քվոտային պաշտոններում առաջադրումներ անելու Երևանի իրավունքը կասեցնելու վերաբերյալ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ռուսաստանն առաջարկում է ՀԱՊԿ-ում Հայաստանին զրկել ձայնի և առաջադրումների իրավունքներիցՀայաստանի անդամակցության հարցը կարող է քննարկվել նոյեմբերին՝ ՀԱՊԿ նիստում. Կազմակերպության գլխավոր քարտուղարՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ լրագրողների հետ ճեպազրույցում հերթական անգամ հայտարարել էր, որ «ՀԱՊԿ-ի հետ կապված հետաքրքրությունները սպառված են»։
Մեկ շաբաթ առաջ էլ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն էր ասել, որ Երևանը ՀԱՊԿ-ի նկատմամբ վերաբերմունքը չի փոխել և այդ կառույց վերադառնալ չի պատրաստվում: Օգոստոսին էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել, թե շատ գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ում որոշեն Հայաստանը հեռացնել կազմակերպությունից:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ՀԱՊԿ-ի հետ կապված Երևանի «հետաքրքրությունները սպառված են»Երևանն արդեն չորրորդ տարին է՝ բոյկոտում է ռազմական դաշինքում աշխատանքները։
2022-ին Հայաստանի վրա ադրբեջանական հարձակումից հետո, երբ ՀԱՊԿ-ը ոչ միայն օգնություն չցուցաբերեց Հայաստանին, այլև քաղաքական գնահատական չտվեց հայկական տարածքների օկուպացիային, պաշտոնական Երևանը դադարեց մասնակցել ՀԱՊԿ-ի աշխատանքներին, հրաժարվեց գլխավոր քարտուղարի տեղակալի իր քվոտայից։ 2024-ի փետրվարին արդեն դաշինքին անդամակցությունը սառեցվեց, իսկ հայկական կողմը դադարեց մուծել նաև անդամավճարը։