«Շատ բան են ասում, գլուխը պատին են տալիս». Արդարադատության նախարարը՝ ընդդիմությանը

Արդարադատության նախարարը, ում գլխավորությամբ մշակվում է Հայաստանի նոր Սահմանադրության տեքստը, հույս ունի, որ այն ընդունելի կլինի նաև ընդդիմության համար՝ պնդելով, որ այն բավականին բալանսավորված է:

Միաժամանակ, անդրադառնալով ընդդիմադիրների այն հայտարարություններին, որ մշակվողը «ալիևյան սահմանադրություն է», Սրբուհի Գալյանն ասաց. - «Իրենք շատ բան են ասում, գլուխը պատին են տալիս, հերիք եղավ, բոլ եղավ։ Մեր ներքին գործն է, մենք այս աշխատանքով զբաղվում ենք արդեն տարիներ, մենք ուզում ենք ժողովուրդը որոշի։ Ով ինչ է ասում, ինձ բացարձակ չի հետաքրքրում։ Ես իմ աշխատանքի տերն եմ»:

Խորհրդարանական ընդդիմադիր երկու խմբակցությունները հայտարարում են, որ «դեմ են Իլհամ Ալիևի պարտադրած Սահմանադրությանը»: Բաքուն որպես խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման պահանջում է Հայաստանի Սահմանադրության նախաբանից հանել Անկախության հռչակագրին հղումը, որում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ է տեսնում: Արդեն հայտնի է, որ նոր Սահմանադրության նախագծում հղումն Անկախության հռչակագրին չկա:

Նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու համար պահանջվում է խորհրդարանի հավանությունը՝ պատգամավորների առնվազն 2/3-ի ձայներով: ՔՊ-ն ունի ընդամենը 64 պատգամավոր, մինչդեռ անհրաժեշտ է առնվազն 70 կողմ ձայն: Այսինքն առանց ընդդիմադիրների 6 ձայնի անհնար է որոշումն ընդունել:

Արդարադատության նախարարն այսօր կրկնում էր այս օրերին «Քաղաքացիական պայմանագրից» հնչող այն պնդումը, թե ընդդիմադիրները կարող են ապահովել այդ 6 ձայնը և վերջնական որոշումը թողնել ժողովրդին:

Պաշտոնյան միաժամանակ տեղեկացրեց, որ նոր նախագծում Սահմանադրության նախագիծը խորհրդարանում հանրաքվեի դնելու որոշման համար 2/3 կողմ ձայների պահանջը չի լինի: «Շեմը կարծում եմ, իջեցնելու ենք, որովհետև հիմա ամեն դեպքում նախագծում այդպես է: Մենք այլ՝ ավելի ամուր կարգավորում ունենք ժողովրդավարության ամրապնդման տեսանկյունից առաջարկելու: Շեմը էական չէ, էական է, որ նոր Սահմանադրության ընդունումից հետո Սահմանադրությունը հնարավոր կլինի փոխել միայն հանրաքվեով»:

Գալյանը «ձևական» համարեց 2/3 կողմ ձայների գործող պահանջը՝ հիմնավորելով, որ որոշումը միևնույն է հանրաքվեին մասնակցող ժողովուրդն է կայացնում:

«Ազատության» հարցին՝ այսինքն, Ազգային ժողովի հաստատման կարիք չի՞ լինի, նա պատասխանեց. - «Ոչ թե Ազգային ժողովի հաստատման կարիք չի լինի, այլ հանրաքվեի դնելու համար կլինի որոշակի շեմ, չգիտեմ՝ 3/5, էական չէ»:

Արդարադատության նախարարն անդրադարձավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ եթե խորհրդարանական ընդդիմությունը դեմ գնա նոր Սահմանադրությանը, նրանց դեմ հանրային ճնշում կգեներացվի:

«Նախ ժողովրդի քվեի դեմ միտինգ անելու մասին խոսք չի եղել: Երկրորդ, մենք ունենք հետևյալ իրավիճակը. մենք ունենք խորհրդարանում ձայների այնպիսի բաշխվածություն, որ որպեսզի Սահմանադրությունը դրվի հանրաքվեի, այսինքն, որպեսզի ժողովուրդը որոշի, պետք է որոշակի շեմ հաղթահարվի: Հիմա ընդդիմությունը կարող է որոշել, ինքը կողմ է, որպեսզի ժողովրդավարությունը գործի, թե՝ կողմ չէ», - ասաց նա:

Ընդգծելով, որ հանրաքվեն ուղիղ ժողովրդավարության սկզբունքի համատեքստում է, Սրբուհի Գալյանը պնդեց. - «[Ընդդիմությունը] դեմ է քվեարկում, հետևաբար դեմ է քվեարկում ժողովրդավարությանը»:

Ընդդիմությունն անդրդվելի է

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից Քրիստինե Վարդանյանը նույն բառապաշարով է հակադարձում արդարադատության նախարարին:

«Իրենք գլուխը որ պատին տան, չեն կարողանա փախչել այն իրականությունից, որ 2021 թվականին Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանը պետք է ունենա նոր Սահմանադրություն: Սրբուհի Գալյանը իրականում մի գործ ուներ անելու՝ հղում կատարելու Սահմանադրական դատարանին ու ասելու, որ մեր Սահմանադրական դատարանն արդեն ասել է [նկատի ունի ՍԴ 2024 թվականի որոշումը], որ Ադրբեջանի նկատմամբ որևէ տարածքային պահանջ չունենք, հետևաբար Անկախության հռչակագիրը չի կարող որևէ խնդիր առաջացնել մեր հարևան պետության համար, ոչ թե սրբազան պատերազմ հայտարարելու Անկախության հռչակագրի դեմ և այն համարելու ժամանակավրեպ», - ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Վարդանյանը Գալյանին կոչ արեց չվրդովվել, որ «տապալել են իրենց առաջադրանքը ու չեն կարողացել Սահմանադրության փոփոխությունը ներկայացնել որպես երկրի ներքին օրակարգ». - «Դրա համար նյարդայնանալ պետք չէ: Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի գիտի, որ սա տեղի է ունենում Ալիևի պահանջով»:

«Հայաստան» խմբակցության պատգամավորն ընդգծեց՝ իրենց նպատակն է թույլ չտալ, որպեսզի իշխանությունները չկարողանան հասնել «ալիևյան սահմանադրության հանրաքվեի»:

«Գալյանը Հայաստանի Հանրապետության պատմության մեջ մնալու է այն պաշտոնյան, ով Ալիևի թելադրանքով գրում է Սահմանադրություն», - ասաց նա:

Ինչո՞ւ են դեմ, եթե դեռ տեքստին չեն ծանոթացել

Ընդդիմադիր մյուս՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունում ևս նոր սահմանադրության նախագիծը «ալիևյան» են անվանում: Իսկ ինչո՞ւ են առանց տեքստին ծանոթանալու պնդում, որ դեմ են դրան: «Ուժեղ Հայաստանից» Էդգար Ղազարյանի խոսքով՝ հիմնական պատճառն այն է, որ նախագծում այլևս չի հիշատակվում 1990 թվականին ընդունված Անկախության հռչակագիրը:

«Այո՛, մենք տեքստը չենք տեսել, ինչո՞ւ չենք տեսել, որովհետև չի հրապարակել: Բայց լսել ենք, չէ՞ հայտարարությունները, թե դա ի՞նչ է պարունակում, և գլխավոր առանցքային հարցը, ինչի համար, որ նաև մշակվել է այդ ամբողջական տարբերակը, դա Անկախության հռչակագրից հրաժարվելն է: Իսկ որ դրանում արդեն Անկախության հռչակագրին հղում չկա, դա կարծեմ վարչապետն էլ ասել: Մեզ անհանգստացնողն էլ հենց դա է», - ասաց Ղազարյանը:

Ղազարյանի դիրքորոշումն այս հարցում շատ կտրուկ է, նրա պնդմամբ՝ Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է «պետության վերացում»:

Ինչ վերաբերում է Սահմանադրությունը հանրաքվեի դնելու որոշման համար խորհրդարանի 2/3 կողմ ձայների պահանջը հանելու հավանականությանը, ապա Ղազարյանն ասաց. - «Դա սահմանադրական նորմ է, և եթե Սրբուհի Գալյանը մեր Սահմանադրության հետ համերաշխ չէ, մեր Անկախության հռչակագրի հետ համերաշխ չէ, չի ուզում հարգել մեր երկրի օրենքները, Սահմանադրությունը, դա նշանակում է՝ ինքը դրժում է այն երդումը, որը տվել է, դարձել է նախարար: Որովհետև նախարար դառնալու իր երդման տեքստում ասում է, որ պարտավորվում է հարգել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Փաշինյանը դարձյալ հանրային ճնշում է «խոստանում» ընդդիմությանը, եթե դեմ գնան նոր Սահմանադրությանը. ընդդիմադիրներն արձագանքում են Նոր Սահմանադրության նախագիծը կհրապարակվի Արդարադատության նախարարության անունից, հավանաբար նոյեմբերին․ Գալյան