ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն լավատես է, որ երբ ընդդիմությունը ծանոթանա Նոր Սահմանադրության տեքստին, գուցե, ասի՝ այո։
«Կարող է մեր ընդդիմադիր գործընկերների մտքերում բանականությունը հաղթում է և իրենք հասկանում են, որ իրենք անտրամաբանական բան են անում։ Ես չեմ կարող ելնել այն կանխավարկածից, որ մեր ընդդիմադիր գործընկերներն առանց տեքսը տեսած լինելու անպայման ասելու են չէ, որովհետև ես բավականին բարձր կարծիք ունեմ իրենց ինտելեկտուալ կարողությունների մասին և համարում եմ, որ իրենք ունակ են բանական կերպով քննարկել տեքստեր, և ես համարում եմ, որ բանավեճի մեջ կարող է ծնվել ճշմարտություն»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ խոսնակը։
Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու որոշման ընդունման համար անհրաժեշտ է առնվազն 70 պատգամավորի կողմ քվեարկություն: «Քաղաքացիական պայմանագիրն» ունի 64 մանդատ, այսինքն՝ իշխանությանը պակասում է 6 ձայն:
Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը չէր բացառել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, եթե նոր Սահմանադրությունը հանրաքվեի դնելու համար չստանան խորհրդարանական ընդդիմության աջակցությունը: Միևնույն ժամանակ նշել էր՝ նախ փորձելու են համաձայնության գալ ընդդիմադիրների հետ:
Այսօր էլ ԱԺ նախագահն ասաց, որ լավ չի պատկերացնում՝ ինչպես է է հնարավոր չտեսած տեքստին դեմ լինել. - «Դա հակաքաղաքագիտական է, հակաքաղաքական է»,- ասաց Ռուբինյանը։
Թե՛ վարչապետը, թե՛ արդարադատության նախարարը վստահեցնում են՝ նոր Սահմանադրության նախագիծը կհրապարակվի մինչև տարեվերջ, ինչից հետո այն կդրվի հանրային քննարկման, ապա կուղարկվի Ազգային ժողով:
Վարչապետն ու նրա թիմակիցներն արդեն բացահայտել են նոր Սահմանադրության նախագծի գլխավոր փոփոխությունը. այն չի պարունակելու հղում Անկախության հռչակագրին: Սա հենց այն նախապայմանն է, որի կատարումից հետո, ըստ էության, Բաքուն կստորագրի խաղաղության պայմանագիրը: Ադրբեջանը իր նկատմամբ տարածքային պահանջ է տեսնում Անկախության հռչակագրում:
Անկախության հռչակագրին հղումը Մայր օրենքից հանելուն կտրուկ դեմ է խորհրդարանական ընդդիմադիմությունը։
Այսօր Ռուբինյանը նաև հայտնեց, որ նոր Սահմանադրությունը պետք է արտահայտի այն աշխարհընկալումն ու իրողությունները, որն ունի այս պահին հայ ժողովուրդը։
«Այս պահին մեր ժողովուրդը համաձայն է, որ Հայաստանը պետք է պարփակված լինի իր միջազգայնորեն ճանաչված սահմաններով, չունենա տարածքային պահանջներ ոչ մեկից, ապրի խաղաղ համագոյակցության մեջ իր բոլոր հարևանների հետ»,- նշեց նա։
ՔՊ-ում գրեթե ավարտել են քննարկումները
Նոր Սահմանդրության տեքստը գրեթե ամբողջությամբ քննարկվել է, իր հերթին լրագրողներին հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, կուսակցության վարչության անդամ Հասմիկ Հակոբյանը՝ առանց հավելյալ մանրամասների:
«Վերջնական տեսքի կբերենք...կան քննարկումներ, փորձում ենք իրար համոզել, մասնագիտական կարծիքներ և այլն։ Նորմալ քննարկում է գնում, տարաձայնություն չկա»,- ասաց Հակոբյանը։
ԱԺ իշխանական պատգամավորը լրագրողների հետ ճեպազրույցում չբացառեց նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, եթե նոր Սահմանադրությունը հանրաքվեի դնելու համար չստանան խորհրդարանական ընդդիմության աջակցությունը:
«Հնարավոր է, որ ճանապարհներից մեկը դա է։ Բայց մենք հիմա չունենք deadline, նպատակ, մենք աշխատում ենք, ոնց աշխատում ենք, մեր 5-ամյա ծրագիրն ենք իրականացնում, զուգահեռաբար քննարկման կդնենք նոր Սահմանադրության նախագիծը, կսկսվեն քննարկումնները ու երկար կքննարկենք, որովհետև կարծում եմ, որ այս փաստաթուղթը բոլորին պետք է հասու լինի, բոլոր քաղաքացիներին։ Հետո, ըստ ընթացակարգի, երբ որ կհասնի խորհրդարան և խորհրդարանականները կծանոթանան նախագծին ու կարծիք կարտահայտեն, կքվեարկեն դեմ, որ գնա հանրաքվեի, էդ ժամանակ մենք կասենք մեր հնարավոր պլաններից որն եք որոշում իրագործել»,- ասաց Հակոբյանը։
«Ազատության» ճշտող հարցին՝ արդյոք արտահերթ ընտրությունների սցենարից բացի կա՞ նաև այլ հնարավոր սցենար կա, իշխանական պատգամավորն արձագանքեց, որ ուրիշ այլ տարբերակների մասին քննարկումներ չեն ունեցել։