Բաքվից հետո Նիդերլանդների արտգործնախարարը ժամանել է Երևան

Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը Բաքվից հետո ժամանել է Երևան։

Հայաստանի արտգործնախարարության փոխանցմամբ՝ Բերենդսենն արդեն առանձնազրույց է ունեցել Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի հետ, որին հաջորդել է պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը։

Նախարարները այնուհետև հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։

Կողմերը քննարկել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության խորացման և տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

Թոմ Բերենդսենի հետ համատեղ ասուլիսում Արարատ Միրզոյանը հիշեցրել է, որ 2025 թվականի մարտին կողմերը ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել, և այժմ հիմնական խնդիրը դրանով նախատեսված քայլերի իրականացումն է։

Միրզոյանի խոսքով՝ թեև քաղաքական երկխոսությունն ակտիվ է, իսկ տնտեսական համագործակցությունն աստիճանաբար զարգանում է, դեռևս չօգտագործված մեծ ներուժ կա, հատկապես գյուղատնտեսության, ծաղկաբուծության, առողջապահության և ենթակառուցվածքների ոլորտներում։

Նախարարը նշել է, որ հայկական և նիդերլանդական ընկերությունների միջև արդեն համագործակցություն է հաստատվել ծաղկաբուծության ոլորտում։ Հայաստան այցի ընթացքում Բերենդսենը կայցելի նաև նիդերլանդական տեխնոլոգիաներով աշխատող ջերմոցներից մեկը։

Նախօրեին Բերենդսենը Բաքվում հանդիպել էր Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին։ Համատեղ ասուլիսում նա ողջունել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում արձանագրված քայլերը՝ ընդգծելով, որ տարածաշրջանում կայուն խաղաղությունը տնտեսական նոր հնարավորություններ կբացի։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Նիդերլանդների ԱԳ նախարարը կարևորում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Նիդերլանդների արտգործնախարարը բարձր էր գնահատել Ադրբեջանի հանձնառությունը խաղաղության գործընթացին՝ միաժամանակ շեշտելով, որ իր երկիրը հավասարակշռված մոտեցում է որդեգրել տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման հարցում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Նիդերլանդները կաջակցի Երևանին ու Բաքվին՝ անհետ կորածների ճակատագիրը պարզելու համար ԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցության կասեցման հնարավորությունը քննարկելու հետևում քաղաքական շարժառիթ կա․ Միրզոյան