Մատչելիության հղումներ

Նիդերլանդները կաջակցի Երևանին ու Բաքվին՝ անհետ կորածների ճակատագիրը պարզելու համար

Հայաստանի և Նիդերլանդների արտգործնախարարը բանակցություններից հետո, 27-ը հոկտեմբերի, 2026 թ.
Հայաստանի և Նիդերլանդների արտգործնախարարը բանակցություններից հետո, 27-ը հոկտեմբերի, 2026 թ.

Նիդերլանդները Անհետ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովի միջոցով ֆինանսական աջակցություն կտրամադրի Երևանին ու Բաքվին՝ աջակցելու աճյունների հայտնաբերմանը և նույնականացմանը: Այսօր այս մասին Երևանում հայտարարեց Նիդերլանդների արտգործնախարար Թոմ Բերենդսենը՝ սա համարելով հայ - ադրբեջանական խաղաղության գործընթացի կարևոր մաս:

«Ծրագիրը առնչվում է նաև Ադրբեջանին, միայն Հայաստանը չէ։ Եվ սա վստահության ամրապնդման տեսանկյունից նույնպես վճռորոշ է․ այն խաղաղության գործընթացի մաս է կազմում։ Սա առանցքային ծրագիր է, որին Նիդերլանդները կցանկանար աջակցել ֆինանսապես, և հնարավորության դեպքում՝ նաև այլ եղանակներով»,- հայ գործընկերոջ հետ համատեղ ասուլիսում ասաց Նիդերլանդների արտգործնախարարը:

Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանն իր հերթին ընդգծեց, որ անհետ կորածների ճակատագրի պարզաբանումը բավականին զգայուն է և՛ Հայաստանում, և Ադրբեջանում. - «Հետևաբար սա այն ոլորտն է, որտեղ մեր երրորդ գործընկերների՝ Նիդերլանդների միջամտությունը և և մասնակցությունը, և ներդրումը բավական շատ ողջունելի է, կարծում եմ, բոլորի կողմից»:

Նախարարները ասուլիսում չհստակեցրին, թե որքան գումար է տրամադրելու Նիդերլանդները Երևանին և Բաքվին, բայց Հայաստանում Նիդերլանդների դեսպանատնից «Ազատությանը» փոխանցեցին, որ խոսքը 430 հազար եվրոյի ծրագրի մասին է, որի շրջանակներում աշխատանքներ կիրականացվեն Հայաստանում և Ադրբեջանում:

Անհետ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովը Հաագայում տեղակայված միջկառավարական կազմակերպություն է: Նրա ԴՆԹ փորձաքննությունների և մասունքների նույնականացման լաբորատորիան համարվում է աշխարհի առաջատարներից մեկը:

Ադրբեջանը պնդում է, որ ղարաբաղյան առաջին պատերազմից հետո ավելի քան 4000 հազար անհետ կորած ունի: Հայկական կողմի տվյալներով՝ 90-ականների և 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո մոտ 1200 անհետ կորած կա:


​
XS
SM
MD
LG