Մատչելիության հղումներ

Նիդերլանդների ԱԳ նախարարը կարևորում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

Նիդերլանդների արտգործնախարար Թոմ Բերենդսեն, արխիվ
Նիդերլանդների արտգործնախարար Թոմ Բերենդսեն, արխիվ

Նիդերլանդների արտաքին գործերի նախարարը կարևորում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը։ Այդ մասին, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Թոմ Բերենդսենը հայտարարել է Բաքվում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

«Նիդերլանդները ողջունում է անցյալ տարվանից ի վեր երկու երկրների ձեռնարկած նշանակալի քայլերը և բարձր է գնահատում Ադրբեջանի հանձնառությունը խաղաղության գործընթացին։ Կայուն խաղաղության հաստատումը տարածաշրջանում նոր տնտեսական հնարավորություններ կբացի», - ասել է Բերենդսենը՝ հավելելով, որ Նիդերլանդները հավասարակշռված մոտեցում է կիրառում տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության հասնելու համար, ինչը վճռորոշ նշանակություն ունի և օգտակար է բոլորին։

«Նիդերլանդները աշխարհի տարբեր հատվածներում աջակցություն է ցուցաբերում ականազերծման ոլորտում։ Վստահ եմ, որ մեր թիմերը կքննարկեն նաև Ադրբեջանին աջակցություն ցուցաբերելու հնարավորությունները», - հայտարարել է նախարարը։

Նիդերլանդների արտաքին գործերի նախարարը վաղը ժամանելու է Հայաստան։ Արտաքին գերատեսչությունից հայտնում են, որ նախատեսվում է հանդիպում արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի հետ, որին կհաջորդի համատեղ մամուլի ասուլիս։

​
XS
SM
MD
LG