Եվրասիական տնտեսական միության շրջանակում Հայաստանի անդամակցությունը կասեցնելու իրավական հիմքեր գտնելու փորձերի հետևում քաղաքական շարժառիթ կա, այսօր հայտարարել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ Նիդերլանդների իր գործընկեր Թոմ Բերենդսենի հետ համատեղ ասուլիսում։
«Ազատության» հարցին ի պատասխան՝ Միրզոյանը հաստատել է, որ ծանոթացել է ԵԱՏՄ-ում Հայաստանի գործընկերների պատրաստած զեկույցին, որում անդրադարձ կա նաև Վիեննայի կոնվենցիայի հիման վրա անդամակցությունը կասեցնելու հնարավորությանը։
Նախարարի խոսքով՝ նման քայլի համար անհրաժեշտ է, որ անդամ պետությունը խախտած լինի կազմակերպության շրջանակում ստանձնած պարտավորությունները։
«Ինչպես կարող եք տեսնել, Հայաստանի Հանրապետությունը որևէ պարտավորություն ԵԱՏՄ շրջանակում չի խախտել և չի պատրաստվում խախտել», - հայտարարել է Միրզոյանը։
Նրա գնահատմամբ՝ ԵԱՏՄ գործընկերները փորձել են իրավական հիմնավորում գտնել, սակայն ինքը համաձայն չէ այդ հիմնավորումների հետ։
«Այստեղ քաղաքական մղում կա, բոլորս հասկանում ենք, և գուցե քաղաքական հանձնարարություն՝ իրավաբաններին որևէ իրավական հիմնավորում գտնելու», - ասել է արտգործնախարարը։
Միրզոյանը շեշտել է, որ Հայաստանը բարեխղճորեն կատարել է իր պարտավորությունները և նույնն ակնկալում է ԵԱՏՄ գործընկերներից, թեև, նրա խոսքով, վերջին ամիսներին հակառակ օրինակներ են եղել։
«Ինչ էլ լինի, մեր որոշումների և պահվածքի առանցքում Հայաստանի պետականությունն է, ինքնիշխանությունն ու անկախությունը, այդ թվում՝ ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունքը, որը սակարկության առարկա չենք դարձնելու», - ընդգծել է նախարարը՝ հավելելով, որ Երևանը կշարունակի կառուցողական համագործակցությունը գործընկերների հետ։
Ավելի վաղ ԵԱՏՄ անդամ մյուս չորս երկրները՝ Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղզստանը, Հայաստանի վերաբերյալ զեկույց էին պատրաստել, որում անդրադարձել էին Հայաստանի անդամակցությունը կասեցնելու հնարավորությանը։
Թեև զեկույցի հեղինակներն ընդունել էին, որ ԵԱՏՄ պայմանագիրը որևէ անդամի միությունից հեռացնելու կամ նրա անդամակցությունը կասեցնելու մեխանիզմ չի նախատեսում, միաժամանակ հղում էին արել Վիեննայի կոնվենցիային։ Դրա համաձայն՝ բազմակողմ պայմանագրի էական խախտման դեպքում մյուս մասնակիցները կարող են միաձայն որոշմամբ կասեցնել կամ դադարեցնել պայմանագրի գործողությունը խախտում թույլ տված պետության նկատմամբ։
Զեկույցում նաև տնտեսական ծանր հետևանքներ էին կանխատեսվել ԵԱՏՄ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու դեպքում։ Ըստ հեղինակների՝ գազը կարող է թանկանալ մոտ 70 տոկոսով, արտահանումը՝ կրճատվել 30-50 տոկոսով, իսկ ՀՆԱ-ն՝ նվազել ավելի քան 15 տոկոսով։
Հայաստանի իշխանություններն այս հաշվարկները ուռճացված են համարում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ զեկույցը որակել էր Հայաստանում ներքաղաքական անկայունություն հրահրելու փորձ՝ պնդելով, որ դրա նպատակը Հայաստանին անկախությունից զրկելն է։