Սերբիայում այսօր արտահերթ խորհրդարանական ընտրություններ են անցկացվում:
Մրցակցությունը հիմնականում երկու ուժերի՝ սեպտեմբերին հրաժարական տված նախագահ Ալեքսանդր Վուչիչի կողմնակիցների և վերջին երկու տարիներին հակակառավարական բողոքի խոշոր ցույցերն առաջնորդած ակտիվիստների ձևավորած «Ուսանողական ցուցակի» միջև է: Վուչիչն, ի դեպ, իր կողմնակիցների հաղթանակի դեպքում հավակնում է վարչապետի պաշտոնին:
Ընտրություններին ընդհանուր առմամբ մասնակցում է 18 քաղաքական ուժ, սակայն հիմնական պայքարն ընթանում է այս երկուսի միջև։ Սա են վկայում նախընտրական հարցումները, որոնց համաձայն՝ թե՛ Վուչիչի կողմնակիցներին, թե՛ նրա ընդդիմախոսներին պատրաստ է աջակցել ընտրողների ավելի քան 40 տոկոսը:
Ընտրատեղամասերում վաղ առավոտից հերթեր էին գոյացել։ Պաշտոնական տվյալներով՝ մասնակցությունը զգալիորեն բարձր է նախորդ ընտրություններից: Կեսօրին արդեն քվեարկել էր ընտրողների շուրջ 25 տոկոսը:
Զանգվածային բողոքի ցույցերը Սերբիայում սկսվել են 2024 թվականի դեկտեմբերին, երբ Նովի Սադի երկաթուղային կայարանում փլուզման հետևանքով 16 մարդ զոհվեց:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ի՞նչն է Սերբիայում բողոքի ցույցերի, բռնությունների պատճառըՈւսանողական շարժումը և նրանց միացած ակտիվիստները իշխանություններին մեղադրում են կոռուպցիայի մեջ, ինչն էլ, նրանց գնահատմամբ, հանգեցրել էր Նովի Սադի ողբերգությանը:
Վուչիչի Սերբական առաջադիմական կուսակցությանը իր հերթին ուսանողներին մեղադրում է «գունավոր հեղափոխություն» նախապատրաստելու և արտերկրից ֆինանսավորվելու մեջ։ Վուչիչը նաև պնդում է՝ եթե իր հակառակորդները հաղթեն, անմիջապես պատժամիջոցներ կսահմանեն Ռուսաստանի դեմ։ Ուսանողական շարժումը, սակայն, նման հայտարարություն չի արել․ այն միավորում է ինչպես լիբերալ, այնպես էլ ազգայնական գաղափարների կողմնակիցներին։
«Ուսանողական ցուցակը» ձևավորվել է ցուցարարների շրջանում տեղի ունեցած քննարկումների արդյունքում, ընդ որում բողոքի ցույցերի առաջնորդները դրանում չեն ընդգրկվել։ Թեկնածուներ են դարձել գիտնականներ, բժիշկներ, մշակույթի գործիչներ, հասարակական կազմակերպությունների ակտիվիստներ։ Ցուցակը գլխավորում է հայտնի սրտաբան Իլիա Սրդանովիչը։
Քվեարկության նախնական արդյունքները պարզ կդառնան այսօր՝ մի քանի ժամից:
Սերբիան խորհրդարանական հանրապետություն է: Գործադիր իշխանությունը լիովին պատկանում է կառավարությանը, որը գլխավորում է վարչապետը: Այնուամենայնիվ, նախագահը ևս մի շարք լիազորություններ ունի, մասնավորապես արտաքին քաղաքականության և անվտանգության ոլորտներում: