Մատչելիության հղումներ

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարական է տվել

Ալեքսանդր Վուչիչ, Սերբիայի նախագահ
Ալեքսանդր Վուչիչ, Սերբիայի նախագահ

Պաշտոնավարման ժամկետի ավարտից մի քանի ամիս առաջ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարական է տվել՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններում իշխող ուժի ցուցակը ղեկավարելու համար:

«Ես շնորհակալ եմ այն քաղաքացիներին, որոնք երկու անգամ վստահեցին ինձ։ Այսօր իմ հրաժարականի օրն է», - ասել է նա։

Մինչև նոր ղեկավարի ընտրությունը նախագահի պարտականությունները կկատարի Սերբիայի Ազգային ժողովի խոսնակ Անա Բրնաբիչը: Նոր նախագահի ընտրությունները նախատեսված են դեկտեմբերի վերջին:

Ավելի վաղ նա Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ էր նշանակել հոկտեմբերի 25-ին։ Նա կգլխավորի իշխող Սերբական առաջադեմ կուսակցության ցուցակը և կդառնա վարչապետի թեկնածուն։ Վուչիչը հայտարարել է, որ ոչ մի նախագահ երբեք հրաժարական չի տվել, որպեսզի ընտրապայքարին մասնակցի որպես սովորական քաղաքացի, և ինքը ցանկանում է առաջինը լինել, ով դա կանի։

Վուչիչը նախկինում զբաղեցրել է վարչապետի պաշտոնը՝ 2014 թվականի ապրիլից մինչև 2017 թվականի մայիսը։ Այդ ժամանակվանից ի վեր նա երկու անգամ ընտրվել է նախագահ, և նրա լիազորությունների ժամկետը պաշտոնապես լրանում է 2027 թվականի կեսերին:

Սերբիայում նախագահն ընտրվում է հինգ տարի ժամկետով. նույն անձը չի կարող պետության ղեկավարի պաշտոնում զբաղեցնել ավելի քան երկու ժամկետ։

Վերջին երկու տարիների ընթացքում Սերբիայում պարբերաբար հակակառավարական ցույցեր են տեղի ունենում, որոնք կազմակերպում են երիտասարդները։ Այնուամենայնիվ, Վուչիչն ինքը խիստ բարձր է գնահատում հոկտեմբերյան ընտրություններում իր կուսակցության՝ հաղթելու հավանականությունը:

«Երեք ամսից մենք կհաղթենք ընտրություններում, որոնք շատ ավելի ժողովրդավարական կլինեն, քան շատ երկրներում։ Մենք Սերբիան տնտեսապես ավելի ուժեղ կդարձնենք», - դեռ հուլիսին Die Presse-ին տված հարցազրույցում ասել էր նա։

Սերբիան խորհրդարանական հանրապետություն է: Գործադիր իշխանությունը լիովին պատկանում է կառավարությանը, որը գլխավորում է վարչապետը: Այնուամենայնիվ, նախագահը ևս մի շարք լիազորություններ ունի, մասնավորապես արտաքին քաղաքականության և անվտանգության ոլորտներում:


​
XS
SM
MD
LG