«Կոնցեսիան այլ երկրի փոխանցելու հարց չի քննարկվել». Փաշինյանն ընդունել է Բելոզյորովին

Հայկական երկաթուղու կոնցեսիան այլ երկրի փոխանցելու հարց չի քննարկվել, կառավարությունում տեղի ունեցած հանդիպումից հետո հայտարարեց «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գործադիր տնօրեն Օլեգ Բելոզյորովը:

Նա նշեց, որ քննարկումների առանցքում եղել է կոնցեսիոն պարտավորությունների կատարումը:

«Մենք այսօր խոսեցինք, կոնցեսիան պահելու- չպահելու հարցեր չեն բարձրացվել, մենք քննարկել ենք կոնցենսիոն համաձայնագրի իրականացումը, այն կատարվում է և պայմանավորվեցինք միասին աշխատել: Բանակցությունների վերաբերյալ հայկական կողմը ավելի քան բովանդակային տեղեկություն կհրապարակի, ինչի համար շնորհակալ ենք: Մենք մեր կողմից բանակցությունները շատ արդյունավետ ենք համարում»:

Այլ հարցերի «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գործադիր տնօրենը չպատասխանեց:

Փաշինյանն ու «Ռուսական երկաթուղիների» ղեկավարը պայմանավորվել են ստեղծել աշխատանքային խումբ

Հայաստանի կառավարության տարածած հաղորդագրության համաձայն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Օլեգ Բելոզյորովը պայմանավորվածություն են ձեռք բերել ստեղծել համատեղ աշխատանքային խումբ: Որի նպատակն է, ըստ հաղորդագրության, ձևակերպված խնդիրները սահմանված սեղմ ժամանակահատվածում քննարկել, գտնել հնարավոր լուծումները և հստակեցնել հետագա քայլերը:

Հանդիպմանը կողմները, մասնավորապես, անդրադարձել են «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության կառավարման արդյունավետությունը, ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ կատարված աշխատանքներին ու առկա խնդիրներին։

Նիկոլ Փաշինյանն ու Օլեգ Բելոզյորովը քննարկել են տարածաշրջանային գործընթացների համատեքստում ստեղծվող հնարավորություններն ու Հայաստանի երկաթուղիների մրցակցային, ինչպես նաև միջազգային տրանսպորտային ուղիներին ինտեգրված դարձնելուն ուղղված քայլերը։

Մտքեր են փոխանակվել նաև Գյումրի-Ախուրիկ-Թուրքիայի սահման և Երասխ-Նախջևան հատվածների երկաթուղիների վերակառուցման նախագծերի ու դրանց արդյունքում ստեղծվող հնարավորությունների շուրջ։

Հանդիպմանը մասնակցել է նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը:

Նախօրեին արտգործնախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հայտարարել է, որ Բելոզյորովը Հայաստան է ժամանում հայկական երկաթուղու օրակարգով:

Անցած շաբաթ ճեպազրույցում Բելոզյորովի առաջիկա այցի մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր. - «Մենք աշխատանքային քննարկում կունենանք և նաև որոշակի հետևություններ կանենք էդ աշխատանքային քննարկման արդյունքներով»:

Երևանն արդեն ամիսներ շարունակ հայտարարում է՝ երկաթուղիների կառավարման կոնցենսիոն պայմանագրի պատճառով Հայաստանը մրցակցային առավելություններ է կորցնում, և արևմտյան գործընկերները չեն ցանկանում ռուսական կառավարման ներքո գտնվող երկաթուղիներից օգտվել: Երևանն առաջարկում է, որ կառավարումը փոխանցեն և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի համար ընդունելի երրորդ երկրի:

Վարչապետ Փաշինյանը պարբերաբար ընդգծում է՝ հարցը բարեկամական մթնոլորտում են ցանկանում լուծել, ռուսական կողմից արձագանքում են՝ կոնցենսիայի պայմանների փոփոխության կամ պայմանագրի դադարեցման դեպքում կարող են պահանջել իրենց կատարած ներդրումների վերադարձը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Բելոզյորովը Հայաստան է ժամանում երկաթուղու օրակարգովՂազախստանին հայկական երկաթուղու կառավարումը հանձնելու սցենարին դեմ չենք. Փաշինյան