Երևանում է Ռուսաստանի «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչյովը, ով այսօր հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Կառավարության լրատվականի փոխանցմամբ՝ զրուցակիցները քննարկել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքներին և երկրում նոր ատոմային էներգաբլոկի կառուցման վերաբերյալ ռուսական կողմի առաջարկներին վերաբերող հարցեր։
Վարչապետը նշել է, որ Կառավարությունը շարունակում է քննարկումները նոր ատոմային էներգաբլոկի կառուցման վերաբերյալ միջազգային գործընկերներից ստացված առաջարկությունների շուրջ, և որոշումը կընդունվի առաջիկայում։ Փաշինյանն ընդգծել է, որ վերջնական որոշումը կրելու է բացառապես տնտեսական բնույթ՝ հաշվի առնելով գինը, որակը, անվտանգությունը, ժամկետները և երաշխիքները։
Լիխաչյովը նշել է, որ հայաստանյան գործընկերների հետ ունեն կառուցողական համագործակցություն, այդ թվում՝ ՀԱԷԿ–ի գործող էներգաբլոկի գործունեության ժամկետների երկարաձգման ուղղությամբ։ Հաջորդիվ «Ռոսատոմ»–ի գլխավոր տնօրենը մանրամասներ է ներկայացրել նոր ԱԷԿ–ի, ինչպես նաև փոքր և միջին հզորության էներգաբլոկների կառուցման առաջարկների և հնարավոր մեխանիզմների շուրջ, ասված է պաշտոնական հաղորդագրությունում:
«Ռոսատոմ»-ի ղեկավարի սպասվող այցի մասին սեպտեմբերի 3-ի ճեպազրույցում հայտնել էր Հայաստանի վարչապետը:
«Սեպտեմբերին մենք սպասում ենք «Ռոսատոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Լիխաչյովին, որպեսզի նա ներկայացնի այն առաջարկները, որ այսօր Ռուսաստանը կարող է անել Հայաստանին նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ», - ասել էր Փաշինյանը՝ հավելելով. - ««Ատոմակայանի հարցը, ես նախկինում էլ եմ ասել, որ մեզ համար աշխարհքաղաքական ընտրություն չի, մեզ անհրաժեշտ է գին-որակ լավագույն հարաբերակցություն. ով մեզ լավագույն առաջարկը անի, մենք գնալու ենք այդ առաջարկի հետևից»:
Հայաստանի նոր կառավարությունն իր ծրագրով պարտավորվել է մինչև 2027 թվականի ավարտը կողմնորոշվել նոր ատոմակայանի կառուցման տեխնոլոգիայի հարցում։
Երեկ Լիխաչյովին ընդունել է Ռուսաստանի նախագահը: «Ռոսատոմ»-ի ղեկավարը, «Սպուտնիկ Արմենիա»-ի փոխանցմամբ, Վլադիմիր Պուտինին հայտնել է, որ կորպորացիան Հայաստանի հետ աշխատում է «Նաիրիտ» նախագծի շուրջ. խոսքը սինթետիկ կաուչուկի արտադրության գործարանի աշխատանքի հետևանքները վերացնելու մասին է:
Լիխաչյովը նշել է նաև, որ «Ռոսատոմ»-ը շարունակում է աշխատանքները Հայկական ատոմային էլեկտրակայանում՝ դրա շահագործման ժամկետը երկարաձգելու շրջանակում: