Եթե Սյունիքի Շաքի գյուղում ադրբեջանցի զինծառայողի՝ տներից մեկը ներթափանցելու հետևանքով երեխաների կյանքին վտանգ է սպառնացել, ապա մայրը, երեխաներին պաշտպանելով, օգտվել է անհրաժեշտ պաշտպանության իր իրավունքից: Դա ոչ միայն օրինական է, այլ պետք է խրախուսելի լինի, «Ազատությանն» ասաց նախկին փոխոստիկանապետ, այժմ փաստաբան Հովհաննես Քոչարյանը:
Ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևը, որը, ըստ պաշտոնական Բաքվի, ինքնակամ լքել է Լաչինի զորամասը, հատել էր Հայաստանի հետ սահմանն ու մտել Սյունիքի մարզի Շաքի գյուղի տներից մեկը: Տանտիրուհին, իր երկու անչափահաս երեխաներին զինվորից պաշտպանելիս, հրազենային վիրավորում է ստացել: Տուժած կինն օրերս բարդ վիրահատություն է տարել, ևս երեքը դեռ առջևում են:
Նախօրեին խորհրդարանում վարչապետ Փաշինյանն, ըստ էության, մեղադրեց Անի Ավետիսյանին ոստիկանությանը չսպասելու և իր երեխաներին ինքնուրույն փրկելու համար՝ տեղի ունեցածը որակելով սովորական կրիմինալ դեպք: «Մայրական բնազդը երբեմն ամեն ինչից շատ ուժեղ է, հասկանալի է, բայց երբ որ ոստիկանություն են զանգում, դիմում են ոստիկանություն, ուրեմն պետք ա սպասել ոստիկանության գործողություններին, - հայտարարել է Փաշինյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
«Պետք էր սպասել ոստիկաններին». Փաշինյանը՝ Շաքիի բնակչուհու գործողությունների մասինՀովհաննես Քոչարյանը մասնավորապես նշում է, որ Քրեական օրենսգրքում կա «անհրաժեշտ պաշտպանության իրավունք» հասկացությունը, որի շրջանակներում անձը, եթե տեսնում է՝ որևէ մեկի կյանքին վտանգ է սպառնում, այդ անձի իրավունքն է՝ միջամտել, թե՝ ոչ: Միաժամանակ նա նշում է՝ եթե չկա իրական վտանգ, ապա ավելի ճիշտ է չստանձնել ոստիկանության գործառույթները. «Այսինքն՝ ըստ իրավիճակի պետք է գնահատել գործողությունների անհրաժեշտությունը»:
Անի Ավետիսյանի քույրը՝ Արփի Ավետիսյանը «Ազատությանը» ավելի վաղ պատմել էր, որ մինչև Անի Ավետիսյանը Սիսիանից կհասներ Շաքի գյուղ, ադրբեջանցին երկու անչափահաս երեխաներին պատանդ է պահել, հետո արդեն երբ մայրը տուն է հասել, տեսել է, որ զինծառայողը ուզում է կրակել երեխայի վրա, ձեռքով փորձել է պահել, կրակոցի հետևանքով կորցրել է ձեռքի երեք մատները, ազդրի ոսկորները փշրվել է:
«Պետք է հասկանանք էնտեղ ինչ է տեղի ունեցել, հիմա եթե կնոջ ու երեխաների կյանքին վտանգ է սպառնացել և կինը փորձել է ձեռքով փողը բռնելով կամ հարվածը իր վրա ուղղելով, մենամարտի բռնվելով, փրկել երեխաների կյանքը, դա իմ ասած անհրաժեշտ պաշտպանությունն է, որը իրավունք է, օրենքով չագելված գործողություն է, և պետք է խրախուսել նման գործողությունները բոլոր այն դեպքեում, երբ մարդկանց հաջողվում է կյանքեր փրկել կամ առողջություն փրկել», - ասաց Քոչարյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
«Պետք է ադրբեջանցուն ծածկեին, չմրսեր». Անի Ավետիսյանի քրոջ խոսքով՝ Փաշինյանը թեթև է ներկայացնում կատարվածըՓաստաբանը մանրամասնեց՝ «նույնիսկ վնասազերծել, սպանողին խփել, որը կարող է այդ ժամանակ սպանվի, բոլորը տեղավորվում են անհրաժեշտ պաշտպանության իրավունքի մեջ, քանի որ կա հարձակում»:
«Նույնիսկ եթե հարձակումը չի սկսվել, բայց ռեալ վտանգ կա: Զենքը, ասենք, բերել է մարտական վիճակի, չես սպասելու կրակի, նոր հարձակվես», - ասաց նա:
«Ազատության» հարցին՝ «այս դեպքում կարո՞ղ ենք ասել, որ Փաշինյանի ասածը այնքան էլ իրավաչափ չէր, որ մայրը պետք է սպասեր ոստիկանության գործողություններին», երկար տարիներ ոստիկանական համակարգում աշխատած Հովհաննես Քոչարյանը պատասխանեց. «Նպատակահարմարություն կարող էր լինել սպասել, եթե վտանգը չեզոքացված էր, կամ չունի կրակելու մտադրություն, բայց եթե իրավիճակը այնպիսին էր, որ սպասելու հնարավորություն չի ունեցել, քանի որ երեխային է վտանգ սպառնացել, էդ չի աշխատում, այդ բացատությունը խոցելի է»:
Սյունիքի մարզի Շաքի գյուղում վնասազերծված ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևը հոկտեմբերի 2-ին կալանավորվել է սահմանը ապօրինի հատելու, զենքի մաքսանենգության, զենքի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու, Հրազդանի ապօրինի շրջանառության և բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու հոդվածներով, Ադրբեջանում նրան մեղադրում են դասալքության համար: