Հայաստանը հանձնառու է շարունակել համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում, որին մասնակցել է տեսակապի միջոցով։
Հայաստանի վարչապետը միաժամանակ խոսել է հայկական ապրանքների արտահանման շուրջ ռուսական սահմանափակումների մասին: Ըստ նրա, սահմանափակումները շարունակում են զգալիորեն խոչընդոտել ընդհանուր շուկայի լիարժեք և արդյունավետ գործունեությանը։
«Այս կապակցությամբ կարևոր ենք համարում ԵԱՏՄ իրավունքին համապատասխան Հայաստանի արտադրանքի արտահանման և տարանցման առկա խոչընդոտների վերացման ուղղությամբ կառուցողական երկխոսության շարունակումը», - նշել է Փաշինյանը։
«Վստահ եմ, որ այս ուղղությամբ հետևողական առաջընթացը բխում է ԵԱՏՄ բոլոր անդամ պետությունների շահերից՝ ապահովելով առևտրային հոսքերի կայունությունը, շուկայի մասնակիցների համար պայմանների կանխատեսելիությունը, ինչպես նաև ինտեգրացիոն համագործակցության հետագա ամրապնդումը», - հավելել է նա։
Ռուսաստանն այս տարվա մայիսից սկսեց փուլ առ փուլ արգելել Հայաստանից տարբեր ապրանքների, այդ թվում՝ գյուղմթերքի, ձկնամթերքի, խմիչքների, կաթնամթերքի և ծաղիկների ներմուծումը։ Այս սահմանափակումները հաջորդեցին Երևանում անցկացված Եվրոպական երկու գագաթնաժողովներին, որոնցից մեկին մասնակցում էր նաև Ուկրաինայի նախագահը։
Մոսկվան պնդում է, որ Հայաստանը պետք է հանրաքվե անցկացնի՝ ընտրություն կատարելով Եվրոպական և Եվրասիական միությունների միջև: Երևանը հայտարարել է, որ առաջիկայում կսկսի ԵՄ-ին անդամակցելու դիմումի գործընթացը, սակայն այժմ հանրաքվե անելու անհրաժեշտություն չի տեսնում:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստանին կոչ է արել չհեռանալ Եվրասիական տնտեսական միության ընդհանուր շուկայից և չշտապել ազատվել նրանից, «ինչ այսօր օգուտ է տալիս»:
«[Հայաստանին] Պետք չէ շտապել դուրս նետել այն, ինչ այսօր քեզ օգուտ է տալիս: Պետք չէ հեռանալ այս ընդհանուր [ԵԱՏՄ] շուկայից», - հայտարարել է Լուկաշենկոն Մինսկում Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին մասնակցող կառավարական պատվիրակությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:
Հայաստանի վարչապետը 2024-ի հունիսին հայտարարեց, թե Հայաստանից որևէ պաշտոնյա չի այցելի Բելառուս, քանի դեռ այնտեղ նախագահում է Լուկաշենկոն։ Երևանի և Մինսկի հարաբերությունները վատթարացան, երբ Բելառուսի նախագահը Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիան որակեց որպես «ազատագրական պատերազմ»:
Երևանը երկաթուղու արդյունավետությունը բարձրացնելու որոշումներ է ակնկալում. Փաշինյան
Խոսելով TRIPP նախագիծի մասին՝ Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ այն կբացի ուղիղ երկաթուղային կապ Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Ըստ նրա, նախագիծը կինտեգրի Հայաստանը միջազգային երկաթուղային ցանցին և կստեղծի Պարսից ծոցի և Սև ծովի միջև երկաթուղային կապ հաստատելու հնարավորություն։
«Նեղ կազմով նիստի ընթացքում ես գործընկերներին տեղեկացրեցի որոշ ասպեկտների մասին, որոնք վերաբերում են տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, որը տեղի է ունենում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման արդյունքում։ ։», - նշել է Հայաստանի վարչապետը։
Միևնույն ժամանակ Փաշինյանը հայտարարել է, որ Երևանը որոշակի լուծումներ է ակնկալում երկաթուղու արդյունավետությունը բարձրացնելու հարցում:
Հայկական կողմը դեռ տարեսկզբից Մոսկվային առաջարկում է հայկական երկաթուղու 30-ամյա ռուսական կոնցեսիան վաճառել բարեկամական երրորդ երկրի՝ պնդելով, որ Արևմուտքի հետ թշնամական հարաբերություններ ունեցող Ռուսաստանի կառավարման պատճառով Հայաստանը տարածաշրջանում կորցնում է մրցակցությունը: Ռուսաստանը, մինչդեռ, որևէ պատճառ չի տեսնում հայկական երկաթուղու շահագործման իր կոնցեսիոն իրավունքը որևէ մեկին փոխանցելու համար:
Փաշինյանի ելույթի հրապարակային հատվածից պարզ չդարձավ, արդյոք ռուսական կողմի հետ հաջողվե՞լ է համաձայնության հասնել կոնցեսիայի մասով:
Ավելի վաղ Հայստանի վարչապետը հայտարարել էր, որ Երևանը դեմ չէ հայկական երկաթուղու կառավարումը Ղազախստանին հանձնելու սցենարին: