Կալանավորվել է «Առինջ մոլի» տնօրենը

«Առինջ մոլի» մուտքը

Կալանավորվել է «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Առինջ մոլի» տնօրեն Ալիկ Նազարյանը:

Քննչական կոմիտեից «Ազատությանը» նաև հայտնել են, որ քննչական գործողություններ են իրականացնում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում:

«Առինջ մոլի» տնօրենի կալանավորվումը հաջորդում է Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) երեկվա հաղորդագրությանը, թե Առինջում օտարման ոչ ենթակա և կադաստրային արժեքի շուրջ 99․94 տոկոս նվազեցմամբ հողերն օրենսդրական խախտումներով օտարվել են կալանավորված Ծառուկյանին պատկանող ընկերություններին:

ՊՎԾ-ն նշել էր, որ հաղորդումներ է ներկայացրել Գլխավոր դատախազություն, որոնց հետքերով քրեական վարույթներ են նախաձեռնվել:

«Առինջ մոլի» սեփականատեր Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց հունիսյան խորհրդարանական ընտրություններից մեկ ամիս անց: Նրա կուսակցությունը մի քանի տասնյակ ձայնով դուրս մնաց խորհրդարանից: Իրավապահները Ծառուկյանին մեղադրանք են առաջադրել առանձնապես խոշոր չափերով խարդախության, փողերի լվացման, հարկերից խուսափելու հոդվածներով: Նրա տասնյակ ընկերություններ կապարակնքվել են՝ դադարեցնելով աշխատանքը:

Ընդդիմադիր կուսակցության առաջնորդին կալանավորելուց հետո նրան պատկանող ընկերություններից երկուսում՝ «Արարատցեմենտ» ու կոնյակի գործարաններում պետությունը իր կառավարիչներին է նշանակել, Ծառուկյանի սպորտային կենտրոնը քաղաքապետարանի ղեկավարմանն է անցել: Օլիմպիական կոմիտեի մարզաբազան դեռ փակ է:

Մինչ իշխանությունը վստահեցնում է, թե ապօրինի կուտակած ունեցվածքն է վերադարձնում պետությանը, Գագիկ Ծառուկյանի թիմակիցները սա քաղաքական հետապնդում են համարում։