Իրանը դեմ չէ TRIPP-ին՝ երկու պայմանով. Խալիլ Շիրղոլամի

Թեհրանը դեմ չէ TRIPP ծրագրի իրականացմանը, եթե այն չի վնասում Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը: Այս մասին Civilnet-ի փոխանցմամբ՝ «ԱՊՐԻ Ֆորում 2026»-ի շրջանակում հայտարարել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Խալիլ Շիրղոլամին՝ ընդգծելով, որ Թեհրանի համար անընդունելի է Հարավային Կովկասում ցանկացած աշխարհաքաղաքական կամ տարածքային փոփոխություն։

«Ադրբեջանի ղեկավարները դեռևս շատ բացահայտ և ուղղակիորեն խոսում են «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Մենք նույնպես հստակ արտահայտվում ենք այն փաստի շուրջ, որ որևէ աշխարհաքաղաքական փոփոխություն և Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը հասցվող որևէ վնաս անընդունելի է։ Սա TRIPP ծրագրի իրականացման առաջին նախապայմանն է»,- հայտարարել է Խալիլ Շիրղոլամին։

Որպես երկրորդ նախապայման Իրանի դեսպանը նշել է հարևան տարածքներում ԱՄՆ-ի ռազմական կամ անվտանգային ներկայության բացառումն է։

«Այս երկու նախապայմանների հիման վրա մենք որևէ պատճառ չունենք դեմ լինելու այս նախագծին, եթե այն դրականորեն կնպաստի հայ ժողովրդի զարգացմանն ու բարօրությանը», - ասել է դեսպանը։

Իրանի դեսպանը դեռ հուլիսին էր հայտարարել, որ Իրանը TRIPP նախագծի շրջանակում իր սահմաններին ամերիկացիների ներկայության շուրջ անհանգստություններ ունի:

Հայաստանի կառավարությունը հավաստիացրել է, որ այս ծրագրի իրականացման հետևանքով և ԱՄՆ-ի ներկայության արդյունքում՝ Իրանի համար որևէ սպառնալիք կամ մարտահրավեր չի ստեղծվի:

Ներկայացնելով Հարավային Կովկասի վերաբերյալ Իրանի հայեցակարգային մոտեցումները՝ Շիրղոլամին շեշտել է, որ տարածաշրջանում խաղաղության հիմքը պետք է լինի առկա կարգավիճակի պահպանումը։ Նրա խոսքով՝ լոկ խաղաղության մասին խոսույթը բավարար չէ, և խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է ուժերի իրական հավասարակշռություն ձևավորել, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև։

TRIPP-ը նախատեսված է Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև Հայաստանի տարածքով անխոչընդոտ հաղորդակցություն ապահովելու համար՝ միաժամանակ հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը։

Հայաստանի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը նախաստորագրվել է այս տարվա մայիսի 26-ին, ստորագրվել՝ հունիսի 4-ին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իրանը TRIPP նախագծի շրջանակում իր սահմաններին ամերիկացիների ներկայության շուրջ անհանգստություններ ունի. դեսպան