«2 օրը մեկ խոսում ենք». Գանձասարի այցից հետո Ալեն Սիմոնյանը զրուցել է Հիքմեթ Հաջիևի հետ

Ալեն Սիմոնյանի և Հիքմեթ Հաջիևի առաջին պաշտոնական հանդիպումը Բիշքեկում, 1-ը սեպտեմբերի, 2026թ.

Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը Հայաստանում դժգոհության ալիք բարձրացրած Գանձասարի դեպքերից հետո զրուցել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ:

Արդյոք ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյան ընդունե՞լ է, որ սխալ էր, երբ Լեռնային Ղարաբաղ այցելած օտարերկրյա դիվանագետներին ասում էր, թե Գանձասարն ու Դադիվանքը աղվանական եկեղեցիներ են: Ալեն Սիմոնյանն արձագանքեց, թե «մենք չենք խոսում՝ ով է սխալ, ով՝ ճիշտ»:

«Կա իրենց տեսակետը, կա մեր տեսակետը: Իմ աշխատանքի իմաստը այն է, որ այդ տեսակետները չբերել, բախեցնել մեկը մյուսին», - լրագրողներին փոխանցեց խորհրդարան այցելած Անվտանգության խորհրդի քարտուղարը՝ չբացահայտելով Հաջիևի հետ զրույցի մանրամասները:

Սիմոնյանը միայն ասաց՝ իր մտահոգությունն է հնչեցրել ու շեշտեց, որ ինքն ու Հաջիևը գրեթե երկու օրը մեկ խոսում են. - «Բա Ձեր կարծիքով ի՞նչ էինք խոսում... Ես նաև ուրիշ մտահոգություն էի արտահայտում, որ պետք է ամեն ինչ արվի, որ նման դեպքերը չխանգարեն [խաղաղության] պրոցեսին»:

Սիմոնյանը նոր պաշտոնում նշանակվելուց հետո առաջին անգամ Հաջևին հանդիպել էր Բիշքեկում՝ այս ամսվա սկզբին: Երկու պաշտոնյաների բանակցությունները հաջորդել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը։

Այդ հանդիպումից երկու շաբաթ անց Հաջիևը ոչ միայն աղվանական էր հռչակել հայկական միջնադարյան եկեղեցիները, այլև Գանձասար այցի ընթացքում ծաղրող մեկնաբանություններ էր արել հայկական հին ձեռագրերի վերաբերյալ: Բացելով գրքերի մակետները՝ Հաջիևը դիվանագետներին ցույց էր տվել դատարկ էջերը, ինչին ներկաները ծիծաղով էին արձագանքել:

Արտգործնախարարությունն ու կառավարությունը առանձին հայտարարությամբ չարձագանքեցին պաշտոնական Բաքվին: Հաջիևին Երևանում առաջինն Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն էր արձագանքել՝ ադրբեջացի պաշտոնյայի պնդումները որակելով «անհիմն»: Իսկ արտգործնախարար Արարատ Միրզոյանը մեկ օր անց Բաքվի գործողություններին գնահատականներ տալիս Ռուբինյանի հայտարարությանը հղում արեց: Մատենադարանից էլ պարզաբանեցին, որ որևէ հնագույն ձեռագրի բնօրինակ երբևէ չի տեղափոխվել Գանձասար, քանի որ այնտեղ անվտանգության և պահպանման համակարգ չի եղել:

Լրագրողներն այսօր Անվտանգության խորհրդի քարտուղարից նաև հարցրեցին, թե արդյոք Հաջիևին ասե՞լ է, որ Գանձասարը հայկական է, ոչ թե աղվանական:

«Ձեզ թվում է, որ մենք մտնենք էդ խոսակցությունների մեջ, դա մեզ ո՞ւր է տանելու: Այսինքն մեր ինքնության պաշտպանությունը դրանո՞վ է պայմանավորված: Մեր ինքնությունն ու խաղաղությունը իրար հետ հակադրելը ճիշտ չէ: Կարող եմ հիմա էնպես պատասխանել, սաղդ ասեք՝ «ուխխխ», բայց էսքան բաղձալի խաղաղությանը դա օգուտ չի տալիս», - արձագանքեց Սիմոնյանը:

Ընդհանուր առմամբ Անվտանգության խորհրդի քարտուղարը զերծ մնաց Հաջիևի՝ մեծ աղմուկ բարձրացրած պնդումներին քաղաքական գնահատական տալուց. - «Բացի նրանից, որ պարոն Ռուբինյանն է ասել, պարոն Միրզոյանն է ասել, ես քաղաքական առումով որևիցե բան չեմ ասելու»:

Ընդդիմությունը դժգոհ է. «Ինչքան չես արձագանքում, այնքան հակահարվածը ավելի ուժեղ է լինում»

Խորհրդարանական ընդդիմությունը, մինչդեռ, կարծում է, որ իշխանությունը պատշաճ չի արձագանքել Բաքվին:

«Երբ միջազգային տարբեր դերակատարների ներկայությամբ հայտարարվում է, որ Գանձասարը աղվանական է, ես ակնկալում եմ, որ որևէ հայտարարություն Հայաստանից կգնա։ Ընդ որում, դա ոչ թե ուղղակի այսպես վիրավորական արձագանք պետք է լինի, հուժկու արձագանք, այլ փաստեր, որոնք պետք է արձանագրել և ուղարկել նաև միջազգային մեր գործընկերներին։ Ինչու՞ չեն արձագանքում, շատ պարզ պատճառ կա, որ ադրբեջանցիներն ուղղակի բռնել են Նիկոլ Փաշինյանի կոկորդից, ստիպում են իրականացնել բոլոր հնարավոր զիջումները Հայաստանի Հանրապետությունում։ Մենք հասել ենք այն օրին, որ քննարկում ենք ալիևյան սահմանադրության ընդունման հարցը։ Արդեն Տիգրանաշենը մի օրում, հասկանու՞մ եք, մի օրում դառնում է Քյարքի ու այսօր Ազգային ժողովի նիստերում հնչում է բացառապես Քյարքի անունը, Տիգրանաշենը չի, չնայած պաշտոնական բոլոր փաստաթղթերում մեր քարտեզների վրա պաշտոնական տեղանունը Տիգրանաշեն է», - լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը:

Գրիգորյանի մեկնաբանությամբ՝ այս քաղաքականության միակ նպատակը «հնարավորինս երկար սեփական աթոռին մնալն է». - «Եվ եթե դրա գինն է բառ անգամ չարձագանքել մեր պատմամշակութային ժառանգության ոչնչացմանը, հենց այդ գինն է, որ վճարում են»: