«Լճացած է». ԱՆԻՖ-ի գործով մեկ մեղադրյալի գործը դատարանում է

ԱՆԻՖ-ի շենքը, արխիվ

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) կոռուպցիոն գործի քննության շուրջ երեք տարիների ընթացքում դատարան է ուղարկվել մեկ մեղադրյալի գործ, երկուսի նախաքննությունն էլ շարունակվում է:

«Ամեն դեպքում ներքևի օղակների ներկայացուցիչներն են, որ այսօր քրեական հետապնդման են ենթարկվում. Դավիթը Փափազյան, Բելլան Մանուկյան, որը ֆոնդի կառավարիչ ընկերության ղեկավարն էր, կամ այդ ֆոնդից գումարներ ստացած անձինք՝ նույն Կարինե Անդրեասյանը՝ հայտնի ընկերության ղեկավարը։ Իսկ Տիգրան Ավինյանը հարցաքննվում է, ըստ էության, վկայի կարգավիճակով, բայց նույն Փաշինյանի ասած «խայտառակությունը», չգիտեմ՝ ինչ ուզում եք անվանեք, եթե հիշում եք՝ ինչպես էր ասում ԱՆԻՖ-ի գործունեության ընդհանուր գնահատականը, էսքան խոսքերից հետո, էսքան բանավոր բնութագրումներից հետո, մենք տեսնում ենք լճացում», - ասաց լրագրող Վահե Սարուխանյանը։

Դատարան գնացած գործն առնչվում է ԱՆԻՖ-ի դուստր ընկերության նախկին տնօրենին, որը մեղադրվում է կեղծ փաստաթղթերի ու ծառայողական լիազորությունները չարաշահելու համար։ Կորուպցիոն սխեմաներով պետական բյուջեի միլիոնավոր դոլարների փոշիացումը բացահայտած «Հետք»-ի լրագրող Վահե Սարուխանյանը կարծում է՝ այս երեք մեղադրյալներով դրվագները բավարար չեն, դրանք չեն բացահայտում ողջ ԱՆԻՖ-ի շուրջ տեղի ունեցածը։ Հիշեցնում է Գլխավոր դատախազի հավաստիացումները խորհրդարանում, թե գործը ծավալուն է ու առաջ է գնում, բայց ընդգծում՝ ոչ մի առաջխաղացում էլ չկա։

«Մենք գիտենք, որ նույն Աննա Վարդապետյանից դատախազությունը ուսումնասիրում է տարբեր ընկերությունների հետ կապված գումարային փոխանցումները, այսինքն՝ էն գումարները, որ տվել է ԱՆԻՖ-ը, դա մեկ ընկերության չի տվել, տարբեր ընկերությունների է տվել, բայց այդ ընկերությունների վերաբերյալ որևէ նորություն էս պահին չկա», - նշեց լրագրողը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱՆԻՖ-ից մինչև բիզնեսի հետ փոխկապակցվածություն․ ընդդիմությունը մեղադրում է, իշխանությունը՝ հակադարձում

Քննության երեք տարիների ընթացքում իրավապահներն այդպես էլ չեն բարձրացրել հիմնադրամը 2,5 տարի ղեկավարած՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի պատասխանատվության հարցը։ Ինչո՞ւ, չեն բացատրում, Դատախազությունից չեն արձագանքում։ Ավինյանը միայն մեկ անգամ է հարցաքննվել որպես վկա։

«Էն ինֆորմացիան, որը ես ունեի, ամբողջապես ես փոխանցել եմ համապատասխան մարմիններին։ 210 միլիոն դոլարի օտարերկրյա ներդրումներ է ներգրավել ԱՆԻՖ-ը։ ԱՆԻՖ-ը ուներ խնդիր՝ նոր, որակյալ աշխատատեղեր ստեղծելու, 800 նոր աշխատատեղ է ստեղծվել ԱՆԻՖ-ի գործունեության արդյունքում։ Երբ որ ասվում է ԱՆԻՖ-ը անարդյունավետ էր, ԱՆԻՖ-ի վրա պետությունը ծախսել է 4,9 միլիարդ դրամ, ԱՆԻՖ-ի ստեղծած դուստր ընկերությունները 5,5 միլիարդ դրամ հարկերի տեսքով վերադարձրել են պետությանը», - ընդգծել է Ավինյանը։

Երևանի քաղաքապետը նաև հայտարարել էր, թե իր հետ կապված իրավական գործընթաց չկա ու չի կարող լինել։ Հետաքննող լրագրողները, սակայն, բացահայտել էին, որ Ավինյանի ղեկավարման օրոք ԱՆԻՖ-ը մոտ 2․5 միլիոն դոլար էր փոխանցել նրա համադասարանցու ընկերությանը, որ ելակի արտադրություն սկսի։ 1,5 միլիարդ դրամի ներդրումներ էին արվել Ավինյանի կնոջ բիզնես գործընկերոջ 8-օրական ընկերությունում․ հենց այդ ընկերուհին է այժմ մեղադրյալներից մեկը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ավինյանի ղեկավարման օրոք ԱՆԻՖ-ը մոտ 2.5 մլն դոլար է փոխանցել նրա համադասարանցու ընկերությանը

Ավինյանի պատասխանատվության հարցից բացի, իրավապահները նաև չեն հստակեցնում, թե ինչ հաջողություններ ունեն հիմնադրամի տնօրեն Դավիթ Փափազյանին հայտնաբերելու գործում։ Փողերի լվացման, ծառայողական լիազորությունները չարաշահելու և փաստաթղթեր կեղծելու հոդվածներով մեղադրվող նախկին տնօրենի նկատմամբ միջազգային հետախուզումը ուղիղ մեկ տարի առաջ է հայտարարվել։ Ու մինչ իրավապահները նրան են որոնում, Փափազյանը ֆեյսբուքյան էջում չի էլ թաքցնում, որ բնակվում է Լոնդոնում։

«Գոյություն ունի իրավական փոխօգնության մեխանիզմ, այսինքն՝ իրենք կարող են դիմել արտասահմանցի գործընկերներին հետախուզման շրջանակներում, որպեսզի այնտեղ նրան ձերբակալեն, կալանավորեն, արտահանձնեն», - ասաց Սարուխանյանը։

Փափազյանի հետ կապ հաստատել «Ազատությանն» այսօր չհաջողվեց։ Նրա ֆեյսբուքյան վերջին բաց գրառումը դեկտեմբերի 6-ին է․ լուսանկար է հրապարակել, որի տեղորոշումից հաստատվում է, որ Լոնդոնում է։

«Ծրագրերի չիրականանալը ԱՆԻՖ-ի գործողություններից չի բխում»

Մինչ հետաքննող լրագրողը հարցեր է բարձրացնում, Փափազյանի փաստաբանը չի բացում փակագծերը, թե կոնկրետ որտե՞ղ է պաշտպանյալը և ինչո՞ւ չի վերադառնում Հայաստան, եթե համարում է, որ անմեղ է. «Էդ կարամ ենթադրեմ, որ պետք ա համագործակցեն էդ օտարերկրյա իրավապահ կառույցների հետ, ու նենց ա ստացվել, որ միգուցե նրանք չեն ուզում կատարեն Հայաստանի հայցերը»։

Հակոբ Ենոքյանի փոխանցմամբ՝ պաշտպանյալը համարում է, որ իր ենթականերն էլ ոչ մի մեղք չունեն պետական գումարների փոշիացման հարցում։

«ԱՆԻՖ-ը իր պարտականությունները լրիվ կատարել ա, ծրագրերի չիրականանալը ԱՆԻՖ-ի գործողություններից չի բխում, ոչ էլ ԱՆԻՖ-ի թերացումներից ա բխում, այլ հանգամանքներով ու պայմաններով ա պայմանավորված», - նշեց փաստաբանը։

Դավիթ Փափազյանը, որ Հայաստանից հեռանալուց հետո աշխատանքի է անցել վիճահարույց համբավ ունեցող Գազայի հումանիտար հիմնադրամում, անցած տարի ուղիղ տեքստով հենց վարչապետին մեղադրեց պետական հիմնադրամի ձախողման համար։

Միջազգային հետախուզման մեջ գտնվող նախկին պաշտոնյան իր գրառմամբ նշել էր, թե վարչապետին չի հաջողվի իր ու իր կառավարության խայտառակ սխալների համար մեղավոր կարգել իրենց։

Ըստ Փափազյանի՝ հենց Փաշինյանն ու նրա թիմն են խափանել ԱՆԻՖ-ի ծրագրերից մի քանիսը։ Վարչապետն իր հերթին հայտարարել էր, թե պետական հիմնադրամի շուրջ կոռուպցիոն սկանդալների մասին հանրությունը տեղեկացել է իրենց թափանցիկ աշխատանքի շնորհիվ։ Ի դեպ, Փափազյանի՝ վարչապետին ուղղված մեղադրանքները չդարձան իրավապահների քննության առարկա։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱՆԻՖ-ի ծրագրերի տապալման ու չարաշահումների գործով մեղադրանքներն ապօրինի են. նախկին տնօրենի փաստաբանԱՆԻՖ-ի նախկին տնօրենը Փաշինյանին է մեղադրում հիմնադրամը ձախողելու մեջ. վարչապետը հակադարձում էԱվինյանը 1.5 տարի առաջ հարցաքննվել է ԱՆԻՖ-ի գործովԱՆԻՖ-ից խոշոր ներդրումներ՝ հիմնադրամի բարձրաստիճան ղեկավարների ընկերների կամ նրանց հետ փոխկապակցված ընկերություններումՄիջազգային հետախուզում ԱՆԻՖ-ի նախկին տնօրենի նկատմամբԱՆԻՖ-ի գործով մեղադրյալների հնարավոր հետախուզման մասին իրավապահները լռում են