Ինչի՞ց է, որ վարչապետ Փաշինյանն ու նրա թիմակիցները շարունակ խոսում են կոռուպցիայի դեմ պայքարի իրենց կամքից, բայց հանրության շրջանում պետական համակարգի կոռումպացվածության ընկալման ցուցանիշը չի փոխվում:
«Մենք ի՞նչ իմանայինք, որ Գյումրիում Վարդան Ղուկասյան է հայտնվելու, որ կոռուպցիոն դեպքով գործող քաղաքապետ լինի», - ասում է «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Հասմիկ Հակոբյանը:
«Փաստացի «Թրանսփարենսիի» հրապարակած զեկույցը գալիս է փաստելու այն, ինչի մասին մենք՝ ընդդիմադիրներս, բավականին հաճախ բարձրաձայնում էինք, այսինքն՝ դա այլևս միայն ընդդիմադիր պատգամավորների կարծիքը կամ դիտարկումը չէ, միջազգային տարբեր չափորոշիչներով ֆիքսվում է, որ այս իշխանությունների վարած հակակոռուպցիոն քաղաքականությունն ընդհանրապես տապալված է», - նշում է «Հայաստան» խմբակցությունից Աննա Գրիգորյանը:
Վերջին մի քանի տարվա ընթացքում այդ ինդեքսը գրեթե նույնն է, 2025-ին անգամ մեկ միավորով հետընթաց է: «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի մեկնաբանությամբ՝ վերջին երեք տարիներին Հայաստանում լճացում է:
«Այն, որ դուք ասում եք՝ լճացում է, սա մասնագետների կողմից կայունացման մասին է խոսում, այսինքն՝ մենք բարելավել ենք դիրքերը, պահպանել ենք, մեկ նիշով հետ գնալ, առաջ գնալ, այո, բայց սրա վրա կարող է շատ բան ազդել», - նկատեց Հակոբյանը:
Ըստ միջազգային սանդղակի՝ եթե 50-ից ցածր է միավորը, ուրեմն մտահոգիչ պատկեր է այդ երկրում: Հայաստանում 46 է: Փաշինյանի իշխանության սկզբնական փուլում մինչև 2021 թվականը կոռուպցիայի ընկալման ցուցանիշը շեշտակի բարելավվել է՝ հասել է 49 միավոր, բայց դրանից հետո մի քանի միավորով նահանջ կա:
«Նախկին իշխանությունների ժամանակ, երբ համաթիվը այդքան բարձր էր, այսինքն՝ մարդն ընկալում էր, որ կոռուպցիան շատ է, գոնե 50 տոկոսով ավելին էր այդ ընկալումը, բայց հստակ իմանալով, որ այսինչ քաղաքապետը, մարզպետը «մարդակեր» են, ամբողջ համայնքն իրենց ձեռքի տակ էր, միևնույնն է՝ կոծկվում էր», - ասաց իշխանական պատգամավորը:
ԱՆԻՖ հիմնադրամի տապալումը, ըստ փորձագետների, Նիկոլ Փաշինյանի իշխանության թերևս ամենաաղմկոտ կոռուպցիոն սկանդալն է, պետական բյուջեից միլիարդավոր դոլարներ են փոշիացել, պետական միջոցներով ստեղծված կառույցը լուծարվել է, և պաշտոնյաներից ոչ մեկը դեռ չի պատժվել: Հիմնադրամում տեղի ունեցած չարաշահումների փաստով մոտ 4 տարի առաջ հարուցված քրեական գործում էական շարժ չկա:
«Մենք ենք խոսել ԱՆԻՖ-ի մասին, եթե ժամանակին թաքցվում էր իշխանության և համակարգի կողմից այդ կոռուպցիոն դեպքերը, ապա այժմ մենք ենք խոսում», - հավելեց պատգամավորը:
Թե ԱՆԻՖ-ում չարաշահումների, թե Էջմիածնի նախկին քաղաքապետ, ՔՊ-ական Դիանա Գասպարյանի ու նրա ընտանիքի մասին կոռուպցիոն բացահայտումների հեղինակները լրատվամիջոցներն են: Իշխանականները դրանից հետո են արձագանքել այս բացահայտումներին: ՔՊ-ական Գասպարյանի ընտանիքին առնչվող բացահայտումը թեև դատարանը քննում է, բայց ոչ մեկը բանտում չէ:
«Երբ հերթը հասնում է որևէ ընդդիմադիր հայացք ունեցողին, տեղում գործը գնում է, դատարանը որոշումը կայացնում է, իսկ երբ հերթը հասնում է ՔՊ-ականներին, գործերը ձգձգվում են», - նշեց ընդդիմադիր պատգամավոր Գրիգորյանը:
Նա թերևս ամենաշատն է բարձրաձայնում ԱՆԻՖ-ի գործով անպատժելիության մասին: Եվ միայն սա չէ, ասում է նա: Երբ պետությունից արտոնություն ստացած գործարարները գումարներ են մուծում իշխող խմբակցության հիմնադրամին, սա կոռուպցիա չէ՞, կուսակցության ղեկավար Փաշինյանը չգիտի՞ դրա մասին, հարցնում է նա. «Այդ բիզնեսների սեփականատերերը և նրանց հետ փոխկապակցված անձինք 110 միլիոն են փոխանցել կամ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, կամ «Իմ քայլը» հիմնադրամին, այսինքն՝ կառավարությունը մաքսային արտոնություն է տալիս, այդ մարդիկ էլ փոխհատուցում են տալիս արդեն այս միջոցով: Սա քաղաքական կոռուպցիա չէ՞, կոռուպցիան ուրիշ ի՞նչ ձևով պետք է դրսևորվի: Ամեն ինչի վերևում կանգնած է Նիկոլ Փաշինյանը: Ինքն է թիվ մեկ պատասխանատուն»:
Գործող իշխանությունը 2023-26 հակակոռուպցիոն ռազմավարությամբ խոստացել էր կոռուպցիայի ընկալման ցուցանիշը հասցնել 55-ի:
«Պետք է արձանագրել, որ ամբողջությամբ տապալված է այս քաղաքականությունը, և դրանք օդի մեջ հայտարարություններ չեն», - նշեց Գրիգորյանը:
Թե Հայաստանում գործող իշխանության օրոք կոռուպցիայի որ տեսակներն են տարածված, հակակոռուպցիոն կազմակերպությունը վերլուծություն չունի: Ընդդիմադիր պատգամավորն է թվարկում՝ բիզնեսի հետ փոխկապակցվածություն, շահերի բախում, գործարարների փոխանցումները իշխող ուժի հիմնադրամին ու նաև դատական համակարգում ակնհայտ խտրական մոտեցումը: