ԱՄՆ-ն ուսումնասիրում է Ուկրաինայում ձմռանն ընդառաջ լարվածության թուլացման միջոցները. Զելենսկի

Լուսանկարում (ձախից աջ)` ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Ջարեդ Քուշներն ու Սթիվ Ուիթքոֆը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները Մոսկվա և Կիև էին ժամանել հիմնականում դիվանագիտական գործընթացը վերսկսելու համար, բայց նրանք իրենց հետ բերել են նաև որոշ նոր գաղափարներ, Axios-ի հետ զրույցում ասել է Ուկրաինայի նախագահը:

Վլադիմիր Զելենսկին մանրամասներ չի ներկայացրել, բայց ասել է, որ քննարկումներից մի քանիսը վերաբերել են Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից ձմռանն ընդառաջ և դրա ընթացքում լարվածության թուլացման հնարավոր քայլերին, որոնք ԱՄՆ-ն ուսումնասիրում է։

«Կան գաղափարներ էներգետիկ օբյեկտների, հացահատիկի մատակարարման, էլեկտրաէներգիայի օբյեկտների, ինչպես նաև նավթի ու գազի արտահանման վերաբերյալ։ Ռուսաստանը և մենք տարբեր շահեր ունենք», - ասել է նա:

Զելենսկին նշել է, որ Կիևում կայացած հանդիպմանը ամերիկացի բանագանցները Ուկրաինային են փոխանցել ուղերձ, որ «ռուսները պատրաստ են բանակցություններ վարել»:

Ուկրաինայի նախագահը, սակայն, շարունակում է թերահավատ լինել, քանի որ Ռուսաստանի գործողությունները մարտի դաշտում վկայում են այն մասին, որ Մոսկվան չի ցանկանում բանակցել: Այնուամենայնիվ, Զելենսկին նշել է, որ նույնիսկ եթե Կրեմլը պատրաստ չէ բանակցությունների, Սպիտակ տունը կարող է համոզել ռուսական կողմին այդ հարցում: «Ես զգում եմ, որ Պուտինը Թրամփի կարիքն ունի: Նա չի ուզում... նրան նեղացնել»,- ասել է Զելենսկին։

Նախագահի խոսքով՝ Պուտինը հույս ունի, որ ձմեռը բավարար վնաս կհասցնի Ուկրաինային՝ զիջումներ պարտադրելու համար։ «Ռուսաստանն իսկապես կարծում է, որ այս ձմեռը կօգնի նրանց, որ կոտրեն մեզ», - ասել է նա:

Զելենսկին նշել է, որ Միացյալ Նահանգները նաև աջակցում է Ուկրաինային ձմռան համար աջակցության առանձին փաթեթ տրամադրելուն, որը կներառի օգնություն օդային պաշտպանության և էներգետիկ ոլորտներում:

«Մենք ունենք սեպտեմբեր և հոկտեմբեր՝ երկխոսություն սկսելու որևէ միջոց գտնելու համար։ Առանց երկխոսության… մենք արդյունքի չենք հասնի ... Կարծում եմ՝ նախագահ Թրամփը կկարողանա իրական բանակցային գործընթաց սկսելու միջոց գտնել մինչև ցուրտ ձմռան սկսվելը», - ասել է նա։

Իր հերթին, Սթիվ Ուիթքոֆը սոցցանցում գրել է բանակցություններում «նշանակալի առաջընթացի» հասնելու մասին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ուիթքոֆը հայտարարում է Մոսկվայի և Կիևի հետ բանակցություններում էական առաջընթացի մասինԿրեմլը չի բացառում վերադարձը եռակողմ հանդիպումներին. ի՞նչ են քննարկել Թրամփի բանագնացները Կիևում և Մոսկվայում Պուտինը հայտարարել է՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի շփումներն արդյունավետ ենԱՄՆ բանագնացները ժամանել են ՄոսկվաՊուտինի բանագնաց Դմիտրիևը Մոսկվայում կհանդիպի Ուիթքոֆին և Քուշներին