Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դռնփակ նիստում սկսել է քննել գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանքը ևս 2 ամսով երկարաձգելու՝ մեղադրող կողմի միջնորդությունը: Դատարանի մոտ են հավաքվել Ծառուկյանի աջակիցները: Գործարարին դատարան են բերել հետնամուտքով:
«Իրանցի երկու խարդախի պատճառով կալանավորվեց Ծառուկյանը: Հայաստանի տնտեսական հեղինակությանն է այս գործը հարված հասցրել, որ մեկ օրում խլում են գույքն ու պետականացնում ընկերությունները», - լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը:
Գագիկ Ծառուկյանի աջակիցները դատարանի բակում, 3-ը սեպտեմբերի, 2026
Խորհրդարանական ընտրություններին մասնակցած ընդդիմադիր ԲՀԿ-ի առաջնորդը, ում վարչապետը դեռ նախընտրական քարոզարշավի ընթացքում սպառնում էր ունեզրկվել, կալանավորվեց ընտրություններից մեկ ամիս անց: Նրան մեղադրանք առաջադրեցին առանձնապես խոշոր չափերով խարդախության, փողերի լվացման հոդվածներով, հետո էլ ավելացավ հարկերից խուսափելու մեղադրանքը:
Ծառուկյանն ու իրանցի գործարարները
Ըստ Քննչականի, Ծառուկյանը կազմակերպել և ղեկավարել է հանցավոր խումբ, որը Իրան-Հայաստան լոգիստիկ կապեր ստեղծելու պատրվակով, խաբեությամբ ու փաստաթղթեր կեղծելով, իրանական ընկերություններից հափշտակել է 52 միավոր տրանսպորտ, տեխնիկա և ապրանք՝ պատճառելով շուրջ 22 միլիոն դոլարի վնաս։
Երևանում տարածաշրջանի ամենամեծ իրանական առևտրի կենտրոն պետք է ստեղծվեր, որը չի իրականացել: Ընկերության 50 տոկոսի բաժնետերը Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ»-ն էր, մյուս 50 տոկոսը՝ իրանական ParsHilal Caspian Group ընկերությանը: Այս ընկերության մասին համացանցի բաց աղբյուրներում հստակ տեղեկություններ չկան:
Փաստաբանները պնդում են, որ իրանցիներն են պարտք «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդին, և դա ապացուցող պարտավորագրեր կան: Կալանավորվելուց հետո Ծառուկյանը մի քանի անգամ առերեսվել է իրանցիների հետ:
Ծառուկյանի ընկերությունների ճակատագիրը
Ընդդիմադիր կուսակցության առաջնորդին կալանավորելուց հետո, նրան պատկանող ընկերություններից երկուսում՝ «Արարատցեմենտ» ու կոնյակի գործարաններում կառավարությունը իր կառավարիչներին է նշանակել, Ծառուկյանի սպորտային կենտրոնը քաղաքապետարանի ղեկավարմանն է անցել: Օլիմպիական կոմիտեի մարզաբազան դեռ փակ է:
Օրերս էլ հայտնի դարձավ, որ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Դատախազության հայցը, որ պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի Առինջի առանձնատան հողատարածքի աճուրդը, որ 23 տարի առաջ է կայացել։
Մեկ այլ հայցով էլ Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյաններին պատկանող Առինջ մոլի հողատարածքի աճուրդը, որը 11 տարի առաջ է կայացել։
«Քանի Հայաստան պետությունը կա, Գագիկ Ծառուկյանից տները սկսել ենք արդեն վերադարձնել ժողովրդին: Ես ձեզ ասում եմ՝ մինչև 2031 թիվը Գագիկ Ծառուկյանի էն սարի գլխին սարքած տունը պետք է ծերերի խնամքի կենտրոն դառնա», - խոստացել է վարչապետ Փաշինյանը:
Մինչ իշխանությունը վստահեցնում է, թե ապօրինի կուտակած ունեցվածքն է վերադարձնում պետությանը, Գագիկ Ծառուկյանի թիմակիցները սա քաղաքական հետապնդում են համարում։
«Ես ուզում եմ հավատալ, որ մեր երկում արդարադատության համակարգը մահկանացուն չի կնքել: Այս երկու ամիսների ընթացքում ուսումնասիրել եմ այս մտացածին քրգործերը: 2 ամիս առաջ կալանավորվելու հիմք էին նշում քննության խոչընդոտելու խնդիրը, այն դեպքում երբ Ծառուկյանն է մշտապես ասել, այո՛, պետք է գործերը քննվեն, ու այս դեպքում նրան կալանավորելու հիմք չկա: Ու երբ իշխանականները ասում են՝ սա բացառապես իրավական հարց է, ես էլ կոչով դիմում եմ իրենց, ապացուցե՛ք, որ սա քաղաքական հետապնդում չէ, ու Ծառուկյանին փակի տակ պահելը մեկ մարդու ցանկություն չէ», - ասում է գործարարի խոսնակը: