Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) այսօր հրապարակեց, թե խորհրդարան անցած ուժերի թեկնածուներից ովքեր են գրանցվում և ստանում պատգամավորական մանդատ: ԿԸՀ արձանագրությունը տեղադրված է հանձնաժողովի պաշտոնական կայքում:
Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» 64 հոգանոց խմբակցությունում նորեկների շարքն են համալրել վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ու նրա տեղակալը՝ Տարոն Չախոյանը: ԱԺ է վերադառնում նաև վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:
Մեծությամբ երկրորդ խմբակցությունից՝ «Ուժեղ Հայաստանից» մանդատ ստացան 29 թեկնածուներ․ նրանցից երկուսը, սակայն, հնարավոր է՝ խորհրդարան չգնան։
Այսօր, մանդատների բաշխման հարցը քննարկելուց առաջ, պարզվեց՝ դատախազությունը դատարան է ուղարկել ընդդիմադիր դաշինքի թեկնածու, ընտրակաշառք տալու նախապատրաստության մեջ մեղադրվող Դավիթ Ղազինյանի դեմ քրեական գործը, ինչպես նաև միջնորդություն ներկայացրել ԿԸՀ՝ ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանին կալանավորելու համար։ Հանձնաժողովն այսօր քննարկեց, ապա ընդմիջեց Կարապետյանի հարցով նիստը․ այն կշարունակվի վաղն առավոտյան։
Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի 12 պատգամավորների մեծ մասը նախորդ գումարման խմբակցության անդամներ են: Քաղաքական ուժի առաջնորդ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այս անգամ էլ խորհրդարանում չի լինի, օրեր առաջ նա հրաժարվեց մանդատից։