Ծառուկյանը կալանավայրից անդրադարձել է իր հետ կապվող ընկերությունների փակմանը

Կալանավորված գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով իր հետ կապվող ընկերությունների գործունեության կասեցմանը։

«Աշխատող, բարիք ստեղծող ձեռնարկությունները կանգնեցվել են։ Հասկանո՞ւմ եք՝ դա ինչպիսի հարված է բիզնեսի ամբողջական ոլորտների և արդար քրտինքով վաստակող մարդկանց համար», - ասվում է գործարարի հայտարարությունում։

Նա պնդել է, որ իր դեմ հարուցված քրեական գործը որևէ առնչություն չունի այդ ընկերությունների հետ, և ինքը վաղուց չի մասնակցում դրանց կառավարմանը։

«Բոլորին հասկանալի է նաև, որ այդ ձեռնարկությունների ապօրինի կասեցումն արվում է ինձ ցավ պատճառելու համար։ Հույս ունեմ, որ բանականությունն ի վերջո կվերականգնվի, և չեն խոչընդոտի այդ ձեռնարկությունների աշխատանքին», - հայտարարել է Ծառուկյանը։

Նրա խոսքով՝ ընկերությունները աշխատանքով ապահովում են հազարավոր մարդկանց, իսկ դրանց հետ համագործակցող տասնյակ հազարավոր քաղաքացիների և այլ բիզնեսների գործունեությունը ևս տուժել է։

Ծառուկյանի ընտանիքին պատկանող մի շարք խոշոր ընկերություններ ավելի քան մեկ շաբաթ առաջ խուզարկվել և կապարակնքվել էին։ Իրավապահների գործողություններին զուգահեռ Ծառուկյանը ձերբակալվել, ապա կալանավորվել էր՝ խարդախության և փողերի լվացման մեղադրանքներով։

Ընկերությունների աշխատակիցները վերջին օրերին պարբերաբար բողոքի ակցիաներ են կազմակերպում՝ պահանջելով հանել կապարակնիքներն ու հնարավորություն տալ վերադառնալ աշխատանքի։ «Մուլտի տաբակ» և «Մուլտի Սթոուն» ընկերությունների աշխատակիցները նաև պնդում են, որ դեռ չեն ստացել հունիս ամսվա աշխատավարձը։

Քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, որ առանձնապես խոշոր չափերով խարդախության, փողերի լվացման և հարկերից խուսափելու դեպքերի քննության շրջանակում ավելի քան 70 հասցեում խուզարկություններ են իրականացվել։ Թե ինչու են ընկերությունների աշխատանքները երկար ժամանակով դադարեցվել և երբ կվերականգնվեն, իրավապահները դեռ չեն պարզաբանել։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ծառուկյանը «սարքովի գործ» է որակում մեղադրանքը, Փաշինյանը դեռ կատարված չի համարում իր խոստումըԱրարատի ցեմենտի գործարանը կվերագործարկվիԾառուկյանին պատկանող ընկերությունների աշխատակիցները բողոքի ակցիաների են դուրս եկելԵրևանի «Արարատ» կոնյակի, գինու և օղու կոմբինատի աշխատակիցները պահանջում են վերագործարկել գործարանը«Ընդամենը մեր աշխատանքն ենք ուզում». Ծառուկյանի ընկերությունների աշխատակիցների բողոքի ակցիաները«Ե՞րբ կհեռացնեն կապարակնիքը». Ծառուկյանի ընկերությունների աշխատակիցները շարունակում են ակցիաները