«Բարգավաճ Հայաստանը» մեղադրում է ԿԸՀ-ին կուսակցության հնարավոր մուտքը խորհրդարան կանխելու համար

Գագիկ Ծառուկյանի առաջնորդած «Բարգավաճ Հայաստանը» մեղադրում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին (ԿԸՀ) քաղաքական պատվեր կատարելու և կուսակցության հնարավոր մուտքը խորհրդարան կանխելու համար: Կուսակցությունը պատրաստվում է քաղաքական ու իրավական քայլեր ձեռնարկել, իրենց բնորոշմամբ, տեղի ունեցող ապօրինությունը թույլ չտալու համար:

«Վահագն Հովակիմյանի գլխավորությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը անմռունչ կերպով կյանքի կոչեց Նիկոլ Փաշինյանի ցանկությունը, այն է, թե թույլ չտալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը հաղթահարել անցողիկ շեմը», - ասաց ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը:

Երեկ ուշ երեկոյան Կենտրոնական ընտրական հանձնաժողովը անվավեր ճանաչեց երկու տեղամասի քվեարկության արդյունքներ: Այս որոշման պատճառով ձայներ կորցրեցին ինչպես ընդդիմադիր երեք ուժերը, այնպես էլ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը»: Բայց եթե «Ուժեղ Հայաստանի» և «Հայաստան» դաշինքի համար այս քվեների կորուստն ըստ էության էական չէ, բոլորովին այլ է պատկերը ՔՊ-ի և «Բարգավաճ Հայաստանի» համար: ԲՀԿ-ն կարող է դուրս մնալ խորհրդարանից, այդ դեպքում ՔՊ-ն խորհրդարանում կունենա պատգամավորների 3/5-ը, որից կզրկվի, եթե ԲՀԿ-ն անցնի:

«Հաշվարկել են, որ եթե արդեն իսկ 120 ձայնը վերականգնել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, այս երկու տեղամասերում ունի 200-ից ավելի ձայն, եթե այդ ձայները մենք անվավեր ենք հանում, ընտրատեղամասի արդյունքները անվավեր ճանաչելով, ավտոմատ կերպով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը այլևս խորհրդարանում չի հայտնվում», - ընդգծեց Տոնոյանը:

Ծառուկյանի կուսակցությունը դիմելու է դատարան ԿԸՀ որոշումը վիճարկելու հարցով, մի դիմում էլ ներկայացնելու են ընտրական հանձնաժողով՝ պահանջելով վերաքվեարկություն:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Սուրենյանց. ԿԸՀ-ն միտումնավոր չի հայտարարել երկու տեղամասերում վերաքվեարկության մասին

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածու Սուրեն Սուրենյանցը չի հերքում՝ 10/51 և 35/65 ընտրատեղամասերում խախտումներ եղել են, բայցև շեշտում է՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ այդ երկու տեղամասերում արդյունքները չեղարկելուն զուգահեռ պետք է նշանակեր վերաքվեարկություն:

«Մենք պահանջում ենք, որպեսզի կրկնակի քվեարկություն տեղի ունենա: Արդեն իրենք օրենք են խախտել, որովհետև սա պետք է արվել մեկ միասնական որոշում, արդեն կրկնակի քվեարկության որոշումը կայացված պետք է լիներ», - ասաց Սուրենյանցը:

Ընտրական օրենսգրքով՝ եթե ընտրությունների ընթացքում տեղի են ունեցել այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել արդյունքների վրա, ապա ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունում առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու մասին, իսկ եթե հնարավոր չէ շտկել այդ խախտումները, ապա Ազգային ժողովի ընտրություններն անվավեր են ճանաչվում, և նշանակվում է Ազգային ժողովի ընտրությունների վերաքվեարկություն:

Ինչ որոշում է կայացնելու Կենտրոնական ընտրական հանձնաժողովը. այս կառույցից հորդորում են սպասել մինչև կիրակի, երբ կամփոփվեն վերջնական արդյունքները:

Հանձնաժողովի մոտ ակցիա իրականացրած ԲՀԿ-ականները այսօր հանդիպեցին նաև ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանին, սակայն վերաքվեարկություն կնշանակվի, թե՞ ոչ, այդպես էլ չկարողացան պարզել. «Ինքը ասում է՝ «մենակ ես եմ ներկայացուցիչ, մենք կոլեգիալ կիրակի օրը հանրության առաջ կասենք», բայց ես ձեզ վստահեցնում եմ՝ այս կռիվը «Քաղաքացիական պայմանագիրը» տանում է միայն, որ «Բարգավաճ Հայաստանը» չանցնի, ինքը ունենա սահմանադրական մեծամասնություն»:

Եվ մինչ ընդդիմադիրները իշխանությանն են մեղադրում ընտրողի քվեն գողանալու համար, այսօր խորհրդարանում «Քաղաքացիական պայմանագրի» վարչության անդամ Տիգրան Ավինյանը հայտարարեց, թե ընդդիմությունը կամիր գիծ է հատել՝ բաժանելով ընտրակաշառք:

«Անկեղծ եմ ասում՝ ինձ նենց մեկ է «Բարգավաճ Հայաստանը» կանցնի, չի անցնի, ընտրակաշառք բաժանող «Բարգավաճ Հայաստանները», «Ուժեղ Հայաստանները», «Հայաստան» դաշինքները առհասարակ մեր քաղաքական կյանքում տեղ չպիտի ունենան, այդ տեսակ ուժերն առհասարակ չպիտի լինեն մեր քաղաքական դաշտում: Ընտրակաշառք բաժանողը, ընտրակեղծարարությամբ զբաղվողը Հայաստանի Հանրապետությունից պիտի արմատախիլ արվի», - հայտարարեց Ավինյանը:

«Բարգավաճ Հայաստանից» այսօր շեշտեցին՝ եթե վերաքվեարկություն չնշանակվի և իրենց՝ խորհրդարան անցնելու հարցը չլուծվի, նաև փողոցային պայքարի դուրս կգան. «Եթե Նիկոլ Փաշինյանը դադար չտա իրավական բեսպրիդելին ու էս կամայականություններին, կառավարական բոլոր շենքերն ու Երևանի փողոցները հեղեղվելու են տասնյակ հազարավոր մարդկանցով»:

Գագիկ Ծառուկյանը տեղի ունեցողին արձագանքել է ֆեյսբուքյան գրառմամբ, նա այսօր չէր մասնակցում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ անցկացված ակցիային: Իսկ նրա թիմակիցները նախկին ՔՊ-ական, այժմ ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանին անվանում էին նկարիչ, ընտրակեղծարար, անգամ նկարչական պարագաներ նվիրեցին ԿԸՀ նախագահին:

Թե ինչպես կհանգուցալուծվի «Բարգավաճ Հայաստանի» շուրջ իրավիճակը, պարզ կդառնա կիրակի օրը, երբ ամփոփվեն ընտրության վերջնական արդյունքները:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ING. «Ընտրությունների արդյունքները բարդացնում են սահմանադրական փոփոխությունների իրագործումը»«ՔՊ-ն չի հաղթել». «Ուժեղ Հայաստանը» պահանջում է անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել ևս մեկ ընտրատեղամասի քվեարկության արդյունքները«Նպատակը՝ ԲՀԿ-ին ԱԺ մտնել թույլ չտալն է». Ծառուկյանի ուժը սկսում է «քայլերի շարք»